Հայ Դատ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ղեկավարները քննարկել են քաղաքական առաջնահերթութիւնները ամերիկեան նոր ադմինիստրացիայի պայմաններում

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային, շրջանային եւ նահանգային ղեկավարները, ինչպէս նաեւ Հայ Դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին Կալիֆորնիայում, Ռոնալդ Ռէյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել են Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները 2024 թ. ընտրութիւններից յետոյ։ Մասնաւորապէս ուշադրութեան կենտրոնում են եղել ինչպէս Սպիտակ տան վարչակազմի, այնպէս էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղութիւնները, յատկապէս այն կոնգրեսականների հետ, ովքեր ընտրութիւնների ընթացքում վայելել են Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի սատարումը։ Այդպիսի թեկնածուների շուրջ 90%-ը ընտրապայքարն աւարտել է յաջողութեամբ։

Խորհրդաժողովի բացման խօսքում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը մասնաւորապէս նշել է. «Մենք հաւաքւել ենք՝ որպէս հայ ազգի երկրորդ բանակ, յենւելով մեր հաւաքական ուժերի եւ ռազմավարական պատկերացումների վրայ, որպէսզի ընթանանք դէպի այն դժւարին մարտահրաւէրներն ու շատ իրական հնարաւորութիւնները, որոնք տեսնում ենք Վաշինգտոնում։

Հայ Դատի ղեկավարները Միացեալ Նահանգների ամբողջ տարածքում ներկայացնում են մեզանից ամենալաւերին: Նրանք ունեն համարձակ տեսլական, խորը նւիրւածութիւն, քաղաքական փիլիսոփայութիւն եւ իրական աշխարհի քաղաքական հմտութիւններ, որոնք կարեւոր են Վաշինգտոնում որոշումներ կայացնողների վրայ ազդելու համար: Այն փաստը, որ Հայ Դատի յանձնախմբի ղեկավարներին բոլոր 50 նահանգներում աջակցում են հզօր համայնքային կառոյցներ, նրանց աւելի ուժեղ է դարձնում»։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի Կենտրոնական գրասենեակի կողմից ներկայացւել է կազմակերպութեան ռազմավարական առաջնահերթութիւնները գալիք վարչակազմի եւ Կոնգրեսի յաջորդ նստաշրջանի համար: Դրանք ներառում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վերսկսւած հակահայկական ագրեսիայի զսպումը, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը, ապօրինի կալանաւորւած հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը, հայ փախստականներին մարդասիրական օգնութեան տրամադրումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Արցախում իրականացւած էթնիկ զտման ցեղասպանական գործողութիւնների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատւութեան ենթարկումը։ Մասնաւորապէս, կարեւորւել է Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդւածի (907-րդ բանաձեւ) կիրարկման ապահովումը, Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեան բացառումը, ադրբեջանցի պատերազմական յանցագործների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառումը, Ադրբեջանի կողմից իրագործւած պատերազմական յանցագործութիւնների ամերիկեան հետաքննութիւնը, Հայաստանին տրամադրւող մարդասիրական բնոյթի օժանդակութեան աւելացումը, Ադրբեջանում մարդու իրաւունքների սարսափելի պատկերի վերաբերեալ ամերիկեան պատշաճ արձագանգի ապահովումը եւ այլն։

Հայ Դատի համակարգում գործող՝ Հայկական իրաւական կենտրոնի ներկայացուցիչներն իրենց զեկոյցներում հանգամանօրէն ներկայացրել են անվտանգ եւ արժանապատիւ կերպով արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման ուղղութեամբ անհրաժեշտ աշխատանքները։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկւել են նաեւ հայկական շահերի պաշտպանութեան գործում զանգւածային լրատւութեան արդի գործիքների լայն կիրառմանը վերաբերող հարցեր։

Հրապարակային զեկոյցներից յետոյ, խորհրդաժողովի աշխատանքները շարունակւել են փակ ձեւաչափով՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեան ռազմավարական ուղեգծի ամբողջացման համար։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

27 նոյեմբերի 2024 թ.

Related Articles

Back to top button