Հակաիմպիչմենտ՝ ընդդէմ Հայաստանի․ վերջին «կամ-կամ»-ը

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍՏԱՆ
Հայաստանն ապրում է իմպիչմենտի հնարաւորութեան ու ռիսկի պայմաններում։ «Պատիւ ունեմ» խմբակցութեան կողմից խորհրդարանում յայտարարւած իմպիչմենտի՝ Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն յայտնելու նախաձեռնութիւնն այդ գործընթացի մի մասն է միայն, դրա քաղաքական, սահմանադրական դրսեւորումը։ Սակայն օպերատիւ քաղաքականութեան ռեժիմում գեներացւող իմպիչմենտի այս գործընթացին զուգահեռ՝ երկիրը մխրճւում է վերկուսակցական, վերքաղաքական իմպիչմենտի ճահիճ, որը, ի տարբերութիւն առաջինի, յարուցւում է իշխանութեան կողմից, եւ դրա թիրախը ոչ թէ առանձին վերցրած պաշտօնեայ է, այլ լայն իմաստով Հայաստանը՝ հայկականութեան, պետականութեան հիմքում դրւած ինքնութեան իմաստով։
ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի մեկնարկից յետոյ Նիկոլ Փաշինեանը հանդէս եկաւ կոնտր-իմպիչմենտի նախաձեռնութեամբ՝ յայտարարելով Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխելու, այսինքն՝ իմպիչմենտի ենթարկելու գործընթացի մասին։
Իրավիճակի առանձնայատկութիւնն այն է, սակայն, որ ի տարբերութիւն կառավարութեան ղեկավարին պաշտօնանկ անելու սահմանադրական ճանապարհի, Փաշինեանի նախաձեռնած հակասահմանադրական իմպիչմենտի թիրախը անձ չէ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չէ, որքան էլ տեխնոլոգիական իմաստով հակաեկեղեցական արշաւի տեսանելի թիրախը հէնց նա է։
Խորքային առումով Փաշինեանի սկսած իմպիչմենտը վերաբերում է առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, բայց նաեւ այդ նոյն եկեղեցու անփոխարինելի մասնակցութեամբ ձեւաւորւած հայկական քրիստոնէական ինքնութեանը, հայկականութեան գենետիկ կոդին։ Ընդ որում, ասւածը գրեթէ կապ չունի հաւատի հետ։ Խօսքը տւեալ դէպքում Եկեղեցու ինստիտուցիոնալ նշանակութեան, պետութիւնից անջատ գործելու պայմաններում պետականութեան մէջ նրա ունեցած դերի մասին է։ Իմպիչմենտը, որը բառացի նշանակում է պաշտօնանկութիւն, իմաստային առումով ծանրակշիռ մեղադրանքի առկայութեամբ անվստահութիւն յայտնելու ակտ է։
Իր այլասերւած քաղաքականութեան հիմքում դնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի անձը, իրականում Փաշինեանը շատ աւելի կեղտոտ խնդիր է լուծում. նա փորձում է անվստահութիւն յայտնել ոչ թէ կաթողիկոսին, այլ Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպէս հայկականութեան կարեւորագոյն ինստիտուտի։ Եւ այդ առումով, նրա ներկայացրած որեւէ «մեղադրանք» իրականում ուղղւած է հէնց եկեղեցուն, աւելի թաքնւած իմաստով՝ նաեւ հաւատին, ինչն անուղղակիօրէն մեկնաբանւելու է, որ հայ ժողովրդի անցեալի տանջանքների ու ներկայիս աղէտների պատճառը եթէ ոչ քրիստոնէութիւնն է, այլ նրա սպասաւոր Առաքելական եկեղեցին։
Այսպիսով, սեփական իշխանութեանն ուղղւած քաղաքական իմպիչմենտին Փաշինեանը պատասխանում է հայկական ինքնութեանն ուղղւած իմպիչմենտով, որը, իր ողջ նողկանքով հանդերձ, ունի դրական կողմ։ Նա իր դէմ պայքարը քաղաքական, կուսակցական հարթութիւնից տեղափոխում է ինքնութեան, հայկականութեան տիրոյթ։ Իսկ դա նշանակում է, որ նւազագոյն չափով իրեն հայ համարող հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, անգամ աթեիստներ, անգամ ՔՊ-ին ընտրածներ, անկախ քաղաքական հայեացքներից՝ միանալու են օր առաջ Հայաստանը ՔՊ-ից ու Փաշինեանից ազատելու գործընթացին։
«Կամ ես կը լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենայ» կարգախօսով իշխանութեան եկած Փաշինեանը հայ ժողովրդին դրել է՝ «Կամ ես կը մնամ վարչապետի պաշտօնում, կամ հայ ժողովուրդը Հայ Առաքելական եկեղեցի չի ունենայ» երկընտրանքի առաջ։
Նախօրէին Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմաւորելու քաղաքացիների ակցիան ցոյց տւեց, որ հասարակութիւնն ընդունել է իշխանութեան մարտահրաւէրը եւ Հայ Առաքելական եկեղեցու կողքին կանգնելու միջոցով՝ պատրաստ է պաշտպանել պետութիւնն իշխանութիւնից։
Այս համապատկերում խորհրդարանական իմպիչմենտը դառնում է հնարաւորութիւն՝ Փաշինեանի յայտարարած հակահայկական, հակաազգային իմպիչմենտի իրագործման ռիսկը չէզոքացնելու իմաստով։ Իսկ որեւէ հիմնաւորմամբ քաղաքական իմպիչմենտին խոչընդոտելը նշանակելու է մաս կազմել Փաշինեանի սկսած վերքաղաքական իմպիչմենտին, որը գրեթէ հաւասարազօր է նրա ձեւաւորած հակաօրինական «Համակարգող խորհրդի» անդամ դառնալուն։
168.am