ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Կասպից ծովում համատեղ պարեկութեան հարցը

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Ռուսաստանի զինւորական հրամանատարութիւնների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջեւ ռազմածովային համագործակցութեան սերտացման ծրագրերը, ներառեալ Կասպից ծովում եւ Իրանի հարաւային ջրերում համատեղ ծովային պարեկութեան հարցը:

ՌԴ ՊՆ տեղակալ, գեներալ Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Չինաստանում Պեկին Սեանշեանի 11-րդ համաժողովի շրջանակներում, Իրանի բանակի գլխաւոր հրամանատարի համակարգման գծով տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայարին Կասպից ծովն անւանել է խաղաղութեան եւ բարեկամութեան ծով:

Նա նաեւ ընդգծել է հաւաքական անվտանգութիւնն ապահովելու համար մերձկասպեան երկրների ջանքերի միաւորման անհրաժեշտութիւնն՝ առանց արտատարածաշրջանային երկրների մասնակցութեան։

Երկու երկրների բարձրաստիճան զինւորականները նաեւ քննարկել են Կասպից ծովում եւ Իրանի հարաւային ջրերում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմածովային համագործակցութեան ընդլայնման ծրագրերը, ինչպիսիք են համատեղ ծովային պարեկութիւնը եւ համատեղ ռազմածովային զօրավարժութիւնները:

Քննարկւել են նաեւ «Հիւսիս-հարաւ» միջանցքի իրականացման ընթացքում երկու երկրների ռազմավարական շահերի պաշտպանութեան ուղիները։ 

Related Articles

Back to top button