Հայ Դատ

COP29-ին բացայայտւեցին Ալիեւի բռնաճնշումները հայ գերիների եւ սեփական ժողովրդի նկատմամբ

Հայ Դատի յանձնախումբն ամէն բան արել է, որ COP29-ի ընթացքում հայ գերիների վերադարձի թեման արժանանայ համաշխարհային ուշադրութեան: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը:

«COP29-ը գրաւելու եւ իր խնդրանքները կեղծ բնապահպանական, դրական պատկերով ներկայացնելու Բաքւի փորձը հակառակ ազդեցութիւն ունեցաւ՝ ի յայտ բերելով Ալիեւի վարչակարգի կաշառակերութիւնը, շարունակական յարձակումներն Արցախի, Հայաստանի նկատմամբ եւ բռնաճնշումները ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ առնւազն 23 հայ գերիների նկատմամբ: Այս մարդիկ, որոնց մէջ են նաեւ Արցախի ղեկավարութիւնը, շարունակում են տանջանքներ կրել ադրբեջանական բանտերում: Եւ Հայ Դատի յանձնախումբն, աշխատելով մարդու իրաւունքների հարցերով զբաղւող կազմակերպութիւնների հետ, ամէն բան արեց, որ COP29-ի ընթացքում աշխարհի բոլոր հատւածներում այս թեման արժանանայ համաշխարհային ուշադրութեան»,- նշել է Չուլջեանը:

Խօսելով վերջին շրջանում Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի իրականացրած աշխատանքների մասին՝ նա ընդգծել է.

«Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը վերջին օրերին աշխատել է ԱՄՆ սենատոր էդ Մարքիի եւ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ, ինչի արդիւնքում 60-ից աւելի կոնգրեսականներ կոչ էին ուղղել ԱՄՆ ԱԳՆ-ին, որ COP29-ի շրջանակներում ճնշում գործադրեն Ադրբեջանի նկատմամբ եւ վերջինս ազատ արձակի հայ գերիներին, որոնց մէջ կը լինեն նաեւ Արցախի ղեկավարները: Այս ամէնի հետ մէկտեղ պէտք է աշխատանքներ տարւեն նաեւ, որ էթնիկ զտման ենթարկւած արցախցիները հնարաւորութիւն ունենան ապահով վերադառնալ իրենց պատմական հողեր: Սակայն այս ամէնի փոխարէն Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է սպառնալ Հայաստանին: Եւ COP29-ի շրջանակներում պէտք է նաեւ այդ հարցը բարձրացւէր, ու մենք տեսանք, որ նման բողոքի կոչեր հնչեցին:

Օրինակ՝ Ֆրանսիան իր յստակ տեսակէտը յայտնեց Արցախի հարցի վերաբերեալ, բնապահպանական թեմաներով, ինչպէս նաեւ Ադրբեջանի կառավարութեան հնչեցրած սպառնալքիների վերաբերեալ: Գերմանիան եւս անդրադարձաւ խնդրին, Եւրոպական խորհրդարանը եւս իր յստակ պահանջներն ու ակնկալիքները ներկայացրեց Ադրբեջանին»:

Related Articles

Back to top button