Գեղամ Մանուկեան. «ԱԽ քարտուղարն ու ԳՇ պետը Արցախից են, բայց նրանց պաշտօնի նշանակելիս չեն ասել՝ դու ՀՀ քաղաքացի չես»

Միգրացիոն ծառայութեան պետ Արմէն Ղազարեանը առաւօտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում եւ փորձում է Հայաստանի հանրութեանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրւած կապոյտ անձնագիրը լոկ ճամբորդական անձնագիր է եւ դրանով չեն կարող Արցախի քաղաքացիները տարբեր պաշտօնների նշանակւել: Այս մասին, նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
«Բայց օրինակ, ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը, որ ծնունդով Արցախի Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել: Գլխաւոր շտաբի պետ Էդւարդ Ասրեանը, որ ծնունդով Հադրութի Ազոխ գիւղից է վստահ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ առաջնագծում արցախցիները, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգութիւնը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգութիւնը, չեն ասել, որ դու ճամբորդական անձնագիր ես ունեցել:
Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես, վաղն էլ կենսաթոշակ չես ստանալու: 1000 դրամների հիմնադրամ վճարում կատարող արցախցուն չեն ասել՝ դու միայն ճամբորդական անձնագիր ունես եւ ՀՀ քաղաքացի չես»,- ասաց նա:
Մանուկեանը նաեւ տեղեկացրեց, որ Պաշտպանութեան յանձնաժողովում, երբ Միգրացիոն ծառայութեան պետ Արմէն Ղազարեանին հարց է ուղղել, թէ, ի վերջոյ, կարո՞ղ է պարզ բացատրել ՀՀ քաղաքացուն, թէ բոլորը ե՞րբ կարող են ստանալ այդ ID քարտերը եւ կենսաչափական անձնագրերը, հնչել է պատասխան, որ յայտնի չէ:
News.am