
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նշւած եկեղեցում, ձեռամբ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ մասնակցութեամբ՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։
Արարողութեանը ներկայ էին՝ թեմի ազգային մարմինների անդամներն ու ժողովուրդ։
Քարոզախօսութեան պահին պատարագիչ հայրը անդրադարձ ունենալով Ս. Արիմաթացու հաւատքով լի կեանքին ու գործունէութեանը` ի մասնաւորի Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու գործում նրա դերակատարութեանը, կարեւորութեամբ նշեց դարերի ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքում իրականացւած ազգօգուտ եւ հայրենանպաստ բազմածաւալ աշխատանքները եւ շնորհաւորանքի խօսք ասաց տօնի առթիւ. նա կոչ արեց՝ մեր նախնիներից օրինակ վերցնելով ջանք չխնայել համայնքը ծաղկուն վիճակում պահելու ուղղութեամբ։
Յաւարտ Ս. Պատարագի, Ս. Յովսէփ Արիմաթացու աջով կատարւեց ջրօրհնէքի կարգը, իսկ տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան պաշտօն՝ վանքում պաշտօնավարած հոգեւորական եւ աշխարհական ննջեցեալ սպասաւորների, նաեւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար։
Երեկոն աւարտւեց վանքի շրջափակում նախատեսւած ընդունելութեամբ։
Թղթակից (Նոր Ջուղա)






