Հայաստան - ԱրցախՔաղաքական

Րաֆֆի Ասլանեան. «Հայրենակործանները մտել են մի թեմայի մէջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»»

Փաստաբան Րաֆֆի Ասլանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Որքան էլ տարօրինակ է, գերազանցապէս դասալիքներից բաղկացած ՀՀ իշխանութեան ներկայացուցիչներն ու քարոզիչներն այլ հայրենակիցների՝ բանակում ծառայած չլինելը վերջին օրերին դարձրել են «մատի փաթաթան»։ Բանակում ծառայած լինել-չլինելը դեռեւս ոչինչ չի նշանակում, պէտք է հասկանալ, թէ մարդն ինչո՞ւ չի ծառայել, օրինակ՝ եթէ կեանքն իսկապէս գիտութեանը, կրթութեանն է տւել, ունի իրական գիտական նւաճումներ, աստիճաններ, կոչումներ, ապա դա եւս հայրենիքին ծառայելու մի միջոց է, կամ մարդը կարող է իսկապէս վատառողջ լինել, ծառայութեան համար ոչ պիտանի։ Բացի այդ, պարզապէս ծառայութեան վերաբերեալ զինգրքոյկ ունենալը դեռեւս չի նշանակում ծառայել։ Չմոռանանք, որ շատ-շատերը ծառայել են արտօնեալ պայմաններում կամ բացառապէս Երեւան քաղաքում տեղակայւած զօրամասերում. ինչպէս զինւորականներն են սիրում ասել՝ «ասֆալտի ծառայողներ են»։ Թող ոչ մէկ չնեղանայ, ես սեփական ծառայութեան վրայ կը բերեմ օրինակը. ԲՈՒՀ-ն աւարտելուց յետոյ, 22 տարի առաջ զօրակոչւել եւ ծառայել եմ՝ որպէս ՀՀ զինւած ուժերի սպայ, ծառայութիւնս անցկացրել եմ բանակային կորպուսում՝ որպէս աւագ սպայ-իրաւաբան, մասնակցել եմ մարտական հերթապահութիւնների կազմակերպմանը, զօրամասերի, մարտական յենակէտերի յանկարծակի եւ պլանային ստուգումներին, իրականացրել եմ շուրջ մէկ տասնեակ հազարի զինանձնակազմ ունեցող զօրամիաւորման ծառայողական քննութիւնների գերակշիռ մասը, մէկ ու կէս տարի փաստացի փոխարինել եմ ԲԿ հրամանատարի՝ ԱՀՏ աշխատանքների գծով տեղակալին, մարտական հերթափոխի ժամանակ անձնակազմի ուղեկցման կամ պարզապէս ստուգման նպատակով եղել եմ ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի կազմում ընդգրկւած բոլոր զօրամասերի պահպանութեան տեղամասերի շուրջ 200-ի հասնող անխտիր բոլոր մարտական յենակէտերում՝ X գնդի «Ճայ» յենակէտերի թեւից մինչեւ Y գնդի «Ծիրանիձոր», «Սոյուղ» մարտական յենակէտեր եւ այլն։ Սակայն ինքս ինձ զինւորական չեմ համարում, նոյնիսկ իմ ծառայութիւնը երբեք չեմ կարող համեմատել ընդհուպ մարտական հերթապահութիւն իրականացնող դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարի ծառայութեան հետ, անմիջականօրէն մարտական յենակէտում հերթապահութեան ընդգրկւած զինւորի ծառայութեան հետ, քանի որ, ի տարբերութիւն նրանց, ես երբեք զէնքով հակառակորդի առջեւ չեմ կանգնել, մահս աչքիս առջեւով չի անցել, ձմռան բքին ու ցրտին, դժւարին պայմաններում մարտական դիտակէտում զգօն կանգնած չեմ եղել, նոյն պայմաններում յենակէտում հերթափոխով չեմ գիշերել, հակառակորդի հետ փոխհրաձգութեան մէջ չեմ մտել։ Ես, ընդամէնը կորպուսի վարչակազմի սպայի կարգավիճակում, ստուգել եմ այդ մարդկանց ծառայութեան իրաւական մասը, միջադէպերի պարագայում տւել եմ նրանց վարքագծի կարգապահական գնահատման վերաբերեալ կարծիք-եզրակացութիւն, իհարկէ նաեւ երբեմն գիշերել եմ մարտական յենակէտերում, Աստւած մի արասցէ՝ զինւորների զոհւելուց յետոյ հնարաւոր ամենակարճ ժամկէտում հասել եմ այնտեղ՝ հանգամանքները պարզելու նպատակով, շատ հազւադէպ այնտեղ եմ գտնւել նաեւ իրավիճակի սրացման ժամանակ։ Այնուամենայնիւ, դարձեալ արձանագրեմ, որ իսկական զինւորական ծառայութիւնը ինձ համար Արցախի ու Հայաստանի սահմաններն իրենց կեանքով անառիկ պահելուն պատրաստ՝ մարտական յենակէտերում ընդգրկւած զինւորների ու նրանց հրամանատարների, արցախեան պատերազմների իրական մասնակիցների ծառայութիւնն է։ Եւ եթէ շարժւենք նշածս չափանիշով, ապա ՔՊ-ից ու նրա քարոզիչներից վստահաբար 0 թիւը դուրս կը գայ, էլ չեմ խօսում բանակից բացայայտօրէն «թռածների» նրանց գերակշիռ թւի մասին։ Ուստի ինձ զարմացնում է, որ հայրենակործանները մտել են մի թեմայի մէջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»։ Կամ, եթէ զինւորական ծառայութիւնն է գերակայում պաշտօնեայի բոլոր միւս յատկանիշների նկատմամբ, ապա ինչո՞ւ է ձեր շէֆը պնդում, որ բանակն ունի չորրորդական նշանակութիւն՝ երկրի անվտանգութեան ապահովման հարցում կամ արցախեան առաջին պատերազմի ամենաթէժ պահին, երկու եղբայրների՝ խորհրդային բանակում ծառայած լինելու հիմքով, զինծառայութիւնից ազատւած ձեր շէֆն ի՞նչ գործ ունի ՀՀ ղեկավարի աթոռում:

Yerkir.am

Related Articles

Back to top button