Քաղաքական

Առեւանգւած ժողովրդավարութիւն. Հայաստանի կեղծւած խորհրդարանական ընտրութիւնները

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները կայացան յունիսի 7-ին՝ լայնածաւալ, համակարգային եւ փաստաթղթերով հաստատւած կեղծիքների պայմաններում։

Այս ընտրութիւնների նպատակը պարզապէս ժողովրդի ներկայացուցիչներին կամ երկրի ապագայ կողմնորոշումը որոշելը չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը լիովին գիտակցում էր, որ դրանց արդիւնքից է կախւած՝ կը շարունակի՞ ինքը եւս հինգ տարի միանձնեայ ղեկավարել երկիրը, թէ՞ կենթարկւի քրէական պատասխանատւութեան՝ Սահմանադրութիւնն ու հարիւրաւոր օրէնքներ խախտելու համար։

Գիտակցելով, որ սա պայքար է սեփական գոյատեւման համար՝ Փաշինեանը օգտագործեց իր տրամադրութեան տակ եղած բոլոր օրինական եւ անօրինական միջոցները՝ վերընտրւելու եւ բանտարկութիւնից խուսափելու համար։

Ընտրակեղծիքներն սկսւել էին դեռեւս քւէարկութեան օրւանից շատ առաջ: Ընտրութիւններին նախորդող ամիսներին կիրառւած մի շարք դրակոնեան միջոցառումների շրջանակներում Փաշինեանը հրամայեց ձերբակալել ընդդիմութեան հարիւրաւոր կողմնակիցների՝ նրանց մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մէջ: Այդուհանդերձ, ձերբակալւածներից ոչ մէկը մինչ այժմ չի դատւել կամ մեղաւոր չի ճանաչւել: Աւելին, առանց որեւէ իրաւական հիմքի, նա հրամայեց ձերբակալել ընդդիմութեան մի քանի պատգամաւորութեան թեկնածուների՝ նպատակ ունենալով տապալել նրանց նախընտրական քարոզարշաւը եւ վախեցնել նրանց կողմնակիցներին: Փաշինեանը նաեւ խախտեց օրէնսդրական պահանջը, ըստ որի՝ խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածուին ձերբակալելու համար անհրաժեշտ էր նախապէս ստանալ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի համաձայնութիւնը: Բացի այդ, նա արգելեց ընդդիմադիր առաջնորդներ Գագիկ Ծառուկեանին, Ռոբերտ Քոչարեանին եւ Նարեկ Կարապետեանին կարճատեւ ուղեւորութիւններով լքել երկիրը՝ կրկին առանց Կենտրոնական ընտրական յանձնաժողովի պահանջւող համաձայնութեան:

Փաշինեանը հրամայեց ձերբակալել յայտնի գործարար եւ բարերար Սամուէլ Կարապետեանին հէնց այն օրը, երբ վերջինս յայտնեց իր աջակցութիւնը Հայ Առաքելական Եկեղեցուն: Ամիսներ շարունակ նախնական կալանքի վայրում՝ ծանր պայմաններում գտնւելուց յետոյ, Կարապետեանը տեղափոխւեց տնային կալանքի: Այս քայլով Փաշինեանը փաստացի զրկեց քաղաքական խոշոր ընդդիմախօսին ընտրութիւններից առաջ իր կուսակցութեան օգտին քարոզարշաւ իրականացնելու հնարաւորութիւնից:

Ընտրութիւններին նախորդող շաբաթների ընթացքում Փաշինեանը շրջեց ողջ երկրով՝ իր քաղաքական քարոզարշաւի համար անօրինաբար օգտագործելով պետական հսկայական ռեսուրսները։ Նրան ուղեկցում էին կառավարութեան նախարարներ եւ խորհրդարանի ղեկավարներ, որոնք չարաշահում էին իրենց պաշտօնական դիրքերը՝ առանց արձակուրդ գնալու։

Հակառակ ընտրական օրէնսդրութեանը՝ կառավարութիւնը հարիւրաւոր դպրոցականների եւ ուսուցիչների ստիպեց դասաժամերին մասնակցել Փաշինեանի քարոզարշաւի հանրահաւաքներին՝ զանգւածային հանրային աջակցութեան պատրանք ստեղծելու նպատակով։ Նման պարտադիր ներկայութեան ենթարկւեցին նաեւ պետական աշխատողները:

Ընտրողների ցուցակների վերաբերեալ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը յայտարարել էր 2.5 միլիոն գրանցւած ընտրողների մասին՝ առաւելագոյնը երեք միլիոն բնակչութիւն ունեցող երկրում: Այս ցուցակներում ներառւած էին մեծ թւով 18 տարեկանից փոքր երեխաներ եւ հարիւր հազարաւոր հայեր, որոնք տարիներ առաջ արտագաղթել էին, սակայն նրանց անունները շարունակում էին մնալ ընտրողների ցուցակներում: Այս անհամապատասխանութիւնը լայն հնարաւորութիւն էր ստեղծում ընտրակեղծիքների համար, քանի որ կառավարութիւնը կարող էր քւէարկել բացակայ քաղաքացիների փոխարէն: Արդարեւ, մի շարք ընտրողներ, ժամանելով ընտրատեղամասեր, պարզել էին, որ իրենց փոխարէն ինչ-որ մէկն արդէն քւէարկել է:

Լրացուցիչ ընտրակեղծիքներ տեղի ունեցան, երբ իշխանութիւնները մեծ թւով զինւորների բերեցին ընտրատեղամասեր եւ հրահանգեցին նրանց քւէարկել վարչապետի կուսակցութեան օգտին: Այս զինւորները բազմակի քւէարկութիւն իրականացրեցին՝ տեղաշարժւելով մի քանի ընտրատեղամասերով՝ մարտավարութիւն, որը յայտնի է որպէս «կարուսելային քւէարկութիւն»:

Իշխանութիւնները խոչընդոտներ ստեղծեցին նաեւ Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք արտերկրից յատուկ եկել էին քւէարկութեանը մասնակցելու նպատակով։ Ժամանելուն պէս նրանցից շատերին անմիջապէս ուղարկեցին 25-օրեայ զինւորական հաւաքների՝ այդպիսով զրկելով նրանց ընտրական իրաւունքից։

Զարմանալիօրէն յունիսի 7-ին դեռեւս քւէարկութեան արդիւնքների փոքր մասը հաշւելուց յետոյ Փաշինեանը շտապեց յայտարարել, թէ իր կուսակցութիւնը ստացել է մեծամասնութիւն՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական յանձնաժողովի վրայ՝ իրեն յաղթող հռչակելու համար։

Յունիսի 8-ի նախնական հաշւարկից յետոյ լուրջ անհամապատասխանութիւններ ի յայտ եկան ընտրատեղամասերում արձանագրւած ձայների եւ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած ընդհանուր թւերի միջեւ։ Ընդդիմադիր կուսակցութիւնների օգտին տրւած հարիւրաւոր, եթէ ոչ հազարաւոր ձայներ պակաս էին հաշւարկւել։ Բոլոր երեք խոշոր ընդդիմադիր կուսակցութիւնները մերժեցին արդիւնքները՝ դրանք որակելով կեղծւած, եւ պահանջեցին նոր ընտրութիւններ ու դիմեցին Սահմանադրական դատարան։ Սակայն նոր ընտրութիւնները, ամենայն հաւանականութեամբ, կը բերէին նոյն արդիւնքը՝ կիրառւած նոյն կեղծ մեթոդների պատճառով։ Աւելին, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները նշանակւել են Փաշինեանի խորհրդարանական գործընկերների կողմից, ինչն արդիւնքների չեղարկումը գրեթէ անհնարին է դարձնում։ 

Յունիսի 14-ին՝ ընտրութիւններից ուղիղ մէկ շաբաթ անց, Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակեց վերջնական արդիւնքները։ Չնայած «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ներկայացրած փաստաթղթերին, որոնք ցոյց էին տալիս բազմաթիւ չհաշւարկւած ձայներ, Յանձնաժողովը պնդեց, որ կուսակցութեանը մի քանի ձայն է պակասել 4%-ի շեմը յաղթահարելու համար։ Արդիւնքում յայտարարւեց, որ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ստացել է ձայների 49.75%-ը՝ ապահովելով 64 խորհրդարանական մանդատ, «Հզօր Հայաստան» կուսակցութիւնը՝ 23.27%՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան դաշինքը»՝ 9.9%՝ 12 մանդատ։ Փաշինեանի կուսակցութիւնը ապահովեց խորհրդարանի մանդատների մօտ 60%-ը, չնայած ստացւած հանրային ձայների միայն 49%-ին, քանի որ մնացած 15 կուսակցութիւնները չյաղթահարեցին 4%-ի շեմը, եւ նրանց ձայները վերաբաշխւեցին՝ հիմնականում ի նպաստ Փաշինեանի կուսակցութեան։

Այնուամենայնիւ, Փաշինեանի կուսակցութեանը չյաջողւեց ապահովել անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնութիւնը՝ նախագահ Իլհամ Ալիեւի պահանջած նոր Սահմանադրութիւնն ընդունելու համար։ Հետեւաբար, Ադրբեջանը կը հրաժարւի ստորագրել Փաշինեանի կողմից լայնօրէն գովաբանւած Խաղաղութեան պայմանագիրը։ Այս արդիւնքը Փաշինեանին դնում է խիստ անյարմար դրութեան մէջ, քանի որ նա քարոզարշաւ էր վարում խաղաղութեան խոստման հիման վրայ՝ միաժամանակ ընդդիմութեանը մեղադրելով «պատերազմի կուսակցութիւններ» լինելու մէջ։

Անցած շաբաթւայ ընթացքում Հայաստանում ծաւալւել են լայնածաւալ քննարկումներ այն մասին, թէ արդեօք ընդդիմադիր կուսակցութիւնները պէտք է վերցնեն իրենց մանդատները կեղծւած խորհրդարանում, թէ՞ հրաժարւեն դրանցից եւ բոյկոտեն։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առաւելութիւններն ու թերութիւնները։ Առաջիկայում նրանք կը յայտարարեն իրենց որոշման մասին։

Անկախ նրանից, թէ ընդդիմադիր կուսակցութիւնները կորոշեն վերցնել մանդատները, թէ ոչ, նրանք պէտք է ձեռնարկեն հետեւեալ երկու կարեւոր քայլերը.

1․ Միաւորել բոլոր ընդդիմադիր ուժերին եւ համատեղ կոչ անել հարիւր հազարաւոր հայերի՝ ողողել Երեւանի եւ այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմէջ բողոքի ցոյցերի մինչեւ Փաշինեանի հրաժարականը։

2․ Ձեւաւորել «ստւերային կաբինետ»՝ընդդիմադիր քաղաքական գործիչներին նշանակելով ոչ պաշտօնական նախարարական պաշտօններում։ Այս կառոյցը կը ղեկավարի Փաշինեանին պաշտօնանկ անելու գործընթացը եւ կը նախապատրաստի իշխանութեան սահուն փոխանցումը նրա հեռացումից յետոյ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button