Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վիգէն Յակոբեան. «Գոյութիւն չունեն հայ-թուրքական յարաբերութիւններ»

«ԱԼԻՔ» – Մալթայում, որտեղ տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստը, շփում են ունեցել Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները։ Թէ ինչ են քննարկել կողմերը ու ինչ խօսել, թեմայի վերաբերեալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանի հետ։

«Սա հեթական պրոտոկոլային ինչ-որ հանդիպում էր ոտքի վրայ, ինչպէս ասում են՝ կուլիսների յետեւում կամ միջանցքներում։ Չեմ կարծում, որ Հայաստանն ու Թուրքիան որեւէ բանի մասին առհասարակ երկխօսում են, որովհետեւ Թուրքիան մի քանի անգամ հասկացրել է Հայաստանի իշխանութիւններին՝ մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք, ձեր հիմնական պարտնիորը կարող է լինել առայժմ միայն Ադրբեջանը, այն էլ որոշակի վերապահումներով։

Այն պահից յետոյ, երբ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը կը լուծէք եւ կը բաւարարէք բոլոր պահանջները, երբ Ադրբեջանից կը ստանանք այդ հաւաստիացումը, որ ամէն ինչ լաւ է, միայն այդ ժամանակ Թուրքիան կը սկսի Հայաստանի հետ լրջօրէն խօսել հայ-թուրքական յարաբերութիւնների մասին։ Թուրքիայի ղեկավարութեան վերաբերմունքը Հայաստանի ղեկավարների նկատմամբ դրա վառ ապացոյցն է»,- ասել է քաղտեխնոլոգը։

Նա յիշեցրել է, թէ դիւանագիտական ասպարէզում ինչպէս էին նւաստացրել Նիկոլ Փաշինեանին Թուրքիայում ու ԱՄՆ-ում՝ թուրքական տանը։

«Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինեանը մեկնել էր Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալութեան արարողութեանը, նրան երկրորդ շարքում էին նստեցրել՝ Ալիեւի մէջքի յետեւում, դա դիւանագիտական նւաստացման ժեստ էր։ Միւս հանդիպումը Նիւ Եօրքում էր, որտեղ թուրքական տանը Նիկոլ Փաշինեանը գիրք նւէր ստացաւ։ Միայն այն, որ այդպիսի գիրք են նւիրում, արդէն իսկ դիւանագիտական հզօր ապտակ է։ Իսկ Նիկոլ Փաշինեանի վարքագիծն էլ ցոյց է տալիս, որ իր քաղաքական նոր հօրն է հանդիպել»,- ասել է Վիգէն Յակոբեանը։

Նրա խօսքով՝ գոյութիւն չունեն հայ-թուրքական յարաբերութիւններ։

«Հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ ուղղակի արարողակարգային էր, ոչ աւելին։ Գոյութիւն չունեն հայ-թուրքական յարաբերութիւններ»,- եզրափակել է Յակոբեանը։

Related Articles

Back to top button