Վարդան Օսկանեան. «Միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշւով նաեւ ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու. այստեղ շահողը Ադրբեջանն ու Թուրքիան են»

Վերջին շրջանում Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցութիւն ապահովող միջանցքի տրամադրման վերաբերեալ այս հարթակում տեղադրւած կէս տասնեակ յօդւածներում իմ արտայայտած բոլոր մտահոգութիւնները այժմ լիովին հաստատւել են վերջերս հրապարակւած նոր փաստաթղթով։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը։
«Այս փաստաթուղթը պէտք է դիտարկել օգոստոսի 8-ին ստորագրւած երկկողմ եւ եռակողմ համաձայնութիւնների համատեքստում, որտեղ, ի լռումն ընդհանուր ապաշրջափակման դրոյթի, առանձին կէտով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ եւ անխափան հաղորդակցութիւն Նախիջեւանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է։
Դժւար է բառեր գտնել՝ հասկանալու, ապա նկարագրելու համար, թէ որքան ապաշնորհ ու անտեղեակ պէտք է լինել միջազգային յարաբերութիւններում, որքան անլեզու պէտք է լինել, որպէսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանութեան հաշւին, Ադրբեջանի երկու հատւածները կապող միջանցքը 46 տարի ժամկէտով յանձնւի երրորդ երկրի տնօրինութեանը, եւ նոյնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին յատկացւի ընդամէնը 26 տոկոս։
Սա Հայաստանի ողորմելիութեան ինդեքսն է՝ 26։ Ցանկացած այլ բանակցող, գոնէ երկու բառ իրար կապելու ունակ, այս՝ առանց այն էլ Հայաստանի ինքնիշխանութիւնը խաթարող նախագծում, առնւազն 50 տոկոս կը պահանջէր։ Երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, որ այս պայմանները բանակցողները խօսքի արւեստին չեն տիրապետում։ Նրանց առաջ պայման են դնում, իրենք՝ գլխով են անում։ Սա է ողջ «բանակցութիւնը»։
Ցանկացած բանակցութիւն կառուցւում է հետեւեալ պարզ տրամաբանութեամբ. հնչում է առաջարկ, միւս կողմը փորձում է բանակցել աւելի լաւ պայմաններ։ Լաւ բանակցողը կարողանում է, վատ բանակցողը՝ ոչ։ Եթէ 26 տոկոս մասնաբաժինը ներկայացւում է որպէս յաղթական արդիւնք, ապա գուցէ ի սկզբանէ Հայաստանին սեփական երկրում, սուվերեն հողի վրայ, էլ աւելի փոքր մասնաբաժին են առաջարկել, ենթադրենք՝ 15 տոկոս, եւ ԱԳՆ-ն «հերոսաբար» բանակցել է՝ այն բարձրացնելով ոչ պակաս ստորացուցիչ 26 տոկոսի։ Կամ եթէ ի սկզբանէ արդէն 26 տոկոս են առաջարկել, հայկական կողմը լուռ համաձայնել է՝ առանց որեւէ բանակցութեան։
Ցանկացած դէպքում Հայաստանի ողորմելիութեան այս ինդեքսը միաժամանակ երկու բան է նշանակում. առաջին՝ առաջարկը ձեւակերպող կողմն այսքանով է գնահատում Հայաստանի իրաւունքը սեփական հողի վրայ, երկրորդ՝ առաջարկն ընդունող կողմն այնքան անկարող է բանակցելու, որ դա համարում է ձեռքբերում։
Այս բոլորը նշելով հանդերձ՝ կրկնեմ առաջին օրւանից իմ դիրքորոշումը այս հարցում․ ի սկզբանէ ճիշտ կողմնորոշւելու դէպքում՝ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի բացակայութեան պայմաններում, միջանցքի հարցը օրակարգում ընդհանրապէս չպէտք է լինէր։
Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշւով նաեւ ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու։ Սրա մէջ միակ շահագրգռւածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լաւ, կարելի՞ էր գոնէ նման գործարքին համաձայնելիս առնւազն 50+ տոկոս մասնաբաժին ստանալ։ 26 տոկոսը այն ողորմելի կրճոնն է, որ կը տային նոյնիսկ բացարձակ համր բանակցողին։ Ահա եւ ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը՝ ողորմելիութեան ինդեքսը աշխարհի քարտէզի վրայ»։
YerevanToday



