Գալու է պատասխան տալու ժամանակը
Aravot.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, ԱԺ Գիտութեան, կրթութեան, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստեանը:
– ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանն ասուլիսում խօսելով հանրակրթութեան նոր չափորոշիչներից՝ դրանք ներկայացրեց իբրեւ առաջընթացի եւ որակի գրաւական, Ձեր կարծիքով արդեօք դրանք մեծ ձեռքբերո՞ւմ են: Խնդրում եմ այս թեմային անդրադառնալ Հանրակրթութեան մասին օրէնքի համատեքստում:
– Ցաւօք սրտի հանրակրթութիւնը վերածւել է պերմանենտ փորձարկումների դաշտի, ուր «բարեփոխում» հնչեղ բառի ներքոյ համակարգը շարունակական ցնցումների է ենթարկւում։ Ես բոլորովին հակւած չեմ պնդելու, թէ օրէնքները սեպագիր արձանագրութիւններ են, որոնք ենթակայ չեն փոփոխութեան, ոչ էլ կը հերքեմ բարեփոխման անհրաժեշտութիւնը։ Սակայն դրանք պիտի լինեն հաւասարակշռւած, ողջամիտ եւ բխեն հանրակրթութեան լաւագոյն շահից եւ ոչ քաոսացնեն համակարգը։
«Մասնակցային ժողովրդավարութիւն» յայտարարւած մեր ժամանակներում բախւում ենք նախարարութեան հիմնականում անպտուղ եւ չհիմնաւորւող յամառութեան հետ, որն իրականում բովանդակային եւ որակական բարեփոխման հետ որեւէ առնչութիւն չունի։
«Հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքը, որն, իմ համոզումով, կրթութեան ոլորտում սահմանադիր արժէք ունի, 2018-ից մօտ տասը փոփոխութիւնների եւ լրացումների է ենթարկւել։ Երբ 2022-ին պնդում էինք, թէ փոփոխութիւնները հիմնաւորւած չեն, ցնցումային են, բախւում էինք նախարարի մերժողական յամառութեանը։
Հիմա` 1.5 տարի անց, այդ նոյն յօդւածների մասով նախագիծ է շրջանառւում… Այսքան ռեսուրս փչացնել, անմշակ նախագծեր բերել, չինական պատի յամառութեամբ մնալ անդրդւելի, յետոյ անդրադառնալ… Սա համատարած աշխատաոճ է:
Էլ չեմ խօսում որոշ նախագծերում արձանագրւող իրաւական մտքի ամլութեան մասին, օրինակ վերջին՝ շրջանառւող «Մշակութային օրէնսդրութեան հիմունքների մասին» ՀՀ օրէնքի նախագծի մասին, որն իրաւական մտքի այնպիսի նոնսէսներ է պարունակում, որ ԱԺ հասնելու իրաւունք չպիտի ունենար։ Ոչ պրոֆեսիոնալիզմն ու անպտուղ յամառութիւնը համատարած են, պետութեան հետ աղերս չունեցող։
Յիշեցնեմ մի շարք առարկաների/պատմութիւն, գրականութիւն, հայոց եկեղեցու պատմութիւն/ չափորոշիչների շուրջ գիտական հանրոյթի հիմնաւոր ընդվզումը, որը բախւեց նախարարութեան զրօ արձագանգին, աւելի շուտ՝ չհիմնաւորւող մերժումին։ Նոյնը պատմութեան 7-րդ դասարանի դասագրքի առնչութեամբ. հայոց պատմագիտական միտքը ներկայացնող շուրջ հարիւր գիտնականներ խոտանեցին Ս. Յովհաննիսեանի դասագիրքը։ Ի պատասխան Ս. Յովհաննիսեանը խրախուսւեց՝ նրան վստահւեց նաեւ 8-րդ դասարանի դասագիրքը, ինչն այս անգամ Հայաստանը գցեց միջազգային սկանդալի մէջ։
Այս վերաբերմունքն ակնյայտօրէն չի բխում կրթութեան որակի նպատակադրումներից, եթէ չասենք, որ այն բարոյական չէ, նաեւ՝ ապազգային։
Ի դէպ, նախարարն անցեալ տարի ԱԺ ամբիոնից յորդորեց պատմաբաններին մասնակցել մրցոյթին եւ պատմութեան իրենց հեղինակած դասագիրքը ներկայացնել։ Մասնակցեցին, հեղինակելով 10-րդ դասարանի դասագիրքը, եւ ի՞նչ։ Նախարարութիւնն այն չերաշխաւորեց հրատարակութեան։
Ինձ համար աւելի քան ակնյայտ է քաղաքական պատւէրը, կանխակալ վերաբերմունքը։ Մինչդեռ 10-րդ դասարանում տւեալ առարկան ուսուցանւում է առանց դասագրքի, նախարարը մեկնաբանութեամբ՝ թղթապանակով, ինչն իբրեւ թէ նպատակաուղղւած է սովորողների ստեղծագործական մտածողութեան խթանմանը։ Իմ խորին համոզումով սա պարզ սոփեստութիւն է, ձախողումը քողարկող սոփեստութիւն։ Այս տրամաբանութեամբ կարելի է ողջ հանրակրթութիւնը փոխադրել թղթապանակի։ Լաւ, չէ որ հաստատւել են ՀՊ չափորոշիչները, որոնց վրայ պիտի կազմւեն դասագրքերը։ Ի դէպ, չափորոշիչների փորձարկումը Տաւուշում է տեղի ունեցել եւ դեռ ներքին գնահատում է տեղի ունեցել։ Իմ կարծիքով մենք դեռ հեռու ենք ամբողջական, համակողմանի գնահատումից։
– Դասագրքերի ու ծրագրերի մասին խօսելիս նախարարն ասաց, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին դնում էք քառակուսիների մէջ, նաեւ չի կարող դպրոցը կապ չունենալ մեր իրականութեան հետ: Ի՞նչ կարծիքի էք այդ դիտարկումների մասին:
– Թէ դասագրքի, թէ ծրագրերի, թէ կրթական գործընթացի պատասխանատուն իրենք են, եւ մեղաւորութեան սլաքները պիտի ճիշտ ուղղել։
Իմ անվերապահ գնահատմամբ՝ «Մասնակցային դպրոց» հիմնադրամը, որը դասագրքերի պատրաստման հիմնական պատասխանատուն է, ձախողել է ողջ գործընթացը։ Ի դէպ, վերջինիս ղեկավարը իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ է:
Չմոռանանք նաեւ, որ առարկայական ծրագրերի, դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների, դասամատեանների ձեւերի մշակումը, փորձաքննութիւնը եւ հրատարակումը ապահովման պատասխանատուն լիազօր մարմինն է։
Հանրակրթական հաստատւած չափորոշչին համապատասխան մի շարք դասագրքեր, որոնք օրէնքի պահանջին համապատասխան, պիտի մտնէին դպրոց, այսպէս էլ չեն մտել։ Այսօր առարկայական դասագրքերը, որոնք՝ երաշխաւորւած չլինելու պատճառով չեն մտել դպրոց՝ տասն են։ Փաստօրէն ունենք նոր չափորոշիչ՝ հին դասագրքով պատկերը։ Էլ չեմ խօսում մի շարք դասարաններում առողջապահական նորմի խախտման մասին, երբ միջին դպրոցում գերծանրաբեռնւածութեան պատճառով դասերն 8-րդ ժամով են աւարտւում։ Սա էլ է նոր չափորոշչի եւ կրթական ծանրաբեռնւածութեան անհամապատասխանութեան խնդիր։
– Երբ նշանակւեց ՔՊ-ական առաջին նախարարը, նա յայտարարեց, որ կրթութեան ոլորտում լինելու է զրօ քաղաքականութիւն եւ զրօ կուսակցականութիւն, արդեօք ներկայում ոլորտի պատկերն այդպիսի՞ն է:
– Այս վարչախմբի հերթական կեղծ եւ ակնյայտ սուտ յայտարարութիւնների շարքից է։ Բոլորովին հակառակն է պատկերը։
ԲՈՒՀ-երում կառավարման խորհուրդների ակնառու ՔՊ-ական նախագահներից մինչեւ դասախօսների քաղաքական զտումներն այնքան բացայայտ են։
Դասախօսական գործունէութիւնից մեկուսացւել են ոչ իշխանական հայեացքներ ունեցող տասնեակ դասախօսներ։ Շինծու գործեր են յարուցում, կալանքի տանում, միայն նրա համար, որ տւեալ դասախօսը քաղաքական հայեացքներ ունի եւ վտանգ է ներկայացնում գործող իշխանութեան համար: Այս գործընթացների հիմքում ոչ թէ իրաւունքն է, այլ քաղաքական տեռորը, եւ իմ համոզմամբ սա տեղի է ունենում նախարարութեան իմացութեամբ: Բրիւսովն ու ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ այս պատւէրի իրացման առաջամարտիկներ են։
Ցաւօք, սա համակարգային, արժէքային տրանսֆորմացիա է՝ բնորոշ հանրային կեանքի բոլոր ոլորտներին: Հայաստանը երբեք քաղաքական այսպիսի տեղեկւածութիւն չի դիմագրաւել։
– Նախարարը չմեկնաբանեց պատմաբանների յայտարարութիւնը՝ աղմկայարոյց դասագրքի վերաբերեալ, Ձեր կարծիքով խոցելի՞ կը լինէր պատասխանը, թէ իրենք գործում են՝ «մեր դէմ խաղ չկայ» սկզբունքով:
-Նախարարութեան կեցւածքն այլ մեկնաբանութեան առիթ չի թողնում։ Նրանք կանաչ լոյս ունեն արժէքային տրանսֆորմացիայի ենթարկելու մեր հանրութեանը, եւ իրենց այդ յանձնառութեան մէջ անդրդւելի են։ Կրթութիւնը կարող է մոբիլիզացնել, բարձրացնել հասարակութեանը, կարող է նաեւ այն դարձնել ամորֆ ու անանցեալ հաւաքականութիւն։ Տէրերը լաւ գիտեն կրթութեան ռազմավարական նշանակութիւնը։ Բայց գալու է պատասխան տալու ժամանակը։