ՌԴ ԱԳՆ. «Հայաստանի համար ՀԱՊԿ-ում համագործակցութեանը վերադառնալու դռները բաց են»
«ԱԼԻՔ» – Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժէք համագործակցութեանը վերադառնալու համար։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչութեան տնօրէն Միքայէլ Աղասանդրեանը։
Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ յարաբերութիւններին Աղասանդրեանն ասել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցութեանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երեւանում գերակշռում է նման փոխգործակցութիւնից հեռանալու դիրքորոշումը։ Մեզ թւում է՝ այդ դիրքորոշումը հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապէս թուլացնում է ազգային անվտանգութիւնը։ Ի վերջոյ ՀՀ կայունութեան երաշխաւորների դերում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին այլընտրանք չկայ։ Կազմակերպութեան շրջանակներում փոխադարձ պարտաւորութիւնները մնում են անփոփոխ:
Այս փուլում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում լիարժէք համագործակցութեանը վերադառնալու դռները բաց են, յուսով ենք, որ հայ գործընկերները, յաղթահարելով իրենց կասկածները, եւս մէկ անգամ կը ցուցաբերեն իրենց հաւատարմութիւնը շահագրգիռ համատեղ աշխատանքին՝ ելնելով բարեկամ Հայաստանի ռազմավարական շահերից»: