Հայ Դատ

Բազմաթիւ կոնգրեսականներ իրենց դժգոհութիւնն են արտայայտել Թրամփի՝ Հայոց Ցեղասպանութիւնը պատշաճ ճանաչելուց հրաժարւելու վերաբերեալ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցութիւններ ներկայացնող տասնեակ անդամներ, Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առթիւ, համերաշխութիւն են յայտնել հայ ժողովրդին եւ ամերիկահայ համայնքին՝ հանդէս գալով հրապարակային յայտարարութիւններով, համայնքային հանդիպումներով եւ սոցիալական ցանցերում կատարւած գրառումներով: Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց յանձնառութիւնը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու արդարութեան հաստատման պայքարում, այլեւ պատասխանատւութիւն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացւած ցեղասպանական էթնիկ զտումների համար եւ կարեւորել հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը։ Յայտնում են ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակից:

Վաշինգտոնից՝ Կոնգրեսի բարձքունքից մինչեւ ԱՄՆ տարբեր համայնքներ, տասնեակ օրէնսդիրներ բարձրացրել են իրենց ձայնը՝ յիշատակելով ցեղասպանութեան զոհ դարձած 1.5 միլիոն հայերին։ Յիշատակի այս ձեռնարկները հզօր հակազդում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական ժխտողականութեանը եւ ագրեսիային՝ միաժամանակ նպաստելով կոնկրետ քաղաքական քայլերի իրականացմանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները խորացնելու ուղղութեամբ։

«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդութիւն՝ ինչպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակը ոգեկոչելու, այնպէս էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացւած ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատւութիւն պահանջելու հարցերում»,- յայտարարել է Ամերիկայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ յաւելելով․«Նրանց սկզբունքային դիրքորոշումը զօրացնում է ցեղասպանութեան կանխարգելման գործը, խթանում է կոնկրետ քաղաքական քայլեր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղութեամբ եւ հզօր օրինակ է ծառայում ապագայ սերունդների համար։ Այսօր մեզ, առաւել քան երբեւէ, անհրաժեշտ է Կոնգրեսի այս առաջնորդութիւնը, յատկապէս երբ Սպիտակ տունը յետ է կանգնում այս յանցագործութեան պատշաճ ճանաչումից»։

Բազմաթիւ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհութիւնն են արտայայտել նախագահ Թրամփի՝ Հայոց Ցեղասպանութիւնը պատշաճ ճանաչելուց հրաժարւելու վերաբերեալ։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը  շարունակում է ակտիւօրէն գործել՝ աջակցելու այն օրէնսդրական նախաձեռնութիւններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգութեան համագործակցութիւնը եւ Թուրքիայից պահանջում են պատասխանատւութիւն՝ Հայոց Ցեղասպանութիւնը շարունակաբար ժխտելու համար։ Ամերիկահայերը կարող են այցելել anca.org/action կայք՝ նամակներ ուղարկելու իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին, յորդորելով շարունակել աջակցութիւնը Հայաստանին եւ Արցախին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դիմաց։

Վերջին օրերի ընթացքում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի պատասխանատուները ԱՄՆ տարբեր նահանգներում հանդիպումներ են ունեցել հայ համայնքների եւ այդ շրջաններից ընտրւած կոնգրեսականների հետ։

Իւրաքանչիւր ելոյթի ընթացքում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ներկայացուցիչներն ամերիկահայերին կոչ են արել ձեռնարկել կոնկրետ գործողութիւններ՝ յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում։ Առաւել կարեւոր ուղղութիւններ են նկատւել «Ազատութեան աջակցման ակտի» 907-րդ յօդւածի կիրարկումը՝ Ադրբեջանի ռազմական օգնութիւնն ամբողջութեամբ դադարեցնելու նպատակով, ինչպէս նաեւ՝ Ալիեւի ռեժիմին տրամադրւող ցանկացած տեսակի ռազմական աջակցութեան լիակատար արգելումը։ Բացի այդ, Հայ Դատի յանձնախումբը հանդէս է գալիս ադրբեջանցի այն պաշտօնեաների նկատմամբ «Մագնիցկու» պատժամիջոցներ կիրառելու պահանջով, որոնք պատասխանատու են պատերազմական յանցագործութիւնների համար։ Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ կառավարութեանը նաեւ կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում դիւանագիտական ջանքեր իրականացնել՝ ապահովելու արցախահայութեան անվտանգ վերադարձի իրաւունքի իրացումը։

ԱՄՆ կառավարութիւնից նաեւ պահանջւում է, որ Թուրքիան դադարեցնի Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, ինչպէս նաեւ անյապաղ քայլեր ձեռնարկի Երուսաղէմի հայկական քրիստոնէական թաղամասի պաշտպանութեան ուղղութեամբ։ Այս բոլոր պահանջների ընթացքում յանձնախումբն ընդգծում է ԱՄՆ-ի՝ ցեղասպանութեան ժխտման գործում մեղսակից չլինելու հրատապութիւնը՝ միաժամանակ պահանջելով դադարեցնել զէնքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպէս նաեւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ առանց նախապայմանի հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղութեամբ։

Related Articles

Back to top button