ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը նամակ է յղել ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում Իսրայէլի ներկայացուցչին, Իսրայէլի հետ յարաբերութիւնների գծով Եւրոխորհրդարանի պատւիրակութեան անդամներին, ԵՄ-ի եւ Բելգիայի հիմնական հրեական կազմակերպութիւններին` անդրադառնալով Երուսաղէմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին: Նամակի հասցէատէրերին կոչ է արւում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայէլի իշխանութիւնների վրայ, որպէսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն եւ դադարեցնեն Երուսաղէմում խիստ մտահոգիչ եւ կործանարար զարգացումները։
Երուսաղէմում հայկական ներկայութիւնը առկայ է 4-րդ դարից եւ ունի պատմական մեծ նշանակութիւն։ Սակայն, այն ներկայումս վտանգւած է ծայրայեղականների, վերաբնակիչների եւ գործարարների ագրեսիւ գործողութիւնների պատճառով, որոնք ուզում են իւրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադէպը Աւստրալիայի իսրայէլցի գործարար Դենի Ռուբենշտէյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրայ իրականացւած յարձակումն էր, որի հետեւանքով վիրաւորւել եւ ձերբակալւել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին եւ պաշտպանութեան կոչերին՝ Իսրայէլի իշխանութիւնները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիւ ներխուժումներից պաշտպանելու համար։ Նամակին կարող եք ծանօթանալ այստեղ՝ (Letter sent to the Head of the Mission of Israel to the EU and NATO Ambassador H.E. Mr. Haim Regev – EAFJD)
Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը կոչ է անում Իսրայէլի իշխանութիւններին՝ պաշտպանել Երուսաէմի ստատուս քւոն եւ ձեռնպահ մնալ Երուսաղէմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցւածքը եւ ֆիզիկական, մշակութային եւ պատմական բնոյթը փոխելուց: Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմութեան ընթացքում կրած տառապանքների միջեւ, ստիպւած լինելով պայքարել ռասայական ատելութեան դէմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ընդգծում է, որ Իսրայէլի իշխանութիւնները պարտաւոր են կանխել եւ հետագայում խուսափել նման դէպքերից Երուսաղէմում։
Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը եւ նրա յանձնախմբերը Եւրոպայի 14 երկրներում, կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցութիւնը Երուսաղէմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպէսզի պահպանւել Երուսաղէմի պատմական թաղամասերը, եւ Իսրայէլը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագայ կործանիչ գործողութիւններն ու ահաբեկումները։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը հետեւողականօրէն շարունակելու է Երուսաղէմի հայ համայնքի իրաւունքների եւ ժառանգութեան պաշտպանութեան իր գործունէութիւնը:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
08.05.2024 թ.