ՑԱՒԸ ՏԱՃԱՐ ԴԱՐՁՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐԲՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ

Իրանահայ մամուլի պատմութեան էջերից.
Հպանցիկ ակնարկ «ԱԼԻՔ»-ով լուսաբանւած Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին նւիրւած բողոքի ցոյցերին: Յօդւածում ներկայացւած են Իրանի Իսլ. Յեղափոխութեան յաղթանակին յաջորդած ժամանակաշրջանում Թուրքիայի դեսպանատան ժխտողական կեցւածքը եւ 1981 թւականին թուրք դեսպանի ագրեսիւ գործողութիւններին հակազդող զարգացումները:
Հէնց սկզբից նպատակը յօդւածով լսարանի հետ կիսւելը չէր: Պարզապէս մի ուշացած հարցով մեզ բոլորիս ու բոլորին դիմելու համար էին գրւած տողերս: Այն, որ նոյնիսկ առիթից առիթ ու Ապրիլեանից Ապրիլեան գործի անցնելու կամ յիշելու մէջ վատ բան փորփրելու նպատակ չւնի յօդւածս: Հակառակը, դա ոչ միայն կարեւոր է մասնակցող անհատի համար, այլ, ինչ որ տեղ նաեւ պարտաւորեցնող: Յատկապէս այն առումով, որ ոգի ու տրամաբանութիւն է ներարկում անձն իր գործի մէջ, ու գիտակցում, որ ինչ որ բան փոխելու համար նախ պէտք է պատրաստ լինել փոխել ինքդ քեզ:
Իսկ այժմ հարցի մասին… չգիտես ինչու, չի թւում, որ մեզ մօտ Արցախի ու արցախահայութեան հետ կատարւածը համապատասխան գնահատականի արժանացած լինի: Ցեղասպանութիւնը ուրիշ ինչ յատկանիշ պիտի ունենայ, որ հնարաւոր չլինի այլ եզրոյթով խօսել կատարւածի մասին… թէ մեր հին ցաւն այնքան խորն է, որ նոր վէրքին ախ ասող չկայ…
Գազետային վարւելակերպին յատուկ՝ հարցից հարց անցնելը մի կողմ թողած, փորձելու ենք հպանցիկ ակնարկով վերյիշել Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու եւ պահանջատիրական ոգին սերմանող այն գաղափարների մասին, որոնք գտան իրենք ուխտավայրը՝ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշահամալիրի կառուցմամբ:
Պատմութիւն, որը կարծես վերապրածների մօտ կոտրւել սկսող լռութեան հետ միաժամանակ ծիլ արձակեց յուշահամալիրի տեսքով ու դարձաւ համայն հայութեան ուխտատեղի։
Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր, կամ Ծիծեռնակաբերդը, կառուցւած է Երեւանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրայ։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրեանը, ճարտարապետը՝ Արթուր Թարխանեանը (Սաշուր Քալաշեանի համահեղինակութեամբ)։
Ըստ աւանդութեան՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստւածներ Վահագնին ու Աստղիկին՝ միմեանց լուրեր փոխանցել։
1965 թւականի Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանութեան 50-ամեակին, Երեւանում տեղի ունեցան զանգւածային ցոյցեր, որը խթանեց Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման աշխատանքներին եւ առաջին անգամ ՀԽՍՀ-ում նշւեց Ցեղասպանութեան յիշատակի օրը։ Արդիւնքում 1965-ի մարտի 16-ին վաւերացւած յուշարձան կանգնեցնելու որոշումն սկսեց կենսագործւել 1966-ին։
Հանրապետութիւնում յայտարարւում է մրցոյթ։ Ներկայացւած 70 նախագծերից յաղթող է ճանաչւում Արթուր Թարխանեանի ու Սաշուր Քալաշեանի նախագիծը։ Շինարարական աշխատանքներն սկսւում են, երբ ՀԿԿ Կենտրոնական կոմիտէի առաջին քարտուղարն էր Անտոն Քոչինեանը։
12 քարէ սալերը դասաւորւած են շրջանագծով։ Յուշարձանի շուրջը տարածւող այգում գտնւում է 100 մետրանոց պատ, որի վրայ փորագրւած են այն քաղաքների ու գիւղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդերը։
Գործադիր առաջին քարտուղար Անտոն Քոչինեանի գլխաւորութեամբ այցելում է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ խոնարհում յուշարձանի մօտ, միաժամանակ տեղի է ունենում պահանջատիրական ցոյց, որից յետոյ Անտոն Քոչինեանի ձեռամբ վառւում է յուշարձանի անմար կրակը:
Պահանջատիրական ցոյցերն ու գործողութիւնները միշտ կրել են շարունակական բնոյթ: Դրանք արդիւնաւորւել ու տեսքափոխւել են մէկը միւսին խթանելով ու անհերքելի հետքեր թողնելով:
Իրանահայ համայնքը եւս ինչպէս միշտ գիտակցելով իր անելիքը վառ է պահել պահանջատիրական ոգին: Նոյնիսկ այն ժամանակաշրջանում, երբ խորհրդայնացում գոռացող ու տենչող հոսանքներն էին փորձում համայնքն ու ժողովուրդը կտրել իր ինքնութեան պորտից:
Իրանահայ մամուլի էջերում կարելի է նոյն առիթից առիթ ձեւաչափով տեսնել, զգալ, ու արձանագրել ուրացման դէմ պայքարն ու շունչը: Պարզապէս ցոյցերն ու գործողութիւնները ենթարկւելով տարբեր ժամանակների իշխանութիւնների պահանջներին, կրել են փոփոխական բնոյթ:
Մամուլով լուսաբանւած դէպքերն առաւել ուշագրաւ տեսք են ստացել Իրանի Յեղափոխութեան յաղթանակից յետոյ, յատկապէս, առաջին տարիների ընթացքում, երբ տարբեր երկրներ փորձում էին ուժային նոր հաւասարում թելադրել ստեղծւող վիճակին:
1981 թւականի ցոյցերի ընթացքում տեղի ունեցածը սարսափի ալիք բարձրացրեց Թուրքիայի դեսպանատան անձնակազմի մօտ: Իրանահայ երիտասարդ ցուցարարները մօտենալով Թեհրանում Թուրքիայի դեսպանատան շէնքին թիկունքում թողնելով ոստիկանութեան պատնէշը:
Մուտք են գործում դեսպանութեան շէնքի տարածք եւ Թուրքիայի դրօշը ձեռքին վերադառնում փողոց ու հրկիզում են այն:
Կատարւածի մասին լրատւութիւնը թերթում կենտրոնացած է եղել ձերբակալւած չորս հայ երիտասարդների վերնագրի տակ…
Առաւել ուշագրաւ է Ներքին գործերի նախարարի օգնականի հանգստացնող յայտարարութիւնը նման դէպքերի ժամանակ: Ցուցարարները պահանջել են ձերբակալւածներին անյապաղ ազատ արձակել…
…կրկնելով իրենց պահանջը: Ի վերջոյ երիտասարդութիւնը ցրւեց, երբ Ներքին գործոց նախարարութեան օգնական Սաֆիր Զադէն ներկայանալով, խոստացաւ որ շատ շուտ ձերբակալւածները ազատ կարձակւեն:
Սաֆիր Զադէն իր խօսքերի ընթացքում, որը մեզ է փոխանցւել անպաշտօն կերպով է նաեւ որ նրանք Թուրքիայի կառավարութեանը չեն գերադասի հայ, հայրենակիցներին: Նա աւելացրել է, որ եթէ նրանք պաշտպանում են թուրքական դեսպանատունը, դա չի նշանակում որ պաշտպան են կանգնած Թուրքիայի կառավարութեան:
Նշելի է, որ ցոյցը կազմակերպւել էր առաջնորդարանի անունից եւ այդ նպատակով բոլոր միութիւնների եւ ազգային հաստատութիւնների կողմից գործուղղւած ներկայացուցիչներից ընտրւած մի յանձնախումբ…
Թուրքիայի դեսպանը որոշում է պարապ չնստել եւ Ցեղասպան երկրին ու պետութեանը համապատասխան կեցւածքով փորձում է խնդիրը դարձնել դիւանագիտական ճնշում բանեցնելու առիթ: Նոյն օրերին էր, երբ հեռուստատեսութեամբ պատասխան հարւած է հասցնում Ժամանակի Թեմական խորհրդի ատենապետ Լեւոն Ահարոնեանը թուրք դեսպանի աւելորդաբանութիւններին…
Իրազեկ մարդիկ Թուրքիայի դեսպանատանն են վերագրում նաեւ Նոր Ջուղայում «Բաղ-քիշմիշ»-ի դէպքերը, որի ընթացքում խուլիգանական յարձակում է տեղի ունենում հայկական թաղամասի վրայ ու մեծ ծեծկռտուք տեղի ունենում: Հայերից մի քանիսը հրազէնային վնասւածքով տեղափոխւում են հիւանդանոց…
Անցել են ժամանակներ, ու նոր սերունդը նոյն կարգապահ վերաբերմունքուվ շարունակում է գիտակցաբար դէմ գնալ ուրացման քաղաքականութեանը, նոյնիսկ եթէ այն փորձ է արւում այն դարձնել հարազատ երկրի պետական քաղաքականութեան գիծ:
Փաստը մնում է փաստ, որ քաղաքականութիւնը ժամանակի խնդիր է, իսկ ինքնութիւնն ու պատմութիւնը իզօրու են այն սրբագրել իրենց հազարամեակների քաշով…
Գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախօս, իրաւագէտ Արմին Վեգներն Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանեան կայսրութիւնում տեղակայւած գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայութեան սպայ։ Հայոց Ցեղասպանութեան ականատես։
1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիւ լուսանկարներ։ 1919 թ․ հրատարակել է ի պաշտպանութիւն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնին, որը թարգմանւել է ֆրանսերէն, անգլերէն, իտալերէն, իսպաներէն եւ այլ լեզուներով։
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը եւ լուսանկարների հետ մէկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակւել։ Հետագայում այդ նամակները եւ նոյն շրջանում գրած այլ նիւթեր ամփոփւել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։
«82-ամեայ Արմին Վեգները աղօթում է, յարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին:
Ծիծեռնակաբերդ, սեպտեմբեր, 1968 թ.: Լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի: