
«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստօրէն դատապարտել է ԱՄՆ‑ի եւ Իսրայէլի կողմից Իրանում քաղաքացիական օդանաւակայանների վրայ իրականացւած յարձակումը՝ այն բնորոշելով որպէս «իրանցիների դէմ իրականացւող ահաբեկչական եւ յանցաւոր արշաւի նոր մութ գլուխ»։
«ԻՍՆԱ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ Բաղային սոցիալական X հարթակում վերահրապարակել է «Իրան Էյր» աւիաընկերութեան հաղորդագրութիւնը եւ գրել. «Քաղաքացիական օդանաւակայանների վրայ իրականացւած յարձակումները եւ Բուշեհրում «Իրան Էյր»-ի ուղեւորատար ինքնաթիռի միտումնաւոր թիրախաւորումը ագրեսորների կողմից իրանցիների դէմ իրականացւող ահաբեկչական եւ յանցաւոր արշաւի հերթական մութ էջն են»։
Նրա խօսքով՝ Իրանը վճռական է եւ պատրաստ է ուժեղ պատասխան տալ կատարւածին։
Աւելի վաղ «Իրան Էյր» աւիաընկերութիւնը X սոցիալական հարթակում տարածած յայտարարութեան մէջ ընդգծել էր, որ Իրանում միջուկային զէնք չի արտադրւում քաղաքացիական վայրերում՝ նշելով. «Ո՛չ, ո՛չ եւ ո՛չ։ Միջուկային զէնք չի արտադրւում դպրոցներում, հիւանդանոցներում, թանգարաններում, ֆուտբոլային մարզադաշտերում, առեւտրային ինքնաթիռներում, Բուշեհրի կամ Մեհրաբադի օդանաւակայաններում եւ ընդհանրապէս Իրանի որեւէ վայրում»։



