ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր
(սեպտեմբերի 15-նոյեմբերի 15)
Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՅԴ Հայ Դատի աշխարհասփիւռ համակարգի աշխատանքները պայմանաւորւած են եղել Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի, իրագործւած ցեղասպան գործողութիւնների ու հայրենազրկման արդիւնքում ստեղծւած ծանր իրավիճակով։ Հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ աշխատանքներ են կատարւել ինչպէս Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների ճանապարհով, այնպէս էլ օգտագործելով ՀՅԴ Բիւրոյի արտաքին յարաբերութիւնների շրջանակը՝ հիմնականում սոցիալիստական կուսակցութիւնների միջազգային կազմակերպութիւններում եւ տարբեր երկրների սոցիալիստական կուսակցութիւններում։ Վերջին շրջանում Հայ Դատի աշխատանքների մէջ մեծացել է Վաշինգտոնում գործող «Հայ իրաւական կենտրոնի» աշխատանքների մակարդակը։ Նախորդ երկու ամիսների աշխատանքի հիմնական արդիւնքները ամփոփ կերպով ներկայացնում ենք ստորեւ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծւած իրավիճակում Հայ Դատի յանձնախմբերի մարտավարական առաջնահերթութիւնների վերանայման եւ ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացւել է Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հիւրընկալել էր Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկւել է Հայ Դատի քաղաքական առաջնահերթութիւնների մարտավարական վերանայմանը եւ գործունէութեան հիմնական ուղղութիւնների վերայստակեցմանն ուղղւած օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Խորհրդաժողովը մեծ կարեւորութեամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետեւանքով ստեղծւած ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։ Քննարկւել են Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցների համար արժանապատիւ կեցութեան եւ կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնօրէն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։
Ապա քննարկւել են նաեւ Արցախի Հանրապետութեան պետականութեան հիմնական սիւների պահպանութեան եւ հետագայ աշխատանքների վերաբերեալ հարցերը։
Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատաւորների կուսակցութեան հիւրընկալմամբ, Մալագայում գումարւել է Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպութեան գլխաւոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպութեան քաղաքական առաջնահերթութիւնները, գործունէութեան ուղենիշերը, ընտրում նոր ղեկավարութիւն։
Հանդիպումների ընթացքում Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչները, հաշւի առնելով Արցախեան հիմնախնդրի ներկայ հանգրւանում ստեղծւած իրավիճակը, կարեւորել են արցախահայութեան իրաւունքների լիակատար պաշտպանութեան, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրաւունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, հակամարտութեան համապարփակ եւ արդար կարգաւորման անհրաժեշտութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագայ ռազմական սադրանքների կանխման, ինչպէս նաեւ իրագործւած ցեղասպան գործողութիւնների, մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրէական պատասխանատւութեան ենթարկելու քաղաքական առաջնահերթութիւնները։
Հայ Դատի Ամերիկայի գրասենեակ
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից անմիջապէս յետոյ, Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, համայնքային ներգրաւմամբ եւ բաւական կոշտ հռետորաբանութեամբ, ամերիկեան կողմից պահանջեց գործնական միջոցառումներ ձեռնարկել Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեանը վերջ տալու, Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութեան, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը պատասխանատւութեան ենթարկելու, այդ պետութեան նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ այլ ուղղութիւններով։ ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպւել են տեղեկատւական բնոյթի ձեռնարկներ, Արցախում եւ Հայաստանում ստեղծւած իրավիճակի ներկայացումներ եւ այլն։ Ձեռնարկւած աշխատանքներում ներգրաււել են նաեւ Ամերիկայում բնակւող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւններ, որոնց մասնակցութեամբ ԱՄՆ Կոնգրեսի առջեւ երկու անգամ կազմակերպւել են ցոյցեր, որոնց նաեւ մասնակցել են բազմաթիւ կոնգրեսականներ։
Անցնող շրջանում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնը 1992 թ․ ընդունւած եւ 2002 թ., ամէն տարի կասեցւող՝ «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդւածի պահանջների վերականգնումն էր, որի պարագայում Ադրբեջանը չէր կարող ամերիկեան ռազմական օժանդակութիւն ստանալ։ 907-րդ բանաձեւի վերականգնման ուղղութեամբ Կոնգրեսի քննարկմանը բանաձեւեր եւ օրինագծեր են ներկայացրել Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն, Նանսի Փելոսին, Ադամ Շիֆը, Սենատում՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը եւ Գարի Փիթերսը։ Վերջինիս ներկայացրած օրինագիծը, որը կրում էր «Հայկական պաշտպանութեան ակտ», անւանումը Սենատի կողմից ընդունւել է նոյեմբերի 17-ին։ Այդ իրադարձութեանը մէկ օր առաջ նախորդել էր, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի յայտարարութիւնն առ այն, որ ամերիկեան կողմը չի պատրաստւում ներկայ ժամանակահատւածում չեղարկել 907-րդ բանաձեւի պահանջների կատարումը։
907-րդ բանաձեւի պահանջների վերականգնումը Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է, ինչի շուրջ իրականացւել է տասնամեակների աշխատանք, որոնցում նաեւ ներգրաււել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձեւը, ներկայ փուլում չչեղարկելու վերաբերեալ պետդեպարտամենտի, պաշտօնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի Կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը մասնաւորապէս նկատել է․ «Զինելով, քաջալերելով եւ ակտիւօրէն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանութեանն ու տեղի բնիկ հայութեան էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդէնը պէտք է անի շատ աւելին, քան ԱՄՆ գործող օրէնսդրութեան կիրառման վերաբերեալ ազդարարումն է։ Եթէ նախագահ Բայդէնն իրականում լուրջ է տրամադրւած, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կը սահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դէպի Արցախ հայերի անվտանգ եւ կայուն վերադարձը»:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատանքների Արցախի ժողովրդի համալիր իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ՝ այդ թւում ի թիւս այլնի շեշտադրելով անվտանգ ու ապահով վերադարձի եւ սեփական հողում արժանապատիւ կեանքի իրաւունքն ու Արցախի գերեվարւած առաջնորդների անյապաղ ազատ արձակումը։
Հայկական իրաւական կենտրոն
Հայ Դատի համակարգում գործող՝ «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տեւական ժամանակահատւած ակտիւօրէն ներգրաււած է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկոյց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ իրականացւած մարդու իրաւունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկութիւններով: Այս զեկոյցը ներկայացւել է UPR-ի քարտուղարութիւն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրաւունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:
Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկոյցներ եւ իրաւական վերլուծութիւններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թւում՝ Մարդու իրաւունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագէտներին, յատուկ զեկուցողներին եւ աշխատանքային խմբերին: ALC-ն նաեւ համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրաւունքների վրայ՝ նրանց տրամադրելով զեկոյցներ եւ տւեալներ՝ ընդգծելու խախտումների լրջութիւնը եւ Ադրբեջանին, իր գործողութիւնների համար, պատասխանատւութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը: ALC-ի կողմից պատրաստւած նիւթերի ազդեցութիւնն ակնյայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատւական զեկոյցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:
ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը 2023 թւականի նոյեմբերի 14-ին Ժնեւում հիւրընկալել էր «Արցախը՝ դէպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատւութեան» խորագրով տեղեկատւական միջոցառումը (side event), որը կազմակերպւել էր Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:
Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թւում փորձագէտների, պետական պատւիրակութիւնների, փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրաւունքների այն խախտումներին եւ ցեղասպան գործողութիւններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացւել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի եւ առհասարակ հայութեան դէմ՝ յանգեցնելով Արցախի աւելի քան 100000 բնիկ հայ բնակչութեան տեղահանման, հումանիտար ճգնաժամի եւ Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան կալանաւորման։ Քննարկման նպատակն էր բացայայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկւած գործողութիւնների համար պատասխանատւութեան ենթարկման հնարաւոր ուղիները:
Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախօսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների զանգւածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատւութիւն։
Եւրոպա
«Եւրոպացիները յանուն Արցախի» նախաձեռնութեան շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շւեդիայի, Բուլղարիայի, Յունաստանի, Կիպրոսի եւ Մեծ Բրիտանիայի հայ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու նախաձեռնութեան առաջիկայ անելիքները։
Մասնակիցները վերահաստատել են արցախահայութեանն ու վերջնիս ինքնորոշման հիմնարար իրաւունքին իրենց հաստատուն աջակցութիւնը, որպէս գոյաբանական անհրաժեշտութիւն՝ Ադրբեջանի էթնիկ զտումների շարունակական քաղաքականութեան պայմաններում։ Շեշտւել է` ինքնորոշման իրաւունքն արցախահայութեան պարագայում հաւասարազօր է սեփական հայրենիքում կտանքի, անվտանգութեան եւ արժանապատւութեան անքակտելի իրաւունքին:
Հանդիպման ընթացքում քննարկւել են մի քանի հիմնական ծրագրեր։ Գլխաւոր թեման հոկտեմբերի 1-ին Բրիւսէլում կայանալիք համաեւրոպական բողոքի ցոյցն է, որի նպատակն է Եւրոպայում բարձրացնել Ադրբեջանի կողմից արցախահայութեան նկատմամբ կիրառւող ապօրինի ամբողջական շրջափակման վերաբերեալ իրազեկութիւնը եւ Եւրոմիութեան, ինչպէս նաեւ անդամ պետութիւնների գործադիր մարմիններից պահանջել արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել այդ աղէտին վերջ տալու համար:
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը ծաւալուն բաց նամակ է յղել Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ մասնաւորապէս նշելով «․․․Միջազգային իրաւունքի սկզբունքները չեն ստեղծւել, որպէսզի օգտագործւեն որպէս գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչութեան դէմ վայրագութիւններ իրականացնելուն: Այնուամենայնիւ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականութեան սկզբունքը՝ որպէս պատրւակ, էթնիկ զտումներ իրականացնելու եւ բնիկ հայ բնակչութեանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրաւունքների եւ կեանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին եւ հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականութեանը․․․»։
Եւրոխորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունւած բանաձեւով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները եւ Ադրբեջանի կառավարութեան դէմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։ Բանաձեւում ընդգծւել է նաեւ միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրաւունքի իրացման համար։ Աւելին, Եւրոխորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եւրոմիութեան եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագիրը»։
Եւրոխորհրդարանի բանաձեւը, որն ընդունւել է 491 կողմ, 9 դէմ եւ 36 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ, նեկայացւել է 2023 թւականի սեպտեմբերին Արցախի վրայ Ադրբեջանի վերսկսած յարձակումներից եւ բռնի ուժով Արցախի բնակչութեանն իր հայրենիքից տեղահանելու արդիւնքում:
Եւրոխորհրդարանի լիագումար նիստը նաեւ դատապարտել է Ադրբեջանի ռազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնները, կոչ արել միջազգային հանրութեանը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին, իր գործողութիւնների համար, պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ։ Բանաձեւը կոչ է անում անյապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից եւ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպէս նաեւ պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցւածքը, ովքեր բռնի ուժով տեղահանւել են: Պահանջւում է Ադրբեջանից ազատ արձակել եւ լայն համաներում յայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալւել են 2023 թւականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառեալ Արցախի նախկին պաշտօնեաները, եւ առհասարակ բոլոր նրանց հանդէպ ովքեր ձերբակալւել են մինչեւ այդ թւականը:
Եւրոխորհրդարանի կիպրացի պատգամաւոր Կոստաս Մաւրիդէսի հրաւէրով, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի ու «Եւրոպացիները յանուն Արցախի» նախաձեռնութեան համագործակցութեան արդիւնքում նոյեմբերի 7-ին Եւրոխորհրդարանում անցկացւել է «Արցախահայութեան իրաւունքները եւ Եւրոմիութիւնը» խորագրով խորհրդաժողով։
Իբրեւ բանախօսներ, խորհրդաժողովին հրաւիրւած են եղել միջազգային ճանաչում վայելող նշանաւոր անձինք։
Մասնաւորապէս՝ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպօն, Ցեղասպանութեան կանխարգելման «Լեմկին»-ի ինստիտուտի համահիմնադիր եւ իրաւական հարցերով տնօրէն Վիկտորիա Մասիմինօն եւ միջազգային իրաւունքի հայազգի մասնագէտ Գառնիկ Քերքոնեանը։ Խորհրդաժողովի ընթացքում նրանք անդրադարձել են Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ Արցախի բնիկ հայ բնակչութեան իրաւունքներին: Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել ստեղծւած իրավիճակի յաղթահարման ուղիները, 2020 թ. պատերազմից յետոյ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնները միջազգային իրաւունքի, առհասարակ մարդու իրաւունքների տեսանկիւնից, ինչպէս նաեւ անդրադառնալ միջազգային հանրութեան, յատկապէս հակամարտութեան բանակցային գործընթացում ներգրաււած ուժերի քաղաքական վարքին՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ԵՄ քաղաքական դերին։
Խորհրդաժողովի անցկացումից ժամեր առաջ, Բրիւսէլի մամուլի ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ խորհրդաժողովի բանախօսների եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի մասնակցութեամբ: Մամուլի ասուլիսին հրաւիրւած են եւրոպական երկրներում գործող լրատւական միջոցների թղթակիցներ ու անհատ լրագրողներ, ինչպէս նաեւ եւրոպական ուղեղային կենտրոնների (think-thank) ներկայացուցիչներ:
Աւստրալիա
Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների շուրջ ստեղծւած արտաքին-քաղաքական, անվտանգային եւ հումանիտար խնիրներին տեղում ծանօթանալու, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Աւստրալիական Միութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման հնարաւոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել աւստրալացի խորհրդարանականների պատւիրակութիւն՝ մասնաւորապէս Նոր Հարաւային Վելս նահանգի խորհրդարանի պատգամաւորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջէյմզը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սիւզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամաւոր Քիմ Վելսը եւ Անն-Մարի Հերմանսը։
Պատւիրակութեան կազմում էին նաեւ աւստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի պատասխանատուները եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։
Այցի ընթացքում պատւիրակութեան անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Աւստրալիա խորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավարի հետ։ Սեպտեմբերի 26-27-ին պատւիրակութիւնն այցելել է Սիւնիք, մասնաւորապէս Գորիսում ծանօթացել Արցախից բռնի տեղափոխւած մեր հայրենակիցների վիճակին։ Պատւիրակութիւնը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնութիւն, որը գոյացել էր Հայ Օգնութեան միութեան Աւստրալիայի շրջանային միաւորի եւ Ռէյդ քաղաքի ղեկավարի համայնքային նւիրատւութեան միջոցներով։
Հայաստանից հեռանալուց յետոյ, աւստրալիացի խորհրդարանականների միջոցով էապէս բարձրացւել է Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակի քննարկման մակարդակը Աւստրալիայում, եւ, կարճ ժամանակ անց, աւստրալիական կառավարութիւնն առաջին անգամ հանդէս է եկել Հայաստանին տրամադրւող ֆինանսական օժանդակութեամբ։
Անցնող երկու ամիսների ընթացքում շօշափելի աշխատանքներ են կատարել նաեւ Հայ Դատի այլ յանձնախմբերը եւս։
Մասնաւորապէս, Արցախի շահերի պաշտպանութեամբ են հանդէս եկել կանադական եւ անգլիական քաղաքական շրջանակները։
Հայ Դատի Կանադայի յանձնախումբը՝ իր Հայաստան կատարած այցի ընթացքում ուղեկցել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին, իսկ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ աշխատանքների արդիւնքում՝ սեպտեմբերի 23-ին Լոնդոնի Իլինգի շրջանում տեղադրւել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող խաչքար։ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը։
Հայ Դատի Հարաւային Ամերիկայի աշխատանքների արդիւնքում, մինչեւ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան, սեպտեմբերի 16-ին, Արգենտինայում հիմնադրւել է Արցախի հետ բարեկամութեան բաւական ներկայացուցչական խումբ։
Հայ Դատի Լիբանանի յանձնախումբը հիմնականում ծանրաբեռնւած է եղել Լիբանանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպանատներին՝ Արցախում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ տեղեկութիւնների տրամադրմամբ եւ նրանց հետ յարաբերական աշխատանքներ կատարելով, իսկ Սիրիայի յանձնախումբը՝ հիմնականում համայնքային եւ միջհամայնքային բնոյթի միջոցառումների անցկացմամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
17.11.2023 թ.
Arfd.am