ԳաղափարականԴաշնակցական Բեմ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՑ ՀԱՅ ԴԱՏ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Հայութեան թշնամիները որպէսզի արժէզրկեն եւ ի չիք դարձնեն Հայ Դատը եւ չէզոքացնեն նրա համար մղւող պահանջատիրական արդար ու ազնիւ պայքարը, յօրինել են, իբր թէ Հայ Դատը եւ նրա համար մղւող աննահաջ պայքարը, ստեղծել է ՀՅԴ-ն, որպէսզի Հայ Դատի անւան ներքոյ ազգամիջեան թշնամութիւն ստեղծելով արգելք հանդիսանայ, տարածաշրջանում խաղաղութեան հաստատման, դժբախտաբար մեր համայնքներում դեռ կան որոշ միամիտներ որոմք հաւատալով նման հերիւրանքներին, երկընտրանքի մէջ են գտնւում, առ այդ յարմար նկատեցի մի շարք պատմական տւեալների հիման վրայ, հաստատել որ Հայ Դատը պատկանում է համայն հայութեան եւ ոչ ոքի սեփականութիւնը չէ, սակայն  Դաշնակցութիւնն էլ ըստ իր ծրագրի՝ «իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, հասարակական, մշակութային բովանդակ շահերի պաշտպանութեան համար», բնականաբար Հայ Դատի պայքարում էլ գտնւում է առաջին շարքերում, դառնելով թշնամիների ստահօտ եւ թունոտ թիրախին:

Հայ Դատ (որն անցեալում կոչւել է Հայկական Հարց) ասելով պիտ հասկանալ, այն բոլոր պայքարները որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում տարել է իր ազատութեան, անկախութեան, հողային ամբողջականութեան եւ բարեկեցիկ կեանք ապրելու համար, որը համարւում է համամարդկային առաքինութիւն: Հայկական Հարցը Արեւելեան Հարցի մի հանգոյցն է եւ յունական հարցից յետոյ երկրորդ հին հարցն է համարւում:

Արեւելեան հարց նշանակում է այն բոլոր պայքարները որ արեւելեան քաղաքակիրթ փոքր ազգերը, երկար տարիներ մղել են արեւմտեան բռնութեան դէմ, նրանց ճնշող տիրապետութիւնից ազատւելու համար:

Հայ ժողովուրդը առաջաւոր Ասիայի քաղաքակրթութեան հնագոյն կրողներից մէկը, դարեր շարունակ ազատագրական պայքար է մղել ի խնդիր իր ազատութեան ու գոյութեան, պայքար է մղել հռոմէական Լեգեոների, (մ.թ.ա. 1 դար), պարսիկների (5-րդ), արաբների (7-9 դ.) դէմ եւ դիմադրել է բիւզանդական կայսերութեան հակահայ քաղաքականութեանը եւ յաջորդաբար յարձակաման է ենթարկւել  արեւելեան մի շարք բռնակալ ազգեր՝ արաբների մոնղոլների, սելջուկների, թաթարների կողմից:

Թաթար-մողոլական արշաւանքները (13-րդ դ.), ահաւոր աւերածութեան ենթարկեցին Հայաստանը եւ վերջապէս թուրքերի նախորդներ՝ թուղրիլ ցեղապետի գլխաւորութեամբ, միջին Ասիայից թափանցեցին Անատոլիա եւ թուղրուլի մահից յետոյ, որդին Օսմանը 1299 թ.-ին ստեղծեց իր պետութինը որի անունով էլ կոչւեց Օսմանեան կայսրութիւն որի բռնակալութեան եւ ճնշման ներքոյ, անպաշտպան ու արեւմուտքից լքւած հայը, դարեր շարունակ կրծոտեց բռնակալութեան ժանգոտած շղթան, մինչեւ 17-րդ դարի վերջը երբ սթափւեց եւ սկսեց մտածել ազատութեան ու  անկախութեան մասին եւ 18-րդ դարից ընտրեց ազգային ազատագրական պայքարի ճանապարհը:

Հայկական Հարցը, ինչպէս նշեցինք «Արեւելեան հարց»-ի բաղկացուցիչ մի մասն է կազմում որի նպատակն էր հասնել հայկական հարցի միջազգային ճանաչման եւ պատմական հայրենիքում վերականգնել հայկական պետութիւն:

Այս ուղղութեամբ աշխատողներից առաջինն եղել է Ստեփանոս Ե. Սալմաստեցի կաթողիկոսը: Նա 1548 թ.-ին մի պատւիրակութեան գլուխ անցած մեկնում է  Եւրոպա, Հռոմ եւ այլ արքունիքներ, սակայն ձեռնունայն վերադառնում է: Նրանից յետոյ 1562 թ.-ին, նոյն նպատակով Արեւմուտք է ուղեւորւում նրա յաջորդ՝ Միքայէլ Սեբաստացի կաթողիկոսը որը կրկին առանց որեւէ արդիւնքի վերադառնում է: Վերոնշեալների փորձերից մէկ դար յետոյ, նոյնը կրկնում է նաեւ ժամանակի կաթողիկոս՝ Յակոբ Դ Ջուղայեցին: 1678 թ.-ին Էջմիածնում գումարւած գաղտնի ժողովից ընտրւած վեց հոգուց բաղկացած պատւիրակութիւնը, կաթողիկոսի նախագահութեամբ ճանապարհ են ընկնում դէպի Եւրոպա, խնդրելու արեւմուտքի քրիստոնեայ պետութիւններից հայ ժողովրդի ազատութիւնը: Պատւիրակութիւնը մի կերպ հասնում է Կոստանդապոլիս սակայն կրկին թուրքերի երկիւղից առաջ գնալ չի կարողանում, որտեղ 1680 թ.-ին, մահանում է վշտահար եւ յուսահատ ծերունի կաթողիկոսը: Պատւիրակութեան անդամները վերադառնում են հայրենիք:

Հայկական Հարց տերմինը, միջազգային դիւանագիտութեան մէջ, սկսել է գործածւել 19-րդ դարի կէսերին եւ առաջին անգամ իր արտայայտութիւնն է գտել, 1877 թ.-ի Սան-Ստեֆանոյի պայմանագրում որի 16-րդ յօդւածով, Թուրքիան պարտաւորւում էր բարեփոխումներ իրականացնել հայաբնակ  վիլայաթներում, որից յետոյ 1878 թւականին գումարւում է Բեռլինի վեհաժողովը որտեղ Սան-Ստեֆանոյի 16-րդ յօդւածը փոխարինւում է, 61-րդ յօդւածի որով մեծ պետութիւնները իրենց երաշխաւորութեան եւ հսկողութեան տակ էին առնում, հայոց վիճակի բաելաւումը:

Թէեւ 16 եւ 61 յօդւածները, հեռու էին հայ ժողովրդի ինքնավարութեան բաղձանքից, սակայն ընդհանուր առմամբ, ի նպաստ հայութեան պիտ համարել, թէեւ թուրքերը ըստ իրենց վաղեմի սովորութեան, ոչ միայն չգործադրեցին պայմանագրի կէտերը, այլ հետագային հայութեանը  Ցեղասպանութեան ենթարկելով ամայեցրին հայկական վիլայեթները:

Եթէ միջազգային դիւանագիտութեան մէջ «հարց» տերմինը նշանակում է, ազգային-քաղաքական վիճելի եւ լուծում պահանջող դրոյթ եւ հանգամանք, ապա հայ ժողովուրդը իր հերոսական երեք ճակատամարտերով եւ 1918 թւի Մայիս 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումով, հայ ժողովուրդը լուծել է Հայկական Հարցը, Հայսատանի Արեւելեան հատւածում: Դժբախտաբար Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկումով, կորցրեց Արեւմտեան եւ Արեւելեան Հայստանում մէկ միասնական պետութիւն ստեղծելու հնարաւորութիւնը իսկ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին գումարւած Սեւրի Հաշտութեան պայմանագրի 88-93 յօդւածների համաձայն, Թուրքիան ճանաչում է Հայաստանը որպէս «ազատ ու անկախ» պետութիւն, կողմերը համաձայնում են երկու երկրների պետական սահմանների զատումն թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշումին եւ ընդունել նրա որոշումը, Հայաստանին դէպի ծով ելք տալուն: 1922-ի նոյենբեր 22-ին, նախագահ Վիլսոնը իր որոշումը յայտնում է Եւրոպական պետութեանց, ըստ որոշման Հայսատանի Հանրապետութիւնը պիտի ունենար 160000 քմ. 2 տարածք եւ սեւ ծովի ելք:

Սոյն հայանպաստ պայմանագիրը որ կարող էր Հայկական Հարցի վերջնական լուծմանը հանգներ, դժբախտաբար Բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի դաւադիր համաձայնութեամբ, 1922-23 թ.-ին Լօզանի կոնֆերանսում վերանայութեան ենթարկելով մնաց թղթի վրայ միայն:

Միջազգային դիւանագիտութեան մէջ «դատ» տերմինը նշանակում է իրաւապահանջ վերաբերմունք որեւէ խլւած իրաւունքի եւ երեւոյթի նկատմամբ որը դատաստանի կարիք ունի, ուրեմն մեր հարցը այլեւս «հարց» չէ , այլ «դատ» է քանզի մեզանից խլւել է մեր պատմական Հայաստանը, ցեղասպանութեան ենթարկւել նրա բնակիչները որն հետապնդելի է եւ մեր միայամուռ պայքար շնորհիւ, պէտք է արդար լուծում ստանայ, միջազգային ատեաններների կողմից:

Նոր Ջուղա

4.4.2024 թ.

Related Articles

Back to top button