Իրաւունք չունենք յուսահատւելու

2025-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ։
Պէտք է փաստենք, որ Արցախեան ազատագրական պայքարը եւս մէկ հանգրւան է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի: Այդ պայքարը ազատութեան համար է, ազգերի ազատութեան: Այն պիտի ապահովի իւրաքանչիւր ազգի ազատ ապրելը՝ իր հայրենիքում, իր ինքնորոշման իրաւունքով եւ պետութիւն ունենալու իր իրաւունքով։
Արցախը Հայաստանի մի հատւածն է, անբաժանելի մասը, թէեւ այսօր բռնագրաււած է, բայց վստահ եմ, որ պայքարի յարատեւութեամբ մենք դարձեալ կը նւաճենք այն։
Այս պարտութիւնը չպիտի լինի յարատեւ եւ այն ժամանակ կը կանգնի այն, որ մեր պայքարը շարունակւի եւ ունենանք յաջողութիւններ:
Արցախի համար պայքարի այսօրւայ կարեւորագոյն հանգրւանը հաւաքական վերադարձն է եւ այդ իրաւունքի համար պայքարը:
– Ինչպէ՞ս կը գնահատէք 2025-ը, ի՞նչ է արւել եւ արւում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
– Այսօր ՀՀ իշխանութիւնների ծրագրերից բաւարարւած չէ Արցախի ժողովուրդը։ Թէ՛ աջակցութիւնների կրճատումը, թէ՛ բնակարանային ապահովման, թէ՛ աշխատանքի տեղաւորման ծրագրերը, եւ թէ՛ իրաւական տեսակէտից՝ անձնագրերի, քաղաքացիութեան հարցերը մի շարք դժւարութիւնների առաջ կագնեցրեցին մեր հայրենակիցներին։ Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովութիւն առաջացրեց Արցախի ժողովրդի մօտ իրենց իսկ հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ Դա առաջին հարցն էր, որին դէմ յանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը։
Երկրորդը՝ Արցախի իշխանութիւնների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների արհամարհումն է եւ Ադրբեջանի ուղղակի ազդեցութեան տակ՝ նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում։ Այս վերջերս տեսանք ԱԱԾ գործողութիւնները Արցախի ներկայացուցչութեան շէնքում, ինչը որեւէ տեսանկիւնից ընկալելի չէ։
Արցախի իշխանութիւնը միակ ուղղակի ընտրւած լեգիտիմ մարմինն է, որն իրաւունք ունի եւ կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղեակ է ժողովրդի հոգսերին, սակայն նրա աշխատանքը խոչընդոտւում է Հայաստանի իշխանութիւնների կողմից։
Պէտք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, այնպէս էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է։ Մէկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրութիւնը։ Այսօր վտանգւած է նաեւ մեր հայրենիքի մէկ այլ հատւածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար։ Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգութեան պահպանման, ապազգային հոսանքների դէմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառոյցը։
– Այսօր Արցախի քաղաքական օրակարգում շարունակում է մնալ արցախցիների իրաւունքների բարձրացումն ու հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման խնդիրը, ի՞նչ յաջողութիւններ են արձանագրւել այս ուղղութեամբ։ Ովքե՞ր են հետապնդում այն։
– 2024-25 թ.-ին մի շարք յաջողութիւններ արձանագրւեցին այս ուղղութեամբ։ Շւէյցարիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձեւը՝ արցախցիների վերադարձի իրաւունքի հարթակ ստեղծելու մասին, թէ՛ կոնգրեսականների, թէ՛ Կանադայի արտաքին գործերի նախարարի, պատգամաւորների, Եւրոպայի խորհրդի պատգամաւորների մօտեցումները եւ դիրքորոշումները, անհամեստութիւն չթւայ, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների շնորհիւ է ու նրանց աշխատանքի արդիւնքը։
Կարեւորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանեան տարբեր կառոյցներ, Սփիւռքը՝ հայկական պահանջատիրութեան ներկայացման գործում ունենան յաջողութիւններ՝ շահեն բանաձեւեր, յայտարարութիւններ, գլխաւորը մեր հաւաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։ Ամէն ինչ պէտք է անել, որ հայկական Արցախի գոյութիւնը հանդիսանայ որպէս խաղաղութեան գործօն, հակառակ դէպքում կրկին կը լինի անկայունութիւն ու պատերազմ։
Արցախի ժողովրդի իրաւունքերը չպէտք է դիտել միայն որպէս Արցախի ժողովրդի իրաւունք, այլեւ՝ ամբողջ հայ ժողովրդի։ Հայրենիքի ազատագրման համար պայքարը պէտք է դառնայ բոլորի սեփականութիւնը։ Դաշնակցութիւնը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպէս անցեալ 131 տարիների ընթացքում։ Միջազգային առումով Հայ Դատի գրասենեակները լծւած են այդ աշխատանքներին։ Չեմ թաքցնի ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատւում է, եւ ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցութեան դերակատարութիւնն այդ հարցում։
Պէտք է արձանագրենք նաեւ, որ մեր հայրենակիցները դեռեւս Բաքւի բանտերում են եւ այս ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնները ոչինչ չեն անում։ Մենք պէտք է շարունակենք մեր համախմբւած պայքարը` յանուն արցախցիների իրաւունքների վերականգնման։
– Ի՞նչ կը մաղթէք այս Ամանորին:
– Դժւար է այս օրերին Ամանորի բարեմաղթանքներ յղել մեր ժողովրդին։ Այս քաղաքականութիւնը եւ մօտեցումները, որ որդեգրել են ՀՀ իշխանութիւնները, պարտութեան այս շարունակական ընթացքը դեռ շարունակւում է։
Այս մթնոլորտի մէջ մեր բարեմաղթանանք է՝ օր առաջ ազատւել այս իշխանութիւններից, ովքեր հրաժարւում են ազգային ազատագրական պայքարից։
Արցախի ժողովուրդը այսօր թէեւ Մայր հայրենիքում է, սակայն իր օջախից ու տնից հեռու, զրկւած սեփական հողում ապրելու իրաւունքից։ Սակայն իրաւունք չունենք յուսահատւելու, պէտք է չհրաժարւենք պայքարից, քանի դեռ մեր իրաւունքը վերականգնւած չէ, քանի դեռ բանտերում են մեր ընկերներն ու հայրենակիցները։
Վստահ եմ, ունենալու ենք նւաճումներ եւ առիթ ենք ունենալու լիաթոք շնորհաւորելու միմեանց, 2026 թւականի ընթացքում։ Թող 2026 թւականը լինի բեկումնային Արցախի հարցի ու Հայաստանի վարւող քաղաքականութեան մէջ։ Թող ազգային ազատագրական պայքարը դառնայ առանցքն ու ուղղութիւնը մեր արտաքին քաղաքականութեան, ազգայինը դառնայ մեր ներքին քաղաքականութեան, պետական քարոզչութեան, պետական ռազմավարութեան հիմնական սիւներից մէկը:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, թող գալիք տարին լինի վերադարձի տարի եւ երբեք այդ պայքարը չդադարի։



