Սարդարապատ ունեցող ազգը չի՛ յանձնւելու
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթէլեանի ելոյթը՝ Սարդարապատում

Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛ւ հայ ժողովուրդ,
շնորհաւորում եմ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ յաղթանակի եւ Հանրապետութեան օրւայ առիթով:
Առանց չափազանցութեան, Մայիսի 28-ը մեր ազգային օրացոյցի ամենակարեւոր օրերից մէկն է։
108 տարի առաջ Հայոց Ցեղասպանութիւնից ընդամէնը երեք տարի անց, գաղթական ու սովահար մեր ժողովուրդը տարածաշրջանում տիրող կատարեալ քաոսի եւ կայսրութիւնների փլուզման պայմաններում կարողացաւ փոխել իր պատմութեան ընթացքը։ Այդ օրերին մեզ համար չկային միջազգային երաշխիքներ, չկար օրէնք, չկային գծւած սահմաններ։ Մենք մենակ էինք՝ դէմ յանդիման մեր ճակատագրին եւ մեզ բնաջնջել ցանկացող թշնամուն։ Բայց այդ կատարեալ մղձաւանջի մէջ կար ամենակարեւորը՝ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ խիզախութիւնը։
Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը դաշնակցական գործիչների առաջնորդութեամբ համախմբւեց եւ կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը։ 600 տարւայ դադարից յետոյ մոխիրներից յառնեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը։
Այո՛, Հայաստանի Առաջին Հանրապետութեան ակունքներում կանգնած է Դաշնակցութիւնը, բայց այն դաշնակցական պետութիւն չէր։ Այն իր բնոյթով, իր էութեամբ ու առաքելութեամբ ազգային պետութիւն էր։ Այդ Հանրապետութիւնը բոլոր հայերինն էր՝ առանց հասարակութիւնը «իւրայինների եւ թշնամիների» բաժանելու, որովհետեւ Սարդարապատում խնդիրը ոչ թէ քաղաքական իշխանութեան, այլ հայրենիքի փրկութեանն էր։
Այսօր մեզ փորձում են համոզել, թէ ապրելու միակ ճանապարհը զիջելն է, ծնկի գալն ու սեփական պատմութիւնից եւ ինքնութիւնից հրաժարւելը։ Մեզ պարտադրում են մի կեղծ ու վտանգաւոր թէզ, թէ թշնամու պահանջների շարունակ բաւարարումը բերելու է խաղաղութեան եւ երջանկութեան:
Ուզում եմ յստակ գիտակցենք. եթէ 1918 թւականին մեր պետականութեան հիմնադիրները առաջնորդւէին այսօրւայ վարչախմբի հակապետական եւ կապիտուլիացիոն մտածողութեամբ, մենք այսօր պետականութիւն չէինք ունենայ։ Հայաստան անունով երկիր պարզապէս չէր լինի աշխարհի քարտէզի վրայ։
Եթէ Արամ Մանուկեանը, Թովմաս Նազարբէկեանը, Դրօն ու մեր միւս հերոսները պայքարի փոխարէն առաջնորդւէին նիկոլական մտածողութեամբ, նրանք Սարդարապատի ճակատամարտը կը համարէին «արկածախնդրութիւն», իսկ սեփական հողերի պաշտպանութիւնը՝ «անիրատեսական քայլ կամ պատերազմի սպառնալիք»։
Այդ մտածողութեամբ՝
- պայքարելու փոխարէն մենք կընտրէինք յանձնւելը,
- պաշտպանւելու փոխարէն՝ նահանջը,
- արժանապատւութեան փոխարէն՝ ստրկութիւնը,
- համախմբման փոխարէն՝ պառակտումը։
Արդիւնքում՝ չէր լինի Առաջին Հանրապետութիւնը, եւ, որպէս հետեւանք, չէր լինի նաեւ այսօրւայ Երրորդ Հանրապետութիւնը։
Հետեւաբար, Մայիսի 28-ը պարզապէս ինչ-որ մի ճակատամարտում յաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմութիւնը բեկելու, մեր մահւան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնութեան, պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշն է։
Մայիս 28-ը ապացոյց է, որ պարտութիւնը կարող է շրջւել յաղթանակի, եթէ կայ միասնութիւն, կայ նպատակ եւ կայ ազգանւէր առաջնորդութիւն:
Սիրելի՛ հարենակիցներ,
եւ հէնց սա է Մայիսի 28-ի մեծագոյն դասը. պետութեան հիմքը ոչ թէ թշնամու ողորմածութիւնն է կամ թշնամու երաշխիքը, այլ սեփական ուժը, ազգային միասնականութիւնն ու արժանապատւութիւնը։ Սարդարապատը ցոյց տւեց, որ իրական խաղաղութիւնը նւաճւում է միայն պայքարով եւ դիմադրութեամբ։
Այսօր մեր իրականութիւնը նոյնքան օրհասական է, բայց մենք նահանջի տեղ չունենք։ Ինչպէս 108 տարի առաջ, այսօր էլ մեր փրկութեան բանալին մեր ազգային կազմակերպւածութեան մէջ է։ Մենք թոյլ չենք տալու, որ վախկոտութիւնն ու յանձնւողականութիւնը դառնան մեր ազգի դիմագիծը։
Մենք կրում ենք Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգութիւնը։ Մենք նրանց սերունդներն ենք։
Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր իշխանութեան ղեկին յայտնւած ոհմակն իր դաւաճանութիւնները արդարացնելու համար մեր ժողովրդին փորձում է համոզել, թէ դիմադրել նշանակում է պատերազմ հրահրել։ Սա ամենամեծ սրիկայութիւնն է։
Մենք պատերազմ չենք ուզում, մենք բոլորից լաւ գիտենք ե՛ւ պատերազմի գինը, ե՛ւ խաղաղութեան արժէքը: Մեր դիմադրութիւնը պատերազմի մասին չէ, մեր դիմադրութիւնը պատերազմը կանգնեցնելու, մեր սահմաններն ու մեր երեխաների կեանքը իրականում պաշտպանելու միակ ճանապարհն է։ Ուժեղ պետութիւնն է խաղաղութեան միակ երաշխաւորը։
Մենք գիտենք, թէ ինչպէս վերականգնել մեր երկիրը։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժը, պրոֆեսիոնալների թիմն ու յստակ ծրագիրը:
Իշխանափոխութիւնից յետոյ վերածնւած Հայաստանը լինելու է ոչ թէ անվերջ տագնապների ու սպառնալիքների, այլ կայունութեան երկիր։ Երկիր, որտեղ սահմանին կանգնած կը լինի ժամանակակից ու հզօր բանակ, իսկ հայ մարդը սեփական տանը կը քնի հանգիստ։
Ի վերջոյ՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թէ նրանց կրած պարտութիւնները, այլ դրանից յետոյ վերականգնւելու կամքը։
Այն ազգը, որն ունի Սարդարապատ եւ ապրում է այդ ոգով, չի՛ կարող յանձնւել, եւ չի՛ յանձնւելու։
«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք Սարդարապատից»։
Ճանաչէ՛ք ձեզ որպէս յաղթող, որպէս սեփական հողի տէր, որպէս պետութիւն կերտող ժողովուրդ։
Մենք կա՛նք, մենք վերականգնւելու ենք եւ տէր ենք կանգնելու մեր հայրենիքին։
Մենք ունենք առաքելութիւն՝ ուժերը միաւորելու, հաւատը վերականգնելու եւ անվտանգ ու մրցունակ Հայաստան կառուցելու:
- Հայաստան, որն ապրում է խաղաղութեան մէջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։
- Հայաստան, որն առաջնորդւում է ազգային շահերով եւ տէր է իր ազգի հաւաքական իրաւունքներին։
- Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմութեամբ եւ վճռական իր ապագայի հարցում։
- Հայաստան, որի հիմքը արդարութիւնն է, արժանապատիւ կեանքը, ազգային ինքնութիւնը։
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ներկաներ, այս պատասխանատու եւ խորհրդանշական վայրում ասում ենք՝
մենք կարո՛ղ ենք:
Այո, մենք կարող ենք եւ անելու ենք։
Կեցցէ՛ Մայիսի 28-ը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը։ Փա՛ռք հայ ժողովրդին։



