Այլ

Խաղողը պաշտպանում է օրգանիզմը մահւան գլխաւոր պատճառից

Ընդամէնը մէկ քաղցր մրգի օգտագործումը կարող է կանխել ինֆարկտը կամ ինսուլտը, վկայում են նոր հետազօտութեան արդիւնքները, գրել է The Mirror-ը։

Խօսքը խաղողի մասին է, որը հարուստ է  կենսաբանօրէն ակտիւ միացութիւններով, որոնք բարելաւում են աղիների միկրոբիոտայի վիճակը եւ նւազեցնում խոլեստերինի մակարդակը։

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ընդամէնը չորս շաբաթ խաղողի կանոնաւոր օգտագործումը նկատելի արդիւնք է ունեցել այն մարդկանց մօտ, որոնց կերակրացանկում քիչ են եղել բանջարեղէնները։ Սննդակարգի այս պարզ փոփոխութիւնը կարող է նւազեցնել սիրտ-անոթային հիւանդութիւնների՝ աշխարհում մահւան առաջատար պատճառի վտանգը։

Խաղողը պարունակում է հզօր հակաօքսիդանտներ, որոնք նւազեցնում են բորբոքումը։ Հետազօտութեան ղեկավար, պրոֆեսոր Չժաոպին Լին Լոս Անջելէսի Կալիֆորնիական համալսարանից նշել է. «Խաղողը բարձրացնում է աղիքային մանրէների բազմազանութիւնը եւ նւազեցնում խոլեստերինի մակարդակը»։

Գիտնականները հետեւել են 21-55 տարեկան մասնակիցներին, որոնք ամէն օր կերել են խաղողի մոտ 40 հատիկին համարժէք քանակութիւն կամ երկու բաժին՝ միաժամանակ պահպանելով ցածր քանակութեամբ բջջանիւթ եւ բուսական միացութիւններ՝ պոլիֆենոլներ պարունակող սննդակարգ ինչպէս փորձն սկսելուց առաջ, այնպէս էլ դրա ընթացքում։ Արդէն մէկ ամիս անց մասնակիցների մօտ զգալիօրէն բարձրացել է միկրոբիոմի՝ առողջութեան համար կենսականօրէն կարեւոր տրիլիոնաւոր միկրոօրգանիզմների բազմազանութիւնը։

«Վատ» խոլեստերինի մակարդակը իջել է մօտ 8 տոկոսով, իսկ լեղաթթուները, որոնք նպաստում են դրա կուտակմանը, կրճատւել են աւելի քան 40 տոկոսով։ Այդ վնասակար ճարպերը կարող են հանգեցնել թրոմբների առաջացման, որոնք խցանում են անոթները եւ խախտում արեան մատակարարումը սրտին կամ ուղեղին։

Աւելացած մանրէների թւում է եղել Akkermansia-ն, միկրոօրգանիզմ, որը կարող է քայքայել շաքարը եւ խոլեստերինը եւ ամրացնել աղիների լորձաթաղանթը։ «Մենք յայտնաբերեցինք, որ խաղողը նպաստաւոր ազդեցութիւն է ունենում աղիքային միկրոբիոտայի վրայ, իսկ առողջ աղիները կարեւոր նշանակութիւն ունեն օրգանիզմի ընդհանուր վիճակի համար»,- ընդգծել է պրոֆեսոր Լին։

 Նրա խօսքով՝ հետազօտութիւնն ընդլայնում է պատկերացումները խաղողի օգտակարութեան մասին եւ հաստատում նրա դրական ազդեցութիւնը սրտի առողջութեան վրայ, ներառեալ խոլեստերինի մակարդակն իջեցնելու յատկութիւնը։ Աւելի վաղ կատարւած հետազօտութիւններում խաղողը նաեւ կապել են քաշի տարիքային աւելացման եւ լիբիդոյի բարելաւման հետ։

«Խաղողը պոլիֆենոլների եւ բջջանիւթի հարուստ աղբիւր է։ Ընդհանուր առմամբ, մեր արդիւնքները նոր նախնական տւեալներ են տալիս աղիների միկրոբիոմի, խոլեստերինի մակարդակի եւ լեղաթթուների փոխանակութեան վրայ խաղողի ազդեցութեան մասին»,- ընդգծել է պրոֆեսոր Լին։

News.am

Related Articles

Back to top button