Հայաստան - Արցախ

Ինչպիսի՞ն կը լինի յաջորդ պատերազմը

Իմ բարեկամներից մէկը 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ արեց հետեւեալ կանխատեսումը. յաջորդ պատերազմը, շատ հաւանական է, լինելու է արհեստական ինտելեկտի հիման վրայ ստեղծւած զէքերով: Հետեւաբար, եթէ մենք պատրաստւենք ԱԹՍ-ից պաշտպանւելու կամ դրանցով յարձակւելու գործողութիւններին, ապա կարող ենք կրկին պարտւել:

Ինչպէս յայտնի է, գեներալները միշտ պատրաստւում են նախորդ պատերազմին, ինչից պարզ է, որ այդ նախապատրաստութիւնը պէտք չէ թողնել միայն զինւորականների վրայ: Լայնամասշտաբ պատերազմը վարում են ոչ թէ գեներալները, այլ պետութիւններն՝ իրենց քաղաքական ղեկավարութեան գլխաւորութեամբ՝ մի հանգամանք, որը, յայտնի պատճառներով, կտրականապէս հերքում է Հայաստանի ներկայիս իշխանութիւնը:

Եթէ իմ ծանօթի առաջ քաշած տեսութիւնը ճիշտ է, ապա այն խօսակցութիւնները, թէ իբր Ֆրանսիայի տւած զէնքը «փակելու է օդը», այնքան էլ տեղին չեն: Նախ՝ պարզ չէ, թէ արդեօք Ֆրանսիան մեզ իսկապէս նման զէնք է տալի՞ս, երկրորդ՝ ինչո՞ւ այդպիսի զէնք ունեցող Իսրայէլը չկարողացաւ իր «օդը փակել»:

Հակաօդային պաշտպանութիւնը, մի խօսքով, իհարկէ, անհրաժեշտ է, բայց՝ ոչ բաւարար: Այժմ մարդկութիւնը մօտ է կանգնած շատ աւելի սարսափելի զէնքերի ստեղծմանը: Արհեստական ինտելեկտի հետ կապւած կայ մի կարեւոր խնդիր, որն, անշուշտ, գլոբալ է: Առաջին անգամ կարող է ասպարէզ բերւել մի զէնք, որի կիրառումն ամբողջութեամբ կախւած չէ մարդկային գործօնից: Այժմ խոշոր տէրութիւններն իրար սպառնում են միջուկային մարտագլխիկներ ունեցող հրթիռներով: Բայց նոյնիսկ ատոմային ռումբի դէպքում մարդիկ են որոշում, թէ երբ, որտեղ եւ ինչպէս այն կիրառել:

Արհեստական ինտելեկտը ստեղծում է իր սեփական բովանդակութիւնը, օրակարգը, ինքնուրոյն է գտնում լուծումները: Եթէ պետութիւնները խիստ միջոցներ չկիրառեն, ապա այդ ոլորտի ռազմական բաղադրիչի զարգացումը կարող է բերել անկանխատեսելի եւ շատ աւելի ողբերգական, քան միջուկային զէնքն է, հետեւանքների: Մանաւանդ այսօր՝ ըստ էութեան, ընթացող համաշխարհային պատերազմի պայմաններում:

Դա կանխելու համար բազմաթիւ քայլեր են անհրաժեշտ: Դրանցից մէկն այն է, որ պետութիւնների ղեկավարները, որոշում ընդունողները, ոլորտը զարգացնողները պէտք է աւելի ուշադիր լսեն փորձագէտներին, գիտնականներին, մտաւորականներին, նաեւ՝ հումանիտար ոլորտի ներկայացուցիչներին:

Հայաստանում, յամենայնդէպս, դա անիրատեսական է հնչում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Առաւօտ»

Related Articles

Back to top button