Հայաստան - Արցախ

Արմէն Ռուստամեան. «Հայաստանն ընկել է ծուղակը եւ Ադրբեջանի հետ որեւէ համաձայնեցւած սահման չի ունենալու»

Հոկտեմբերի 25-ին ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը հանդէս է եկել մամուլի ասուլիսով:

Նա ամփոփել է խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:

«ԱԺ վերջին նստաշարջանը երկար է յիշւելու եւ մնալու է մեր պատմութեան մէջ՝ ամենախայտառակ էջերի գրանցման առումով»,- նշել Արմէն Ռուստամեանը։

Նրա խօսքով՝ սահմանազատման յանձնաժողովը սահմանադրական նման լիազօրութիւններ չունի, բայց նրա որոշումները ներկայացւում են ՀՀ ԱԺ հաստատման, իսկ փաստաթղթով չենք ունենալու սահման, այլ՝ սահմանազատման գործընթաց։

«Չի բացառւում, որ չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում՝ այս սահմանազատումն ի վերջոյ վերածւի սահմանազիջման։ Սա բնականաբար առաջացնելու է շատ լուրջ խնդիր նաեւ հանրաքւէի հետ կապւած, թէ ինչու այն չի իրականացւում հանրաքւէով եւ այլն»,-ասել է Ռուստամեանը։

«Ներկայում, ըստ էութեան, հատւած-հատւած սահմանը ճշգրտւում է, մէկ էլ պարզւելու է, որ այդ ճշգրտւող հատւածներն, որ իրար կպցնենք, այդ ուրաւգծւող սահմանը խախտելու է մեր տարածքային ամբողջականութիւնը»,-ասել է Ռուստամեանը եւ հարց է տւել, թէ որտեղ է երաշխիքը, որ այդ կտորների կպցնելուց յետոյ առաջացած սահմանը կուրւագծի այն տարածքային ամբողջականութիւնը, որի մասին իշխանութիւնները յայտարարում են, այդ պատճառով էլ ընդդիմութիւնը յայտարարում է, որ կանոնակարգը լուրջ ական է պետականութեան տակ։

Ռուստամեանը յիշեցրել է, որ ՔՊ-ն նստաշրջանում ընդունեց Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւն, որը հնարաւորութիւն է տալիս կայացած ընտրութիւնների արդիւնքները չեղեալ յայտարարել արտակարգ կամ ռազմական դրութիւն յայտարարելով եւ ենթադրեց, որ իշխանութիւնները ցանկանում են ամէն գնով պահել իրենց աթոռները՝ նաեւ իրենց համար անընդունելի ընտրութեան արդիւնքները չեղեալ համարելով։

«Ամէն իշխանութիւն հեռացւելու է իւրովի եւ այս իշխանութիւններն էլ են հեռացւելու, յաւերժ չեն»,-ասել է Ռուստամեանը։

«2018 թւականին եղել է ժողովրդի ընդվզում եւ այն ժամանակ ՀՅԴ-ն այդ շարժման կողքին էր։ Բայց մենք բոլոր իշխանութիւնների հետ յարաբերւել ենք մէկ սկզբունքով՝ առաջադրել ենք յստակ նպատակներ եւ պայմաններ, եթէ դրանք ընդունելի են եղել՝ մենք համագործակցել ենք բոլորի հետ։ Այդպիսի իրավիճակ առաջացել է նաեւ 2018 թ. Նիկոլ Փաշինեանի հետ եւ մենք իրեն առաջարկել ենք 5 պայման, որ ստեղծւած իրավիճակն օգտագործի եւ երկիրն արագ տեմպերով զարգանայ, դէպի մեր ազգային, պետական նպատակներ, խնդիրների լուծում, բայց այդ 5-ից ոչ մէկը չմնաց»,-նշել է Ռուստամեանը եւ շեշտել, որ համագործակցութիւնը տեւել է մի քանի ամիս։

Ըստ Արմէն Ռուստամեանի՝ կայ մի զանգւած որը քաղաքական դաշտում բոլորից դժգոհ է, բոլորին սեւացնում է, որպէսզի ինքը գայ քաղաքական դաշտ, ինչը խանգարում է ընդդիմութեան պայքարին։

Անդրադառնալով խաղաղութեան փաստաթղթին՝ Ռուստամեանն ասել է. «Փաշինեանին օդ ու ջրի պէս պէտք է, որ հերթական խաբէութիւնը իրականացնի եւ նոր մանդատ ստանայ։ Լրջագոյն բախում կայ մեծ գերտէրութիւնների մէջ, ՀՀ իշխանութիւնը պէտք է այնպէս անի, որ այդ բախումը մեր վրայ չկոտրւի»:

Arfd.am

Related Articles

Back to top button