Հայ Դատ

Ակնյայտ է` հայկական քւէն նշանակութիւն ունի

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից արցախահայութեան տեղահանութեան, էթնիկ զտումների, Քամալա Հարիսի անգործութեան եւ քրիստոնեաների հետապնդումների վերաբերեալ յայտարարութիւնից յետոյ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ փոխանցելով նաեւ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի նկատառումները։ Վերջինս, մասնաւորապէս, նկատել է․

«Նախագահ Թրամփը, ով կտրուկ աւելացրել է ԱՄՆ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին՝ զինելով եւ քաջալերելով Ալիեւի ռեժիմի 2020 թ․ յարձակումը Արցախի վրայ, պէտք է անի աւելին, քան քարոզարշաւի յայտարարութիւն հրապարակելը, պէտք է փաստացի արդիւնքներ գրանցի մինչեւ ընտրութիւնների օրը։ Նա կարող է սկսել՝ հրապարակայնօրէն սատարելով արցախցիների վերադարձի իրաւունքը եւ անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խօսնակ Ջոնսոնին քւէարկութեան դնել թիւ 7288 բանաձեւը։ Այդպիսով կիրառութեան մէջ կը դրւի 907-րդ յօդւածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրւող օժանդակութեան վերաբերեալ: Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջէյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի անդամը, պէտք է հովանաւորի եւ աշխատի թիւ 540 բանաձեւի ընդունման ուղղութեամբ՝ մանրամասն ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օժանդակութեան օգտագործումը հակահայկական ռազմական յանցագործութիւնների ընթացքում»։

«Չնայած մենք ուրախ ենք տեսնել, որ մեր համայնքի կայուն ներգրաււածութիւնը ստիպել է Արցախին եւ Հայաստանին վերաբերող հարցերը բերել ընտրական քննարկումների դաշտ, այնուամենայնիւ, մենք ակնկալում ենք եւ արժանի ենք աւելիին, քան խօսքերը: Մեր ձայները վաստակելու համար մենք այժմ պէտք է տեսնենք գործողութիւններ, որոնք պատասխանատւութեան են ենթարկում Ալիեւին եւ զսպում են ադրբեջանական նոր ագրեսիան»։

Ամերիկայի հայ համայնքին եւ համախոհ կազմակերպութիւններին հասցէագրւած տեսաուղերձում Արամ Համբարեանն արդէն իսկ նկատել է․

«Ակնյայտ է՝ հայկական քւէն նշանակութիւն ունի։ Մենք դա տեսանք այսօր, երբ նախկին նախագահ Թրամփը խօսեց Բայդէն-Հարիսի վարչակազմի անգործութեան վերաբերեալ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներին ընդառաջ: Մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ փոխնախագահ Հարիսը կոչ արեց հայերի անվտանգ եւ կայուն վերադարձն Արցախ։ Սա կարեւոր հանգրւան է մեր համայնքի համար, կարեւոր հանգրւան մեր՝ որպէս ընտրական ուժ, ամերիկեան ազգային բեմում յայտնւելու գործում: Այնպէս որ, խնդրում ենք մնալ ներգրաււած եւ շարունակել ճնշումը: Մեր ներդրումներն ամերիկեան քաղաքական համակարգում արդիւնք են տալիս»։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ամբողջական հաղորդագրութիւնը հասանելի է հետեւեալ հղմամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

24.10.2024 թ.

Related Articles

Back to top button