Բացառիկ յօդւածներ Հայոց Ցեղասպանութեան մասին՝ Շուշիում տպագրւող «Փայլակ» թերթից

Զ. ՇՈՒՇԵՑԻ
Արցախի Շուշի քաղաքը յայտնի է իր գրատպութեան եւ մամուլի տպագրութեան հարուստ պատմութեամբ: Դեռեւս 1820-ականներից Շուշիում սկսւել է տպագրութիւնը:
Կարճ ժամանակում քաղաքը մեծ վերելք է ապրել նաեւ այդ ոլորտում: Գրատպութեանը զուգահեռ՝ ժամանակի ընթացքում քաղաքում զարգացել է նաեւ քաղաքական, հասարակական, գրական եւ մշակութային թեմաներով թերթերի, պարբերականների հրատարակութիւնը: Այդ ցանկում իր բացառիկ տեղն ունի յատկապէս «Փայլակ» թերթը:
Թերթը լոյս է տեսել 1915-1917 թւականների ընթացքում: Յատկանշական է, որ Արցախի քաղաքական, հասարակական, ինչպէս նաեւ մշակութային կեանքի լուսաբանմանը զուգահեռ՝ Արցախում տպագրւող պարբերականը մեծ ուշադրութիւն է դարձրել յատկապէս Արեւմտեան Հայաստանի կացութեանը վերաբերող հարցերին:
Թերթում բազմաթիւ յօդւածներ կան նւիրւած թուրքական կառավարութեան վարած հակահայկական քաղաքականութեանը ո՛չ միայն Արցախում, այլ նաեւ Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստանում:
Թերթի սկզբնաւորումը համապատասխանում է 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանին: Շուշիում տպագրւող պարբերականը մանրամասն եւ բացառիկ տեղեկութիւններ է յայտնում ցեղասպանութիւնից յետոյ Արեւելեան Հայաստան հասած գաղթականների մասին: Ուսումնասիրելով թերթի 1915 թւականի սեպտեմբեր ամսւայ մի քանի համարները՝ տեսնում ենք, թէ ինչ քաոսային իրավիճակ էր այդ շրջանում ամբողջ Հայաստանում: Մասնաւորապէս համարներից մէկում կարդում ենք Էջմիածնում տիրող քաոսային իրավիճակի մասին. «Էջմիածնից հեռագրում են, որ այժմ օրական 400 հոգի է մեռնում փախստականների մեջ: 500 դիակ ընկած մնացել են անթաղ: Խիստ կարիք է զգացւում կիրի: Թիֆլիսից ուղարկւած է 1 վագոն, բայց հեռագրել են ուղարկել նաեւ 2 վագոն: Փախստականների կենտրոնացման վայրերից Թիֆլիս վերադարձած քաղաքագլուխ Ա. Խատիսեանի հաղորդած տեղեկութիւնների համաձայն Կովկասում ապաստանած բոլոր տաճկահայ փախստականների թիւը հասնում է 150.000-ի, որոնք տեղաւորւած են հետեւեալ վայրերում. Ալեքսանդրապոլի շրջանում-7000, Էջմիածնում-35000, Երեւանում-20.000, Մարգարա գիւղում-15.000, Իգդիրում-6000, Գանձակի նահանգում-4000, Նոր Բայազեդի գաւառ-15.000, Էջմիածնի գաւառ-10.000, Երեւանի գաւառ-10.000, մնացորդները տեղաւորւած են Երեւանի նահանգի միւս տեղերում: Էջմիածնից Թիֆլիս եկաւ մի սանիտարական գնացք, որով բերւել են 500 որբեր: Դրանցից 300-ը մնացին Էջմիածին, 100-ը թողւեց Թիֆլիսի համար, որոնք ուղարկւեցին Կրծանիսում վարձւած բնակարանը: 20 հոգի հիւանդներ տարւեցին հիւանդանոց»: («Փայլակ», Շուշի, 1915, սեպտեմբերի 3):
«Փայլակ» թերթը 1915 թւականի համարներում գրեթէ մանրամասն ներկայացնում էր գաղթականներ ընդունած քաղաքների վիճակը: Էջմիածնում քաոսային իրավիճակը սաստկանում էր ամէն օր: 1915 թւականի սեպտեմբերի 3-ի համարից ուղիղ 3 օր յետոյ՝ սեպտեմբերի 6-ի համարում կարդում ենք, որ ողբերգական վիճակը յատկապէս Էջմիածնում շարունակւում է:
«Էջմիածնում քսանհինգ օրւայ ընթացքին Ներսիսեան անտառի հարաւային ծայրը, խրամատներու մէջ թաղւած են փախստականների 3000 դիակներ եւ տակաւին բանւորների պակասութեան հետեւանքով 585 դիակներ բաց արեւի առաջ մնացէր են: Մտահոգիչ է մանաւանդ, որ մեռնողների թիւը օրըստօրէ կաւելանայ մօտ 30 տոկոսով:
Վանեցիների մէջ մահացութիւնը հասնում է օրական 60-80 հոգու: Խոլերան սպառնալից կերպարանք է ընդունում: Աւելի թշւառ վիճակում են գտնւում գաղթականները Երեւանում, քան Էջմիածնում: Չնայած, որ Երեւանում գործող անձեր անշուշտ շատ կան, բայց եւ այնպէս գրեթէ բոլոր փողոցները լիքն են գաղթականներով, որոնք փոշիների մէջ պառկած մեռնում են անխնամ»: («Փայլակ», Շուշի, 1915, սեպտեմբերի 6):
Տարբեր քաղաքներից ստացւած թղթակիցների լուրերն ու տեղեկութիւններն ամբողջական պատկեր են տալիս Արցախի ընթերցողների համար Ցեղասպանութեան արհաւիրքի մասին: Էջմիածնի հետ զուգահեռ՝ ծանր վիճակ էր ո՛չ միայն Երեւանում, այլ նաեւ Դիլիջանում: Դիլիջանում կենտրոնացած գաղթականների հետ մէկտեղ՝ մեծ թիւ էին կազմում քաղաքում նաեւ որբերը: Դիլիջանում ողբերգական վիճակն աւելի է ահագնանում որբերի շրջանում առաջացած համաճարակից յետոյ.
«Դիլիջանից հեռագրում են, որ հաւաքւել են մինչեւ 2000 փախստականներ: Ծայր է առել էպիդեմիա: Մահացութիւնը մեծ ծաւալ է ստանում: Խնդրում են շտապով ուղարկել ֆելդշերներ, գթութեան քոյրեր, հիւանդապահներ, ախտահանողներ, 5000 կոմպլեկտ սպիտակեղէն: Անհրաժեշտ է ախտահանութեան ենթարկել փախստականների բոլոր կայանները: Դիլիջանի որբանոցում առայժմ գտնւում են փախստականների 420 որբ երեխաներ: Դրանց մէջ մեծ թւով հիւանդներ կան, գլխաւորապէս ստամոքսային հիւանդութեամբ, իսկ կէսից աւելին բռնւած է աղիքացաւով»: («Փայլակ», Շուշի, 1915, սեպտեմբերի 13):
Արեւելեան Հայաստանում ստեղծւած քաոսային վիճակին զուգահեռ՝ «Փայլակ» թերթը կոչ էր անում նաեւ Արցախի բնակչութեանը հոգ տանել այնտեղ եկած գաղթականներին:
Թուրքական հակահայ քաղաքականութեան քննադատութեան հետ մէկտեղ՝ թերթը զբաղւում էր նաեւ Արցախի բնակչութեանը համախմբելով, որպէսզի կազմակերպւած լինի Արեւմտեան Հայաստանից եկած գաղթականների փրկութեան գործը: Արցախի գրատպութեան եւ մամուլի տպագրութեան գլխաւոր կենտրոն Շուշին կարողանում էր այդկերպ լուրջ քաղաքական եւ հասարակական գործունէութիւն ծաւալել: