Եւրոպայի խրոնիկ հիւանդը
Երկու տարում հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի 5-րդ վարչապետը

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը երկուշաբթի օրը ընդունել է վարչապետ Սեբաստիէն Լեկորնիւի հրաժարականը՝ նրա կաբինետի հրապարակումից ընդամէնը մի քանի ժամ անց, ինչը երկիրը կանգնեցրել է քաղաքական կատարեալ փակուղու առջեւ։
Նախագահ Մակրոնն նախկին պաշտպանութեան նախարար Սեբաստիէն Լեկորնիւին անցեալ ամիս յանձնարարել էր ձեւաւորել երկրի նոր կառավարութեան կազմը: Նրան առաջադրւած էր բարդ խնդիր՝ հաստատել 2026 թւականի համար կոշտ խնայողութեան բիւջէն երկփեղկւած խորհրդարանում։ Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, ինչը ցոյց են տւել անցեալ շաբաթւայ պաշտօնական տւեալները։
Ֆրանսիայի պարտքի եւ ՀՆԱ-ի յարաբերակցութիւնը Եւրամիութիւնում ներկայումս երրորդն է՝ Յունաստանից եւ Իտալիայից յետոյ եւ գրեթէ կրկնակի գերազանցում է ԵՄ կանոններով թոյլատրւած 60%-ը։
Լեկորնիւի երկու անմիջական նախորդները՝ Ֆրանսուա Բայրուն եւ Միշէլ Բարնիէն, հեռացւել էին պաշտօնից օրէնսդիր պալատի կողմից՝ ծախսերի ծրագրի շուրջ ծագած տարաձայնութիւնների հետեւանքով։
Լեկորնիւն կիրակի ուշ երկոյեան ներկայացրել էր նոր կառավարութեան կազմը, որը գործնականում նախորդ կաբինետի ամբողջական վերարտադրումն էր, ինչը խիստ քննադատութեան էր արժանացել երկրի քաղաքական ողջ սպեկտրի կողմից՝ գործնականում անհնար դարձնելով Լեկորնիւի պաշտօնավարումը:
Այսպիսով, Սեբաստիան Լեկորնիւն Ֆրանսիայի վարչապետի պաշտօնում երեք հակառեկորդ է սահմանել եւ մտել պատմութեան մէջ:
Ինչպէս հաղորդում է France 24-ը՝ նախ, նա Ֆրանսիայի ամենակարճ ժամկէտով պաշտօնավարած վարչապետն է՝ ընդամենը 27 օր։
Լեկորնիւն ամենաերկարն է մնացել առանց կառավարութեան (26 օր):
Նրա կառավարութիւնը բոլոր կառավարութիւններից ամենակարճատեւն էր, քանի որ Լեկորնիւն հրաժարական է տւել կաբինետի նշանակումից ընդամենը տասներկու ժամ անց։
Նա նաեւ միակ Ֆրանսիայի վարչապետն է, որը նոյնիսկ ընդհանուր քաղաքական յայտարարութիւն չի արել։
Արդէն յայտնի է, որ Մակրոնը Լեկորնիւին յանձնարարել է մինչեւ հոկտեմբերի 8-ը բանակցութիւններ վարել նոր կառավարութեան շուրջ:
Սակայն, ինչպէս կանխատեսում են քաղաքական շրջանակները, հնարաւոր բանակցութիւնները դժւար, թէ կարողանան փրկել իրավիճակը:
ընդդիմադիր «Ազգային միաւորում» կուսակցութեան առաջնորդ Մարին Լը Պէնը կոչ է արել Մակրոնին լուծարել Ազգային ժողովը եւ հրաժարական տալ:
Ծայրայեղ աջակողմեան գործիչն յայտարարել է. «Խորհրդարանի լուծարումը բացարձակապէս անհրաժեշտ է» եւ յաւելել, որ նախագահ Էմմանուէլ Մակրոնի համար խելամիտ կը լինի հրաժարական տալ, ինչը նախագահը նախկինում բացառել էր։
Երկու տարուց էլ պակաս ժամանակահատւածում, Սեբաստիէն Լեկորնիւն Ֆրանսիայի 5-րդ վարչապետն է, որ հրաժարական է ներկայացրել:
Նշենք, որ Ֆրանսիան փակուղում է յայտնւել, երբ անցեալ տարւայ կէսերին, Եւրախորհրդարանի ընտրութիւններում կրած ծանր պարտութիւնից յետոյ, Մակրոնը վաղաժամկէտ խորհրդարանական ընտրութիւնների վրայ դրեց ողջ խաղադրոյքը՝ յոյս ունենալով ամրապնդել իր իշխանութիւնը։ Այս քայլը հակառակ արդիւնքի յանգեցրեց՝ Մակրոնի հետ բարեկամական դաշինքին խորհրդարանում թողնելով փոքրամասնութեան մէջ։