Իսրայէլական լրատւամիջոց. «Թել Աւիւն անմիջական կապի մէջ է «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի հետ»
«ԱԼԻՔ» – Իսրայէլական Walla լրատւական պորտալը տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչակազմն անմիջական կապի մէջ է թուրքամէտ «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբաւորման հետ, որը նախօրէին յայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրաւելու եւ Բաշշար Ասադի իշխանութիւնը տապալելու մասին:
Ըստ լրատւական պորտալի՝ Իսրայէլն այս պահին ցանկանում է, որ զինւած տարրերը չմօտենան Իսրայէլի հետ Սիրիայի սահմանին:
Յիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնների ֆոնին, միջազգային լրատւամիջոցները հաղորդել են, որ այսօր՝ վաղ առաւօտեան սիոնիստական բանակի տանկերը հատել են օկուպացւած Գոլանի սահմանային պարիսպը եւ մտել են Սիրիայի տարածք:
Սիոնիստական բանակի ստորաբաժանումները նոր դիրքեր են զբաղեցրել օկուպացւած Գոլանի բարձրունքներում:
Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը դեռեւս հրաժարւում է մեկնաբանել լրատւութիւնը: