Հայ Դատ

Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը չի՛ կարող լինել ուրացման եւ ինքնութիւնից հրաժարման ճանապարհով

«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի ելոյթը «ՀայաստանԹուրքիա յարաբերութիւններ. սպառնալիք, թէ՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Յարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարեւոր թեմաներից մէկը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մարտահրաւէրները։ Սա միայն քաղաքական կամ դիւանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյութեան եւ ինքնութեան հարցն է։

Նախ ցանկանում եմ երախտագիտութիւնս յայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, ովքեր անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր ասպեկտները ներկայացնելու եւ վերլուծելու ուղղութեամբ։

Թուրքիայի հետ յարաբերութիւնների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կեանքում էական ազդեցութիւն ունեցող հացերին, փորձել իրապէս գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային եւ զգայական մասը։

Նախեւառաջ պէտք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծւել է մեր տարածաշրջանում 2020 թ. պատերազմից յետոյ։

2020 թւականի պատերազմը ոչ միայն հարւած հասցրեց Արցախին եւ Հայաստանին, այլեւ խաթարեց տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութիւնը։

Հիմա արդէն կարող ենք վստահօրէն ասել՝ Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլեւ մեկնարկեց ողջ տարածաշրջանը դոմինոյի շղթայական ռեակցիայով ապակայունացնելու, հակամարտութիւնները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ։ Արցախը դոմինոյի շղթայի առաջին օղակն էր։
Ուժերի հաւասարակշռութեան բացակայութեան պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիօրէն է գործում ողջ տարածաշրջանում, եւ դրա վկայութիւնն են վերջին զարգացումները։
Կարծում եմ, արդէն բոլորի համար պարզ դարձաւ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ պահպանելով ուժային հաւասարակշռութիւն եւ տարածաշրջանային կայունութիւն։

Ի վերջոյ՝ պէտք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զաւթումը կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնութեան ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։

Դատենք փաստերով։

Պատերազմի արդիւնքներն անդրադարձան նաեւ տասնամեակներ տեւած Մինսկի համանախագահ երկրների գլխաւորութեամբ ընթացող բանակցային գործընթացի եւ տարածաշրջանում նրանց դերակատարութեան վրայ։

Բաւական արագ եւ առաջին հերթին Հայաստանի գործող իշխանութեան համաձայնութեամբ ու թոյլտւութեամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էութեան փոխարինեց Թուրքիան։

Ակնյայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանութիւնները թէ՛ Թուրքիայի, թէ՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանաւորւածութիւններ, որոնք մեր ողջ հանրութեանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջեւ։

Եւ հէնց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողութիւններ, որոնք մեզ թոյլ են տալիս եզրակացնելու՝ այդ բանակցութիւններին քննարկւում եւ իրականում մեր նկատմամբ գործադրւում է դենացոնալիզացիայի ծրագիր։
Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնութեան ոչնչացումը ներառում է մի շարք գործողութիւններ, որոնք ուղղւած են որեւէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնութեան, մշակոյթի եւ ազգային դիմագծի վերացմանը:
Դենացիոնալիզացիան կարող է իրականացւել տարբեր ձեւերով՝

  • լեզւի եւ կրթական համակարգի փոփոխութեամբ,
  • մշակութային ժառանգութեան ոչնչացմամբ կամ իւրացմամբ,
  • պատմական փաստերի կեղծումով,
  • բնակչութեան բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականութեան գործադրմամբ,
  • ազգային արժէքների եւ աւանդոյթների նսեմացմամբ կամ արգելքով:

Հէնց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանւած ժողովուրդը ներկայացւում որպէս ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ որպէս խաղաղարար։

Այս շղթայի մաս են կազմում Անկախութեան հռչակագրի նկատմամբ ոտնձգութիւնները, հայկական բանակի վրայ յարձակումները։

Այս երեւոյթի դրսեւորումներն են ՀՀ պետական խորհրդանիշերի, զինանշանի եւ օրհներգի դէմ յարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայեացքից անտրամաբանական ցանկութիւնները, բայց խորքում հայկականութեան դէմ պայքարը։

Այս գործընթացի դրսեւորումն է նաեւ իշխանութեան կողմից դաշտ նետւող՝ իրակա՞ն, թէ՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թէ՞ Արարարտ արհեստական քննարկումները։

Այս համատեքստում է նաեւ Արցախի ժողովրդի հաւաքական իրաւունքների պաշտպանութիւնից եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը։

Այսպիսով միակ իրական առաջարկը, որն արւում է մեզ, հետեւեալն է. հրաժարւել հնարաւոր բոլոր գործիքակազմերով սեփական իրաւունքների պաշտպանութիւնից եւ ապաւինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեգթութեանը։ Սա ոչ թէ խաղաղութեան հասնելու բանաձեւ է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժո՛ւմ ենք այդ ճանապարհը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ին յաճախ մեղադրում են Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը դէմ լինելու մէջ։ Իրականում, սակայն, մենք երբեք հանդէս չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որեւէ պայմանաւորւածութեան դէպքում։

Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը չի՛ կարող լինել ուրացման եւ ինքնութիւնից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պէտք է ընդունի նաեւ Թուրքիան։

Հրաժարւելով մեր իրաւունքներից՝ մենք հրաժարւում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրութիւն է՝ դառնալ ազգային պետութիւն, որոշել սեփական ճակատագի՞րը, թէ՞ անվտանգութիւն մուրալ թշնամիներից։

Հետեւաբար, մենք չենք կարող հրաժարւել մեր պաշտպանութիւնից «խաղաղութիւն» բառը վերնագրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց։

Հայաստանի ապագան կարող է կառուցւել միայն ուժի, ազգային արժանապատւութեան եւ մեր անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան վրայ։

Լիայոյս եմ, որ այսօր հրաւիրւած խորհրդաժողովի զեկուցողները կանդրադառնան բոլոր այս խնդիրներին՝ մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականութիւնը։

Յաջողութիւն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին։

Related Articles

Back to top button