Դեռեւս սրանից ամիսներ առաջ իր ընդդիմադիր հայեացքներով յայտնի իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը հրապարակեց իր վերջին յօդւածը։
Վերջին, որովհետեւ իր իսկ բնորոշմամբ՝ անցնող վեց տարիների ընթացքում գրած ու հրապարակած սթափեցնող-ահազանգող բազմաթիւ յօդւածներով ու դրանց զուգահեռ՝ լուսաբանական հարցազրոյցներով, բանավիճումներով, ժողովրդական տարբեր խաւերի հետ անմիջական շփումներով հանդերձ, հասարակայնութեան բնական ռէակցիան ու ակնկալւող ընդվզումը՝ հայրենակործան իշխանախմբի դէմ այնպէս էլ վճռական փուլ չի թեւակոխում…։
Յարգելով վաստակաշատ իրաւապաշտպանի սեփական որոշումն ու երկրորդելով նրա տեսակէտը, աւելացնենք, սակայն, որ ցաւօք՝ յօդւածագիրներիս մօտ գնալով տիրական է դառնում այն խորհրդանշական բնորոշումը, որ, այո՝ հայաստանեան (ինչու չէ նաեւ սփիւռքեան) հասարակայնութեանը վիճակւած ու պարտադրւած թմբիրից արթնացնողներն, իրենց գերեզմաններից յառնող Աբովեաններն, Րաֆֆիներն ու Պարոյր Սեւակներն են այլեւս…։
Միանգամայն ճիշտ է ու իրաւացի պրն. Իշխանեանը. տարիներ ի վեր, եւ նոյնիսկ այս անհայրենիք իշխանազաւթների «թաւշեայ» յեղաշրջման օրերից սկսեալ, պարզորոշ էր, որ թուրք-անգլոսաքսոնական դարաւոր նախագծի, այսինքն՝ Հայաստանի ու հայութեան կործանման մեկնարկն է տրւել 2018-ի հայաստանեան «մայդաններում»…։
Այն օրերի թերահաւատները, սակայն, այսօր էլ անասելի լկտիութեամբ յայտարարում են՝ «լաւ ենք արել Արցախն ենք տւել ու հարկ եղած դէպքում Սիւնիքն էլ կը տանք»…, որովհետեւ, ասում են նոյն անհայրենիքները. «Ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ. ի՜նչ ազգային արժէքներ…մի կեանք ունենք, այն էլ պիտի վայելենք կերուխումով, հագուկապով ու՝ գռզոյական բնորոշմամբ՝ Մոնակոյական ժամանցներով…»։
Յարգելի ընթերցող, այս աննախադէպ ու խիստ ցաւագին իրողութիւնների կրողն, առաջնահերթօրէն ու առաւելաբար հայրենական խաբւած ու միաժամանակ հիասթափւած հասարակայնութիւնն ու արդէն իսկ անդունդ գլորւող ժողովուրդն է։
Մեզ՝ որպէս թէկուզ հայաստանամերձ, հինաւուրց եւ մշտապէս հայրենապաշտ ու հայրենասէր համայնք, մտահոգում ու խոր սարսափի են մատնում հայոց աշխարհին ու պետականութեանը սպառնացող ներուժ ու արդէն ներգործուն վտանգները, որոնք, ինչքան էլ անհաւատալի էին ենթագիտակցաբար, բայց այսօր իսկ առարկայօրէն թիրախաւորւել են դարաւոր ոսոխների կողմից։
Խաբում ու մոլորեցնում են բոլորիս, կեղծ ու երբեւէ չլինող խաղաղութեան մասին կոչերով։
Թքած ունենանք այն «խաղաղասիրական» կոչերի վրայ, որոնք մեզ պիտի ընծայեն թուրք-ադրբեջանական հայատեաց ու հայաջինջ դաշինքն ու սրանց դարաւոր կնքահայր՝ անգլոսաքսոնները…։
Այս վերջինները իրենց նենգ ու հայակործան ծրագիրը կենսագործելու համար արդէն տարիներից ի վեր ներդրել են միլեարդներ՝ անբարոյ քաղաքական խաղերի, «հրէշաւոր դիպլոմատիայի», ժողովրդախաբ քարոզչութեան ու մշտական սին խոստումների հաշւին։
Մէկ խօսքով՝ դժւարագոյն ու անհաւասար կռիւ է մէկ կողմից Հայ Ազգային մտածողութեան տէր ուժերի, իսկ միւս կողմում՝ արտաքին դաւադիր ուժային կենտրոնների ամբողջական հովանաւորութիւնն վայելող՝ հայանուն, բայց հակազգային ներքին հայրենադաւների միջեւ։
Հիմնահարցն է, սակայն, թէ ո՛վ պիտի յաղթի անհաւասար ու դժւարին այդ կռւում…։
Պատասխանը կայանում է թէ՛ պատմական բազում դրւագներում, եւ թէ՛ պիտ ապացուցւի մօտակայ ժամանակաշրջանում՝ հայկական վերամիաւորւած ու հայրենապաշտպան փրկարար կամքի արտայայտութեամբ։
Այլապէս՝ ճարահատեալ ելքերը գտնողները դառնում են ինչպէս Րաֆֆիների, այնպէս էլ՝ Սեւակների ԽԵՆԹԵՐԸ…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու