Հայաստանի թուրքացումով Հայաստանը եւ Սփիւռքը կը դառնան երկու առանձին միաւոր
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի ելոյթը «Հայաստան–Թուրքիա յարաբերութիւններ. սպառնալիք, թէ՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին:
«Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման հարցն ապագայի համար գլխաւոր խնդիրն է ոչ միայն Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը մեր ազգի հայրենիքն է»,-իր ելոյթում ասել է Մուրադ Փափազեանը։
Նրա խօսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կը նշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերութիւնների սննկացում եւ դրանց վաճառքը թուրքական ընկերութիւններին, Հայաստանից բնակչութեան արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։
«Հայաստանի բնակչութեան մի մասը եւ սփիւռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդիւնքում՝ սփիւռքը չի գայ Հայաստան»,-շեշտեց Մուրադ Փափազեանը՝ նշելով, որ այդ պայմաններում հիւրանոցային բիզնեսը յետ կը նահանջի եւ թուրքական ընկերութիւնները կրկին կը գնեն դրանք։
Նրա խօսքով՝ Հայաստանի թուրքացումը կը յանգեցնի նրան, որ Հայաստանը եւ սփիւռքը կը դառնան երկու առանձին միաւոր։
Բանախօսը յայտարարեց, որ դեռ չի խօսում Հայոց Ցեղասպանութեան խնդրի, փոխհատուցման մասին, որի ուղղութեամբ սփիւռքը զգալի յաջողութիւնների է հասել, ինչը զայրացնում է Թուրքիային։
Նա նաեւ առաջարկեց հայ-թուրքական յարաբերութիւնների հարցով համահայկական հանրաքւէ անցկացնել։