Գիտնականները կապ են յայտնաբերել նիւթափոխանակութեան եւ իմունիտետի ժառանգական հիւանդութիւնների միջեւ
Science Immunology ամսագրում հրապարակւած նոր հետազօտութեան համաձայն, նիւթափոխանակութեան եւ իմունիտետի ժառանգական հիւանդությոիւններն աւելի շատ ընդհանրութիւններ ունեն, քան նախկինում ենթադրւում էր: Ստացւած տւեալները բացայայտել են նիւթափոխանակութեան գեների նոր խումբ, որոնք կարեւոր են իմունային համակարգի T բջիջների գործունէութեան համար եւ պատկերացում են տալիս, թէ ինչպէս կարելի է բարելաւել այս հիւանդութիւններով տառապողների խնամքը:
Հետազօտութեան ընթացքում ուսումնասիրւել են այն գեները, որոնք առաջացնում են նիւթափոխանակութեան բնածին խանգարումներ (բջիջների կողմից սնունդը էներգիայի վերածելու գործընթացների խանգարումներ) եւ իմունային համակարգի բնածին խանգարումներ (խանգարումներ, որոնք ազդում են իմունային համակարգի աշխատանքի վրայ): Այս հազւագիւտ եւ բարդ հիւանդութիւնները լաւ ուսումնասիրւած չեն:
«Նախկինում երկու հիւանդութիւնների ցանկում կային միայն սակաւաթիւ գեներ, բայց մենք պարզեցինք, որ դրանցից շատերը համընկնում են, – ասում է ուսումնասիրութեան գիտաշխատակից Էնդրու Պատերսոնը:- Մեր ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ մեծ թւով գեներ, որոնք կապւած են նիւթափոխանակութեան բնածին խանգարումների հետ, կարող են ազդել նաեւ T բջիջների ֆունկցիայի վրայ, երբ դրանք մուտացիայի են ենթարկւում»:
Ստացւած տւեալները վկայում են, որ նիւթափոխանակութեան բնածին խանգարմամբ հիւանդները կարող են ունենալ նաեւ իմունային արատներ, որոնք կարող են ազդել նրանց բուժման վրայ, եւ, ընդհակառակը, նիւթափոխանակութեան արատները կարող են նպաստել իմունիտետի բնածին խանգարմամբ հիւանդների մօտ ախտանիշների առաջացմանը:
Ըստ գիտնականների՝ այս հիւանդութիւնները տարբեր կատեգորիաներ չեն, այլ մեկ ամբողջութեան մաս. դրանց միջեւ գոյութիւն ունի գորշ գօտի եւ իմունանիւթափոխանակութեան բնածին խանգարումների նոր դաս, որը հատում է այն: