Հայ ԴատՄիջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցման մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի Եւրոպայի հարցերով ենթայանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացւել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարութեան Եւրոպայի եւ Եւրասիական տարածաշրջանի հարցերով բիւրոյի քարտուղարի տեղակալ Ջէյմզ Օ’Բրայէնը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանութեան ներկայացուցիչը յայտարարել է` ներկայումս պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի՝ 1992 թ․ ընդունւած 907-րդ յօդւածի շրջանցում։

2002 թ․ ամերիկեան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձեւի շրջանցումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանութեանը թոյլ էր տալիս ռազմական օժանդակութիւն տրամադրել Ադրբեջանին։ 907-րդ բանաձեւը բացառում է Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը՝ հաշւի առնելով Հայաստանի եւ Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։ Դեսպան Օ’Բրայէնը նաեւ կտրականապէս մերժել է այն փաստարկները, որոնք յաճախ առաջ են քաշւում ադրբեջանական լաբբիի կողմից, առ այն, որ 907-րդ բանաձեւի կիրառումը կը խաթարի ԱՄՆ ազգային անվտանգութեան շահերը:

ԱՄՆ կոնգրեսականների՝ Արցախի հայութեան իրաւունքների համապարփակ պաշտպանութեանն ուղղւած ելոյթների եւ քաղաքական ճնշման պայմաններում, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը յաւելել է` ամերիկեան կողմը չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր եւ որ, Վաշինգտոնը չի նախատեսում չեղարկել 907-րդ բանաձեւն այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատել իրավիճակի էական բարելաւում: Օ՛Բրայէնը նաեւ կարեւորել է տեղահանւած մարդկանց իրենց հայրենիք անարգել մուտքի հնարաւորութիւնը, սեփականութեան եւ մշակոյթի պաշտպանութիւնը, եւ հնարաւորութիւնը ստանալու հաւաստի տեղեկատւութիւն՝ ապագայի ճիշտ ընտրութիւն կատարելու համար։

Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները յստակօրէն դատապարտելու փոխարէն, Օ՛Բրայէնը յայտարարել է, որ պետդեպարտամենտը յանձնարարել է անկախ քննիչներին՝ ապահովելու «համապարփակ, մանրակրկիտ եւ թափանցիկ արձանագրում, թէ ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ (տեղահանութեան) օրերին, այլեւ նախորդող ամիսներին եւ այս ուղղութեամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։

907-րդ բանաձեւի պահանջների վերականգնումը Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է, ինչի շուրջ իրականացւել է տասնամեակների աշխատանք, որոնցում նաեւ ներգրաււել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձեւը, ներկայ փուլում չչեղարկելու վերաբերեալ պետդեպարտամենտի, պաշտօնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի Կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը մասնաւորապէս նկատել է․ «Զինելով, քաջալերելով եւ ակտիւօրէն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանութեանն ու տեղի բնիկ հայութեան էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդէնը պէտք է անի շատ աւելին, քան ԱՄՆ գործող օրէնսդրութեան կիրառման վերաբերեալ ազդարարումն է։ Եթէ նախագահ Բայդէնն իրականում լուրջ է տրամադրւած, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կը սահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դէպի Արցախ հայերի անվտանգ եւ կայուն վերադարձը»:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
16.11.2023 թ.

Arfd.am

Related Articles

Back to top button