50 տարւայ ընթացքում առաջին անգամ փորձագէտները ցանկանում են սննդային մանրաթելը «անփոխարինելի» սննդանիւթ ճանաչել

Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը եւ սննդային մանրաթելը պաշտօնապէս անփոխարինելի սննդանիւթ ճանաչել։
Սա առաջին դէպքն է, երբ աւելի քան 50 տարւայ ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանիւթ աւելացում է կատարւել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանիւթեր եւ որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակութիւն ունեն առողջութեան համար։
Nature Food-ում հրապարակւած համապատասխան յօդւածի հեղինակները նշում են, որ վերջին տասնամեակների ընթացքում սննդային մանրաթելի ֆիզիոլոգիայի, քիմիական կազմի եւ նիւթափոխանակութեան ազդեցութեան վերաբերեալ կուտակւած տւեալները թոյլ են տալիս եզրակացնել, որ մանրաթելն իսկապէս համապատասխանում է անհրաժեշտ սննդանիւթերի համար սովորաբար կիրառւող չափանիշներին։ Մասնաւորապէս, օրգանիզմն այն չի արտադրում, սակայն դրա բացակայութիւնը բացասաբար է ազդում առողջութեան վրայ, եւ դրա սպառման աւելացումը, ինչպէս ցոյց է տրւել, սերտօրէն կապւած է հիմնական ցուցանիշների բարելաւման հետ։
Հետազօտողներն ընդգծում են, որ սննդային մանրաթելերի աւելացւած ընդունումը կապւած է երկարաժամկէտ հեռանկարում քաշի, խոլեստերինի, արեան մէջ շաքարի եւ արեան ճնշման ցածր մակարդակի, ինչպէս նաեւ սրտանօթային հիւանդութիւնների, 2-րդ տիպի շաքարախտի եւ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի նւազման հետ: Մարդիկ, որոնք սննդի մէջ յաճախակի են օգտագործում մանրաթելեր, նրանց աւելի քիչ է սպառնում վաղաժամ մահւան վտանգը։
Աղիքային միկրոֆլորան կարեւոր դեր է խաղում այդ յարաբերութիւններում. օգտակար մանրէների մեծ մասը սնւում է սննդային մանրաթելով, իսկ դրա մետաբոլիտներն օգնում են ամրապնդել իմունային համակարգը եւ պաշտպանել աղիքային լորձաթաղանթը: Հէնց այդ փոխազդեցութիւնն է դարձել մանրաթելը որպէս լիարժէք սննդանիւթ ճանաչելու փաստարկներից մէկը։
Փորձագէտները նշում են, որ սննդային մանրաթելերի ներառումը միջազգային յանձնարարականներում որպէս «անփոխարինելի» սննդային բաղադրիչ լայն ազդեցութիւն կունենայ հասարակութեան վրայ. այն կը խրախուսի ամբողջական բուսական սննդամթերքների, մասնաւորապէս՝ անխառն հացահատիկների, լոբազգիների, բանջարեղէնի եւ մրգերի վրայ աւելի մեծ շեշտադրում կատարել սննդային ուղեցոյցներում, կրթութեան եւ սննդի պիտակաւորման մէջ, եւ կարող է միաժամանակ նպաստել աւելի բարձր մանրաթելային պարունակութեամբ արդիւնաբերական արտադրանքի վերաձեւակերպմանը։
News.am



