Եւգէնի Բուժինսկի. «Թրամփը պարզապէս ցանկանում է Նոբէլեան մրցանակ ստանալ»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Դաշնութեան ԶՈՒ պահեստազորի գեներալ-լէյտենանտ, Մոսկւայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականութեան ֆակուլտետի կիրառական քաղաքա-ռազմական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Եւգէնի Բուժինսկին անդրադարձել է ԱՄՆ-ում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, ինչպէս նաեւ Եւրամիութեանն անդամակցելու Հայաստանի շանսերին:
«Թրամփը, հաւանաբար, կարծում է, որ պէտք է լուծել հերթական հակամարտութիւնը, նա ամբողջ աշխարհում կը կարգաւորի հակամարտութիւնները, երեւում է, որոշել է, որ այստեղ էլ պէտք է Նոբէլեան մրցանակ ստանայ։ Ուստի, որքան շատ հակամարտութիւններ, որոնք նա կը կարգաւորի, այնքան, հաւանաբար, աւելի շատ Նոբէլեան մրցանակներ կը ստանայ»,- ասել է Բուժինսկին։
Փորձագէտի կարծիքով՝ Փաշինեանը Արեւմուտքի հետ բարեկամութիւն է փնտրում։
«Անդրկովկասի նկատմամբ հետաքրքրութիւն ունեն բոլորը։ Ե՛ւ մենք հետաքրքրութիւն ունենք Անդրկովկասում, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ թուրքերը, ե՛ւ անգլիացիները։ Իսկ ԱՄՆ-ը շահեր ունի ամենուր՝ աշխարհի ցանկացած կէտում։ Ես չգիտեմ, թէ նրանք ինչ կարող են ստանալ Հայաստանից, բայց ահա Հայաստանի վարչապետը ցանկանում է անդամակցել Եւրամիութեանը, նա, հաւանաբար, մեր բազան էլ է ուզում վերացնել, եւ կը լինի ամերիկեան բազա։ Բայց կարծում եմ, որ ԵՄ մտնելու շանս Հայաստանը չունի, բայց թող փորձի: Պէտք է հասկանալ, որ ինքն է (Փաշինեանը) գնում Ուկրաինայի ճանապարհով, եւ արդիւնքը, կարծում եմ, կը լինի ճիշտ նոյնը, միայն առանց մեզ»,- ասել է նա:
Փորձագէտի խօսքով՝ անհնար է միաժամանակ լինել Եւրամիութիւնում եւ Եւրասիական տնտեսական միութիւնում:
«Դա բացարձակապէս անհնար է, քանի որ դրանք իրարամերժ տարբերակներ են։ Դա ուկրաինական տարբերակն է, նրանք նոյնպէս պատրաստւում էին ստորագրել ասոցացումը եւ միաժամանակ լինել Մաքսային միութիւնում, բայց դա չստացւեց»,- եզրափակել է Բուժինսկին։