«ԱԼԻՔ» – Երէկ՝ Հոկտեմբերի 25-ին, «Սրբազան պայքար» շարժման նախաձեռնութեամբ բողոքի ակցի էր կազմակերպւել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
Նախապէս յայտարարւել էր, որ պահանջւելու է, որ նախագահ Վահագն Խաչատրեանը չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունւած որոշումը: «Որոշումը չստորագրելը ոչ միայն կը փրկի Հայաստանի Հանրապետութիւնը վերահաս աղէտից, այլեւ կը հանդիսանայ նախագահին տրւած այն եզակի հնարաւորութիւններից մէկը, որը նրան կը փրկի վերջնականապէս Նիկոլի ծառայի վերածւելուց»,- ասւած էր հրապարակւած յայտարարութեան մէջ:
Օրւայ ընթացքում, սակայն պարզ դարձաւ, որ Վահագն Խաչատրեանը ստորագրել է որոշումը:
Անդրադառնալով փաստին, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ակցիայի ժամանակ յայտարարել է. «Մարդը վախեցաւ, գիշերով կամ առաւօտեան վաղ ստորագրեց, որպէսզի այս գործողութիւններով իրեն չճնշենք, որպէսզի կանխի մեր գործողութիւնները:
Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում։ Անկախ նրանից, այս շէնքերում մարդիկ կան, թէ՝ ոչ, այս շէնքերը դատարկ են։ Փաստացի եթէ նոյնիսկ ստորագրած էլ չլինէր ու մենք այստեղ լինէինք նոյն պահանջով ու յորդորով, արձագանգը նույնն էր լինելու;
Առանց միջազգային պայմանագիր լինելու, սահմանազատման կանոնակարգն արագութեամբ անցել է Սահմանադրական դատարանով, անցել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցութեան ճանապարհով, յետոյ բերւել է նախագահական ու հաւանաբար գիշերւա աղջամղջային ժամանին արթնացել ու ստորագրել է։ Ընդ որում, այս փաստաթղթի տակ որեւէ ձեւով գոյութիւն չունի Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռը զաւթած մարդու ստորագրութիւնը»։
Բագրատ Սրբազանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ արդեօք ակցիան ուշացած չէ, արձագանգել է, որ Շարժման գործողութիւնները ուշացած չեն, ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ իրազեկման կարիք ունեն:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանաւորւած մայիսի 9-ին եւ այսօր իր աջակիցների թւի նման տարբերութիւնը, Սրբազանը պատասխանել է. «Ձեզ շա՞տ է յուզում այդ հարցը: Մեր աջակիցներն ամենուր են, որ ժամին պէտք եղաւ, այդ ժամին էլ կը գան: Ոչ մի բան չի պակասել, ոչ էլ նոսրացել է»:
Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ Շարժումը ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրութիւնների խնդիր չի դրել իր առջեւ: Հարցին՝ չէ՞ք մասնակցելու հերթական ընտրութիւններին, նա պատասխանել է. «Ո՛չ, բնականաբար: Չենք էլ հասնելու այնտեղ: Օրը կը գայ բարին էլ հետը»:
Հաւաքի ընթացքում ելոյթով հանդէս են եկել նաեւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանն ու ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը:
«Այս մարդիկ առանց կանոնակարգ հաստատելու Ադրբեջանին զիջեցին մեր հայրենիքի մի մասը։ Տաւուշի ամենապաշտպանւած հատւածը տրւեց Ադրբեջանին, իսկ Հայաստանը չստացաւ ոչ մի բան։
Բերքաբեր համայնքը լճից այն կողմ 900 հա տարածք ունի։ Այս մարդիկ ասում էին՝ Կիրանցից կը յանձնենք, Բերքաբերից կը ստանանք։ Ստացա՞ն Բերքաբերից։ Բայրամովի գրասենեակը յայտարարել է՝ մոռացէք 31 բնակավայրերի մասին, մենք ձեզ ոչինչ չունենք տալու:
Էս որ ասում էք՝ ՀՀ նախագահ, սա պատիւ է իր համար։ Այս մարդը երկու բան է արել իր պաշտօնավարման ողջ ընթացքում։ Մէկ դաշնամուր է նւագել, մէկ էլ խայտառակ է արել մեր ժողովրդին հոգեհանգստի ժամանակ, երբ թագուհու հետ սելֆի էր անում։
Էս մարդը հապճեպ ստորագրել է կանոնակարգը, ու մենք կասկածներ ունենք, որ այդ ստորագրումը կատարւել է երէկ՝ Կազանում, երբ Ալիեւը կանչեց ու ասեց՝ եկէք բան եմ ասում ձեզ»,- յայտարարել է Գառնիկ Դաւթեանը:
«Ադրբեջանական տեղեկատւական դաշտում սահմանազատումը ներկայացւում է որպէս սահմանազաւթում։ Այն հետապնդում է երկու նպատակ. առաջինը՝ աւելի կառավարելի, երկրորդը՝ աւելի հնազանդ Հայաստան ունենալն է»,- իր հերթին նշել է Գառնիկ Դաւթեանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները խորհրդանշական սահմանային սիւների մակետներ են տեղադրել ՀՀ նախագահի նստավայրի մօտ: