Գեղամ Մանուկեան. «Իշխանութիւնները Հայաստանը վերածում են Թուրքիայի ֆորպոստի»
«ԱԼԻՔ» – Բաքւում տեղի ունենալիք COP29-ից առաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը համաժողովին մասնակցող միջազգային պատւիրակներից պահանջում է ճնշում գործադրել պաշտօնական Բաքւի վրայ՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահւող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեանը, եւ այդ առումով նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա է անցկացնելու:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն այն կարծիքին է, որ չի կարող կլիմայական արդարութիւն լինել, եթէ մարդկային արդարութիւն չլինի, իրաւական արդարութիւն չլինի:
«Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենեակի, Հայաստանի արտգործնախարարութեան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացեալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, դեսպանատների դէմ բողոքի գործողութիւններն իրականում վերջին ամիսներին Դաշնակցութեան համահայկական կառոյցի զօրաշարժի աշխատանքի մի մասն է։ Այս ամիսներին լայնածաւալ աշխատանք է իրականացւել ե՛ւ Եւրախորհրդարանում, ե՛ւ Միացեալ Նահանգներում, Կանադայում, աշխարհի ցանկացած անկիւնում, որտեղ մեր կառոյցները կան, եւ ասեմ, որ բաւականին արձագանգ է ստանում միջազգային հանրութեան կողմից»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Գեղամ Մանուկեանն անդրադարձել է ընդդիմութեանն ուղղւած քննադատութիւններին՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմութեան վիճակը շատ բարդ է, որովհետեւ երկարատեւ տասնամեակների պայքարում որեւէ քաղաքական յաջողութիւն չունեցած քաղաքական գործիչներից սկսած, առանձին խմբակներ իրենց անյաջողութիւնը փորձում են ընդդիմադիրների վրայ գցել, խօսել նրանց մանդատներից:
«Մանդատների թեման շատ յաճախ շահարկում է յատկապէս նախկին խորհրդարանում եղած «Լուսաւոր Հայաստան»-ի ներկայացուցիչը, որ՝ 2021 թւականին արտահերթ ընտրութիւններ եղան, որովհետեւ իրենք համաձայնւեցին մանդատները վայր դնել, որն իրականութեան հետ կապ չունի: Այն ժամանակ պարզապէս «Լուսաւոր Հայաստան»-ը համաձայնւեց Նիկոլ Փաշինեանի խաղի սցենարին։ Գործարք եղաւ, որ Նիկոլ Փաշինեանը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետի թեկնածու չի առաջադրւում, այդ թւում՝ «Լուսաւոր Հայաստան»-ը, արդիւնքում լինում է արտահերթ ընտրութիւններ։ Հիմա տւեալ դէպքում, ենթադրենք, սցենար ասեմ, Նիկոլ Փաշինեանը հրաժարական է տալիս, երկու անգամ, մենք պէտք է համաձայնւենք իր խաղի կանոնին եւ երկու անգամ մենք էլ չառաջադրենք թեկնածու, որպէսզի արտահերթ ընտրութիւն լինի՞, այսինքն՝ գնանք Նիկոլ Փաշինեանի հետ գործարքի՞, բնականաբար, ո՛չ»:
Պատգամաւորի գնահատմամբ՝ իշխանութիւնները Հայաստանը վերածում են Թուրքիայի ֆորպոստի. «Անվտանգութեան խորհրդի քարտուղարի հպարտութեան ամենամեծ առիթն այն է, որ Ռուսաստանից համարեա զէնք չեն առնում. խոշորագոյն զէնք արտադրող երկրներից մէկից զէնք չառնելը համարւում է հերոսութիւն։ Դու այդ ամբողջ դատարկ տեղը, երբ որ փորձում ես լրացնել ՆԱՏՕ-ով, Հայաստանին ամենամօտ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ո՞րն է, Թուրքիան։ Նախկինում Հայաստանը միշտ էլ բոլոր կողմերի հետ համագործակցել է, բայց ազնիւ է աշխատել։ Մէկին չի խաբել՝ ի շահ միւսի, յետոյ միւսին խաբել՝ ի շահ միւսի։ Բայց տւեալ դէպքում անհաւասարակշիռ քաղաքականութիւնը երկիրը ճօճում է, յատկապէս, որ մէկ-մէկ պոռոտախօսութեամբ են զբաղւում. նոյն խորհրդարանական իշխանութեան պատգամաւորների հակառուսականութիւնը ոնց որ կոճակով լինի՝ կոճակը սեղմում են՝ հակառուսականութեան ալիք է, յետոյ Նիկոլ Փաշինեանը Պուտինի հետ եթէ հանդիպում է, կոճակը սեղմում են՝ ձայները կտրում են»: