Միակողմ քաղաքականութեան դէմ նոր փուլ Վրաստանում՝ քսան տարի Վարդերի յեղափոխութիւնից անց

Դոկտ. Ահմադ Քազեմի
Քսան տարի անց 2003-ի «Վարդերի յեղափոխութիւնից»՝ Վրաստանը կրկին մտել է խորը քաղաքական փոփոխութիւնների շրջան։ 2024-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրութիւններում իշխող վրացական երազանք կուսակցութեան յաղթանակը եւ նախագահի պաշտօնին Միխայիլ Կաւլաշւիլիի ընտրւելը փաստեցին, որ երկրի արեւելումն անցնում է արեւմտամէտից դէպի աւելի չէզոք եւ ինքնավար քաղաքական մոդել։ Այս զարգացումները ողջունեց Մոսկւան եւ անհանգստութիւն առաջացրեց Եւրոմիութեան, ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի մօտ։
2025 թւականի հոկտեմբերի 4-ից յետոյ Վրաստանում քաղաքական լարւածութիւնն առաւել սրւեց՝ տեղական ինքնակառավարման ընտրութիւններում իշխող կուսակցութեան թեկնածուների յաղթանակից յետոյ։ Ընդդիմութիւնը, Եւրամիութեան եւ Եւրայանձնաժողովի խօսնակ Անիտա Հիփերի կոչերի աջակցութեամբ, կազմակերպեց բողոքի ցոյցեր, որոնք նոյնիսկ հասան մինչեւ նախագահական պալատ։ Սակայն դրանց մասշտաբը չբաւարարեց կառավարութեան տապալման համար։
Հաշւի առնելով Վրաստանի ռազմավարական դիրքն ու տարածաշրջանային նշանակութիւնը՝ ընթացիկ զարգացումները եւ դրանց հետեւանքները կարելի է ամփոփել եօթ հիմնական կէտերով.

- Վարդերի յեղափոխութիւնը 2003-ին, Միխայիլ Սահակաշւիլու առաջնորդութեամբ եւ արեւմտեան կառոյցների գործուն աջակցութեամբ, ոչ միայն խորը ներպետական փոփոխութիւններ բերեց, այլեւ դարձաւ օրինակ մի շարք յետխորհրդային պետութիւնների՝ Ուկրայինայի, Ղրղզստանի եւ Հայաստանի համար։
- Յեղափոխութեան դրական արդիւնքներից մէկը եղաւ կաշառակերութեան դէմ պայքարի զգալի յառաջընթացը, ինչի շնորհիւ Վրաստանը կարճ ժամանակում անցաւ համաշխարհային վարկանիշներում 122-րդ տեղից 18-րդի։ Սակայն արտաքին քաղաքական մենակողմ ուղղութիւնը դէպի Արեւմուտք՝ Եւրամիութեանը եւ ՆԱՏՕ-ին միանալու ձգտումով, աստիճանաբար թուլացրեց երկրի հաւասարակշռւած դիրքը։
- 2008-ի ռուս-վրացական պատերազմը դարձաւ այդ միակողմութեան ամենաթանկ գինը։ Սահակաշւիլու սխալ քաղաքականութիւնը բերեց Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի փաստացի կորստին եւ սառեցրեց Մոսկւայի հետ դիւանագիտական կապերը։
- Ժողովրդի հիասթափութիւնը Սահակաշւիլիի եւ արեւմտեան ուղեգծից աւելի խորացաւ, երբ նա լքեց երկիրը եւ Ուկրայինայում նշանակւեց Օդեսայի մարզպետ պաշտօնին: Ուկրայինական պատերազմի հետեւանքները եւ ՆԱՏՕ-ի ապարդիւն խոստումները նորից հաւաստեցին Թիֆլիսում, որ մենակողմ քաղաքականութիւնը վտանգաւոր է փոքր պետութիւնների համար։
- Ներկայ իշխանութեան քայլերը՝ «օտար գործակալների մասին» օրէնքի ընդունմամբ եւ Եւրամիութեանը միանալու բանակցութիւնների սառեցումը մինչեւ 2028 թւականը, խօսում են այն մասին, որ Վրաստանը փորձում է վերականգնել իր ինքնիշխան քաղաքականութիւնը։
- Այս փոփոխութիւնները նշանակալից են նաեւ տարածաշրջանի նոր զարգացումների առումով: Ռուսաստանի ազդեցութեան գօտին դարձեալ Հարաւային Կովկաս վերադարձնելը, եւ Թիֆլիսի նոր քաղաքական կշռոյթը կարող են ազդել Բաքւի եւ Երեւանի ուղղութիւնների վրայ։
- Վերջապէս, Իրանի համար ներկայ փուլը հնարաւորութիւն է՝ խորացնելու յարաբերութիւնները Վրաստանի հետ։ Թիֆլիսը գլխաւոր օղակ է Պարսից ծոցից դէպի Սեւ ծով անցնող միջանցքում, եւ նոր կառավարութեան գործնական մօտեցումը կը կարողանայ խթանել եռակողմ համագործակցութիւնը՝ Իրան-Հայաստան-Վրաստան ձեւաչափով։
Այսպիսով, քսան տարի անց «Վարդերի յեղափոխութիւնից» Վրաստանը թեւակոխում է նոր իրապաշտ եւ հաւասարակշռւած դարաշրջան, որտեղ արտաքին ուժերի ազդեցութիւնը այլեւս միակ որոշիչ գործօնը չէ։
(Դոկտ. Ահմադ Քազեմիի «Վրաստանի կարթուլիներն ընդդէմ գունաւոր յեղափոխութեան» վերլուծութեան համառօտագրւած պատկերը)



