Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալիեւն օգնելու է այս իշխանութեանը վերարտադրւել, գինը Հայաստանն է

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

 

Հայաստանեան կիսամեռած կեանքում որոշակի իրարանցում առաջացրեցին Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձեւակերպումները։

Բացառապէս որոշ ԶԼՄ-ների, հանրային-քաղաքական գործիչների, փորձագէտների մի փոքր անւանացանկի շնորհիւ Հայաստանը թեթեւ կենդանութեան նշաններ ցոյց տւեց՝ իր ճակատագրի մասին արւած ձեւակերպումների ֆոնին։

Ակնյայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստւերային շփումներ՝ Արեւմուտքի զգալի միջնորդութեամբ, եւ կարծես, թէ ձեռք են բերւել որոշակի պայմանաւորւածութիւններ։

Ունեմ հիմնաւոր վարկած, որ իսկապէս ձեռք է բերւել ստրատեգիական պայմանաւորւածութիւն. Ալիեւն օգնելու է այս իշխանութեանը՝ վերարտադրւել։ Գինը Հայաստանն է։

Ալիեւը սեպտեմբերին աւարտում է իր ընտրական ցիկլերը եւ բանակցել է Ադրբեջանի շահերի համար։ Արեւմուտքը բանակցել է իր ստրատեգիական շահերի, իսկ Հայաստանը բանակցել է յանուն Նիկոլի իշխանութեան։ Բանակցութիւնների հէնց այս սկզբունքային նրբութիւնն էլ հնարաւորութիւն է տւել՝ հասնել պայմանաւորւածութիւնների։

Դրա տեխնոլոգիական ընթացքը կարող է լինել այսպիսին. մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները Ադրբեջանը Նիկոլին տալիս է հայ հասարակութեան վրայ խաղաղութեան էմոցիաներ ծախելու հնարաւորութիւն, գուցէ՝ ինչ-որ նախաստորագրւած թղթի կտոր, մեղմւած հռետորաբանութիւն, Հայաստանի հետ վերջնական խաղաղութիւն ունենալու հրապարակային խոստումներ եւ այլն։ Գուցէ պրոքսի գործիչներով սպառնալիքներ՝ Նիկոլ մերժելու դէպքում ինչ կը լինի եւ այլն։

Այս ամէնի դիմաց Ալիեւն ամենայն հաւանականութեամբ ստացել է իր ուզածը՝ հայաստանեան ընտրութիւններից յետոյ, այս իշխանութեան վերարտադրումից յետոյ՝ իր ստրատեգիական պահանջների բաւարարում՝ միջանցք, փախստականների վերադարձ, անկլաւներ եւ այլն։ Չի բացառւում, որ պայմանաւորւածութիւնները կարող են այլ որակի լինել։

Պետականութեան եւ անվտանգութեան թեմաներով գուշակութիւններ չեն անում եւ չեն ապաւինում «գուցէ պլստանք» ամենակործանարար յոյսին։

Այս եւ այլ հրեշաւոր սցենարներին դիմակայելու համար Հայաստանը պէտք է դուրս գայ իր անմիտ վիճակից ու քաղաքական բովանդակութիւն տայ իր ներկային ու ապագային։ Փախստականների մեծ՝ 2.5 միլիոնանոց ճամբար յիշեցնող մեր վիճակից պէտք է անցնել պետութիւն ունեցող եւ պահելու որոշմամբ հասարակութիւն։ Իսկ սա հնարաւոր է միայն նոր քաղաքական-հանրային միաւորների, ձեւաչափերի ստեղծմամբ, որոնք հասարակութեանը կունենան ասելու եւ առաջարկելու բան։

Մենք չենք ուզում ընդունել, եւ իսկապէս շատ ցաւոտ է ընդունել, որ Հայաստանն այսօր արտադրում է միայն էմոցիաներ ու պարզունակ պատկերացումներ։ Ունենք ամէն ինչ՝ ռուսին, ամերիկացուն թշնամի համարող շերտեր, Իրանին ամենափրկիչ տեսնողներ, Նիկոլ անիծողներ եւ նախկիններին ատողներ… Էմոցիաների ամբողջ սպեկտրն ունենք։ Իսկ իրականութեան սթափ ընկալում ունեցող եւ լուծումներ տեսնող միաւորների ու անհատների թիւը չափազանց փոքր է։

Ալիեւ-Նիկոլ պայմանաւորւածութիւնները, որոշակի զարգացումների դէպքում, Ադրբեջանը խախտելու է. դրան էլ պէտք է պատրաստ լինել։ Եթէ Մերձաւոր Արեւելքում լարւածութիւնը կտրուկ մեծանայ՝ Իրանի ներգրաււածութեամբ, կամ ռուս-ուկրաինական պատերազմի ծաւալները մեծանան, ապա Ալիեւը թքած է ունենալու թէ´ COP-29-ի, թէ´ ինչ-ինչ ստւերային պայմանաւորւածութիւնների, թէ´ Արեւմուտքին տւած ինչ-ինչ հաւաստիացումնեդրի վրայ, եւ օգտւելու է իրավիճակից։

Առաջիկայ փուլի մեր խորքային խնդիրը անմիտ Հայաստանից (լաւագոյն դէպքում՝ էմոցիոնալ) քաղաքական Հայաստանի վերածւելն է։

Related Articles

Back to top button