Միջազգային

Ադրբեջանը «փափուկ բարձ» է դնում Երեւանի եւ միջազգային հանրութեան «գլխի տակ»՝ փորձելով քաղաքական գործընթացը լիովին տեղափոխել ուղիղ ձեւաչափը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Euronews հեռուստակայանին տւած ծաւալուն հարցազրոյցում խօսել է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին՝ համոզմունք յայտնելով, թէ չի տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման համար:

«Ես լաւատեսօրէն էի տրամադրւած ժամկէտների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ առաջարկութիւններ ենք փոխանակել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի նախնական տարբերակի վերաբերեալ, որն Ադրբեջանն է մշակել, եւ որի շուրջ կողմերը վեց անգամ մեկնաբանութիւններ են փոխանակել»,- ասել է Ալիեւը: Նրա պնդմամբ, հիմա, երբ, ինչպէս Ադրբեջանի ղեկավարն է ձեւակերպել՝ «Ղարաբաղի խնդիրը փակ է», Հայաստանն աւելի պատրաստ կը լինի գալ համաձայնութեան:

«Մեր ինքնիշխանութեան վերականգնումից եւ Ղարաբաղում անօրինական անջատական ռեժիմի լուծարումից յետոյ, կարծում եմ, Հայաստանը բանակցային գործընթացում աւելի համարձակ կարող է լինել, քանի որ վերացել է դա խոչընդոտող հիմնական գործօնը»,- նշել է Ալիեւը:

Նրա խօսքով՝ եթէ խաղաղութեան պայմանագիր չստորագրւի, դա շատ վատ կը լինի ամբողջ տարածաշրջանի համար: Հարաւային Կովկասը պէտք է պաշտպանւած լինի ցանկացած վտանգից:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն այսօր եւ ապագայում էլ երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականութիւնը եւ ամբողջութեամբ հրաժարւի որեւէ տարածքային յաւակնութիւնից Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Օրերս էլ Արցախեան հիմնահարցի պատմութեան ընթացքում առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը համատեղ յայտարարութիւն տարածեցին՝ հումանիտար բնոյթի, յայտարարելով Հայաստանի կողմից՝ երկու ադրբեջանցի զինծառայողի, իսկ Ադրբեջանի կողմից՝ 32 հայ գերիների վերադարձի մասին։

168.am-ի հետ զրոյցում եւրոպացի վերլուծաբան Սիւզան Ստիւարտն ասաց, որ համատեղ յայտարարութիւնն իրականում մեծ ուշադրութեան արժանացաւ միջազգային հանրութեան կողմից, քանի որ բացառիկ երեւոյթ էր։

Նրա արձանագրմամբ, առաջին անգամ էր, երբ կողմերը որեւէ փաստաթուղթ կամ յայտարարութիւն են համաձայնեցնում ուղիղ ձեւաչափով՝ առանց միջնորդների, ինչը որոշակի մթնոլորտի մասին խօսում է։

«Սակայն լուրջ լաւատեսութեան համար, կարծում եմ, միայն այս յայտարարութիւնը չափազանց քիչ է, եւ չէի շտապի գնահատականներ տալ, քանի որ շատ հարցերի շուրջ, որոնք կարեւոր ու սկզբունքային են կողմերի համար, չկայ համաձայնութիւն։ Աւելին, յայտնի չէ, թէ ինչ միջնորդութեամբ եւ իրավիճակում են համաձայնեցրել Հայաստանն ու Ադրբեջանն այս յայտարարութիւնը։ Կողմերը նաեւ յստակ համաձայնութիւն չունեն այն հարցի վերաբերեալ, թէ որտեղ են բանակցելու եւ ստորագրելու համաձայնագիրը, չկայ յստակութիւն տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցւածքների ու սահմանազատման վերաբերեալ, սահմանին պատահում են միջադէպեր։ Կարծում եմ՝ այս յայտարարութիւնը պէտք է դիտարկել՝ որպէս առանձին մի դրւագ, քանի որ դեռ պէտք է հասկանալ, թէ արդեօք կողմերին յաջողւո՞ւմ է այս մի մարդասիրական նախաձեռնութիւնը տեղափոխել լուրջ հարցերի դաշտ՝ քաղաքական դաշտ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խօսքով, ակնյայտ է մէկ բան, որ Ադրբեջանը ձգտում է բոլոր միջնորդներին դուրս բերել գործընթացից եւ Երեւանի հետ բանակցել միայնակ, իսկ Երեւանը ձգտում է միջնորդութեան՝ արեւմտեան ներկայութեան տեսքով։

«Այս յայտարարութիւնը եւ Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլն ամենայն հաւանականութեամբ նպատակ ունի ցոյց տալու, որ ուղիղ բանակցութիւնները կարող են յաջողւել Երեւանի ու Բաքւի միջեւ։ Ինչպէս մշտապէս եմ ասում, սա շատ բարդ գործընթաց է, կողմերից իւրաքանչիւրն իր քաղաքականութիւնն է տանում, առաջ մղում իր շահերը, դրանք տարբեր են, կողմերի ուժային ներուժը եւս տարբեր է, երկու երկրներում էլ հարցը բազմաթիւ շերտեր ու նրբութիւններ ունի, ժողովուրդների ուշադրութեան կենտրոնում է, ուստի հեշտ չէ որոշումներ կայացնելը։ Չնայած կողմերից հնչող յայտարարութիւններին, որ խոչընդոտներ չկան, համաձայնագիրը չի ստորագրւում, մեղադրական հռետորաբանութիւնը պահպանւում է, ինչը թոյլ է տալիս կանխատեսել, որ կողմերը մօտեցել են ինչ-որ հանգրւանի, սակայն շարունակում են իրենց դիրքերն ամրապնդելու փորձերը»,- ասաց նա։

Related Articles

Back to top button