Արմէն Այւազեան. «Հայաստանին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլիացիա»

«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան Արմէն Այւազեանի կարծիքով՝ փաշինեանական դրածոյ իշխանութիւնը գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամէնը նրա համար, որպէսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատւութիւնն ամբողջութեամբ բարդւի ՀՀ կառավարութեան «սխալների» եւ ընդհանրապէս հայ ժողովրդի վրայ, իսկ բուն կազմակերպիչները մնան ստւերում եւ երբեւէ պատասխանատւութեան չենթարկւեն։ Այս մասին նա գրել է ֆէյսբուքեան էջում:
«Ինչո՞ւ 2018 թւականին գերտէրութիւնները փոխադարձ համաձայնութեամբ իշխանութեան բերեցին Հայաստանում ակնյայտօրէն ազգադաւ ու հայրենատեաց մի կառավարութիւն, եւ ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպէս ցոյց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին յանձնելն էր, այլեւ Հայաստանի Հանրապետութեան սահուն լիկւիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական եւ տնտեսական լիակատար վերահսկողութեան տակ դնելու ճանապարհով։
Փաշինեանական դրածոյ իշխանութիւնը, իսկ աւելի ստոյգ՝ ՀՀ լիկւիդացիոն յանձնաժողովը, գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամէնը նրա համար, որպէսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատւութիւնն ամբողջութեամբ բարդւի ՀՀ կառավարութեան «սխալների» եւ ընդհանրապէս հայ ժողովրդի վրայ, իսկ բուն կազմակերպիչները մնան ստւերում եւ երբեւէ պատասխանատւութեան չենթարկւեն։ Ընդ որում՝ նրանք, ովքեր Արցախեան կորստի մեղքն ամբողջութեամբ դնում են հայ ժողովրդի վրայ, արտայայտում են Հայաստանի թշնամիների տեսակէտը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։
Հայաստանի դրածոյ իշխանութիւնը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում՝ ենթարկւելով իր տէրերի թելադրանքներին։ Սակայն Հայաստանի լիկւիդացիայի այս յանցաւոր ծրագիրը բախւել է մի շարք լուրջ խոչընդոտների՝
1- Հայ ժողովուրդը դեռեւս ամբողջութեամբ չի յանձնւել եւ շարունակում է (ու շարունակելո՛ւ է) դիմադրել երկրի թուրքացման ծրագրերին։ Ցաւօք, այս դիմադրութիւնն այժմ անկազմակերպ ու հատւածական է՝ քաղաքական վստահելի եւ հեղինակաւոր առաջնորդող ուժի բացակայութեան պատճառով։ Այդուամենայնիւ, հայութիւնը դեռեւս ընդունակ է անսպասելի անակնկալներ մատուցել թէ՛ գաղութարարներին, թէ՛ նրանց տեղական դրածոներին։
2- Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս տարածաշրջանային գերտէրութիւն, կտրականապէս դէմ է Հայաստանի լիկւիդացիային՝ քաջ գիտակցելով, որ դրա հետեւանքն անխուսափելիօրէն լինելու է թուրանական միութեան առաջխաղացումը՝ Իսրայէլի եւ Արեւմուտքի աջակցութեամբ՝ ուղղւած հենց Իրանի դէմ՝ երկրի կազմալուծման եւ մասնատման նպատակով։
3- Ուկրաինայում ռուսական զօրքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով, Ադրբեջանի՝ հակառուսական ուղեգծի վաղաժամ որդեգրումը Մոսկւայում առաջացրել է տատանումներ՝ Հայաստանի զոհաբերման մինչ այդ ընդունւած քաղաքական կուրսի հարցում։ Թէեւ ռուսական վերնախաւում կան ադրբեջանաէտ եւ թուրքամէտ բարձրաստիճան պաշտօնեաներ, ՌԴ ուժային կառոյցներում սկսել է ձեւաւորւել պահանջ՝ վերանայել այսրկովկասեան քաղաքականութիւնը։ Դեռ պարզ չէ, թէ դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։
Ամէն ինչ զարգանում է չափազանց արագ։ Հայաստանին եւ հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլիացիա՝ ինքնալուծարում եւ ինքնասպանութիւն՝ «խաղաղութեան պայմանագրի», Սիւնիքի ճանապարհների «արտապատւիրակման» («Թրամփի կամրջի») կամ մէկ այլ գեղեցիկ փաթեթաւորմամբ։
ՓՐԿՈՒԹԵԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆ Է»,- գրել է Այւազեանը: