Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Քոչարեան. «Փաշինեանը կը կարողանայ, օրինակ, Ֆրանսիայում ապաստան գտնել, իսկ ՔՊ-ից մնացածը կը կարողանա՞ն. սա է խնդիրը»

«ԱԼԻՔ» – «Ես ոչինչ չեմ բացառում, այդ թւում արտահերթ ընտրութիւնները»: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը:

«Հիմա, երբ ամբողջ աշխարհում խախտւած են միջազգային իրաւունքի բոլոր նորմերը, այսինքն որեւէ միջազգային կանոն չի աշխատում, ով որ ինչ կարողանում է՝ անում է եւ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կը լինի, երբ կը լինի: Այսպէս կոչւած կառավարելի քաոսը շատ դէպքերում, հա, կառավարելիութեան շրջանակներից դուրս է գալիս»,-ասել է նա:

Հարցին՝ եթէ ֆորսմաժորային իրավիճակ լինի, Նիկոլ Փաշինեանը կը կարողանա՞յ որեւէ երկրում քաղաքական ապաստան գտնել, Կարէն Քոչարեանը պատասխանել է. «Դէ, եթէ Մակրոնի թեւը ընկած ման է գալիս, կարծում եմ առնւազն Ֆրանսիայում կը կարողանայ: Նիկոլ Փաշինեանը կը կարողանայ, իսկ մնացածը կը կարողանա՞ն, թէ չէ, այ սա է խնդիրը»:

Իշխանափոխութիւնից յետոյ բոլորը «կերգեն»

Զրոյցի ընթացքում քաղտեխնոլոգը նշել է, թէ ինչպէս են վարւելու ՔՊ-ականները հնարաւոր իշխանափոխութիւնից յետոյ՝ պատասխանելով հարցին՝ երբ իշխանափոխութիւն լինի, այդ ամէն ինչը ջրի երես դուրս կը գա՞յ. «Անպայման, բոլորը կերգեն, թէ ոնց են այդ մի միլիոնը տւել, 10 միլիոնը տւել: Չեն սպասի, որ իրենց ճնշեն, իրենք անձամբ կը գնան, կը սկսեն գրել, ոնց են իրենց ճնշել»:

Կարէն Քոչարեանի ներկայացմամբ, ամբողջ աշխարհում էլ կոռուպցիայի դէմ պայքարում են արտաքինից, սակայն իրականում դրանով հաւաքում կոմպրոմատ բոլորի վրայ, որպէս լինեն կառավարելի. «Այստեղ խնդիրն այն է, թէ դա ինչպէս են անում: Անում են երեւացող, անում են նուրբ, թէ անում են, օրինակ, կացնային ձեւով: Հիմա, երբ ընթրիք են կազմակերպում, դա կոռուպցիա է: Լոբբինգը եւս, որ ընդունւած է, կոռուպցիայի դրսեւորում է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ լաւ մանիպուլիատոր լինելու մասին խօսակցութիւններին, Կարէն Քոչարեանն ասել է. «Ասում են՝ Նիկոլ Փաշինեանը շատ լաւ մանիպուլիատոր է, բայց ինքը նաեւ հեշտ մանիպուլացւում է. դա գալիս է իր այդ կասկածամտութիւնից, որ ինքը ոչ մէկին չի վստահում:

Ես չգիտեմ՝ ինքը Աննային վստահում է, թէ ոչ: Այդ տոտալ կասկածամտութեան պայմաններում, երբ ինքը շրջապատւած է մարդկանցով, որոնց մէջ կան բաւականին լրջագոյն պալատական խաղերի մասնագէտներ, այդ պարագայում ասել, որ Յովիկ Աղազարեանի դէպքով ամէն ինչ կաւարտւի, ես ինձ վրայ նման բան ասելու պատասխանատւութիւն չեմ վերցնի, որովհետեւ կարծում եմ՝ չի վերջանայ»:

Աննա Յակոբեանի հակառէյտինգը շատ աւելի բարձր է, քան Նիկոլ Փաշինեանինը

Անդրադառնալով մամուլի տեղեկութիւններին, որ Աննա Յակոբեանին պատրաստում են որպէս Նիկոլ Փաշինեանի փոխարինող, քաղտեխնոլոգն արձագանգել է. «Դա բլեֆ է, ես դրան չեմ հաւատում: Աննա Յակոբեանի վարկանիշը աւելի ցածր է Նիկոլ Փաշինեանի վարկանիշից, ընդորում շատ-շատ աւելի ցածր եւ հակառէյտինգը շատ աւելի բարձր է, քան անգամ Նիկոլ Փաշինեանինը։ Չեմ հաւատում, որ իրենք չունեն այդ տւեալները եւ ես չեմ համարում իրենց հիմար, որ այդքանը իմանալով փորձեն գնալ հակառակ ուղղութեամբ»:

Քոչարեանի խօսքով՝ այսօր ՀՀ իշխանութիւնը չունի էլեկտորատ, ունի ոստիկանութիւն եւ ունի ֆրակցիա. «Սրանցից ցանկացածի անհնազանդութիւնը կարող է բերել լուրջ հետեւանքների իրենց համար»:

Related Articles

Back to top button