Այլ

Աւոկադոն բարելաւում է արեան լիպիդային պրոֆիլը՝ նւազեցնելով սրտի հիւանդութիւնների վտանգը

Նոր Հարաւային Վելսի (Աւստրալիա) գիտնականները յայտնաբերել են, որ աւոկադոն նւազեցնում է «վնասակար» խոլեստերինի մակարդակն օրգանիզմում՝ դրանով իսկ պաշտպանելով սրտի եւ անօթների հիւանդութիւններից։  Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Nutrition (JN) ամսագրում։

Սննդաբան Մայքլ Նելսոնը, որը հետազօտութեան հեղինակներից է, յայտնել է, որ աւոկադոյի մշտական օգտագործումը կարող է զգալիօրէն բարելաւել լիպիդային պրոֆիլը եւ դառնալ սիրտ-անօթային հիւանդութիւնների կանխման կարեւոր մասը։ Նրա խօսքով՝ այդ մթերքը նաեւ դրական ազդեցութիւն է գործում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրայ։

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ աւոկադոն նւազեցնում է լիպոպրոտէինային ցածր խտութեան «վատ խոլեստերինի» մակարդակը, որը նպաստում է բշտերի առաջացմանը անօթների պատերին։ Դրա խտութեան կրճատումը օրգանիզմում թոյլ է տալիս պահպանել անօթների առաձգականութիւնը եւ արեան նորմալ շրջանառութիւնը՝ պաշտպանելով միոկարդի ինֆարկտից եւ ինսուլտից։

Աւոկադոն նաեւ համարւում է կալիումի, մագնիումի, К եւ Е վիտամինների, ինչպէս նաեւ ֆոլաթթւի հարուստ աղբիւր։ Այդ մթերքը բուսակերների խոհանոցի կարեւոր բաղադրիչն է եւ հիմնական օգտակար մասը մեքսիկական գուակամոլէ կերակրի համար, որը պատրաստւում է աւոկադոյի ճզմած փափկամսից՝ լայմով եւ համեմունքներով։

Աւստրալացի փորձագէտները նաեւ ընդգծում են, որ աւոկադոյի մշտական ներառումը սննդաբաժնում կարող է օգտակար լինել ոչ միան սիրտ-անօթային համակարգի, այլեւ տեսողութեան համար՝ շնորհիւ դրանում հակաօքսիդանտների բարձր պարունակութեան։

News.am

Related Articles

Back to top button