ԳաղափարականԴաշնակցական Բեմ

Շարունակելու ենք մեր որդեգրած գիծը

Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը ուղերձ է յղել Բաքւի բանտից, որը ընտանիքի միջոցով հրապարակւել է.

Ողջունում եմ բոլորին։

Երէկ (մայիսի 26-ի, ԽՄԲ.) Բաքւի վերաքննիչ դատարանում տեղի ունեցաւ նախնական դատական նիստ՝ կապւած մեր բողոքարկման հետ։ Փետրւարի 5-ի Բաքւի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք, եւ արդէն այդ դատը սկսեց։ Յունիսի 2-ին նշանակւած է առաջին դատական նիստը։

Գիտէք, «խաղաղութիւն եւ դատավարութիւն» շատ իւրայատուկ են, մանաւանդ հաշւի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը՝ ձգձգումներով եւ արհեստական խոչընդոտներով, մեզ է փոխանցւել ապրիլի 21-ին։ Եւ զարմանալի չի լինի, եթէ ասեմ, որ մինչեւ հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապէս չեն ստացել այդ դատավճռի ամբողջական տեքստը. ստացել են միայն քաղւածքը։

Երէկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպէսզի դատարանը թէ՛ պաշտպաններին, թէ՛ իմ բոլոր պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպէս նաեւ մեղադրական ակտի ամբողջական տարբերակը։ Բայց դատարանը զարմանալիօրէն եւ ինչ-որ տեղ նաեւ հասկանալիօրէն մերժեց իմ միջնորդութիւնը։

2024 թւականի դեկտեմբերի 17-ից մինչեւ հիմա ընթացող, մօտ երկու տարի ձգձգւող այս դատական գործընթացի ընթացքում մեղադրական ակտը նոյնիսկ պաշտպանական կողմը չունի եւ չի տրամադրւում։

Ես որեւէ առիթ կունենամ խօսելու դատապրոցեսի մասին, կունենամ նաեւ խօսելու ընդհանուր ընթացքի եւ հանրայնացման մասին։ Այս անգամ, կարծում եմ, կը բաւարարւեմ դրանով։

Միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր կարողանան ծանօթանալ մեղադրական ակտի 15 բաժիններին, արդէն անմիջապէս կարող են պատկերացում կազմել, թէ ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ այդ «արդար, ազատ, բաց դատավարութիւն» ասւածը ֆիկցիա է. որեւէ բան չկայ, եւ այն ամբողջապէս վերահսկւող, գրաքննութեան տակ գտնւող հաշւեյարդարի դատավարութիւն է։

Այդ առումով նաեւ հանրայնացումը նոյն կերպ է տեղի ունենում՝ մամուլով մոլորեցնելով Ադրբեջանի հասարակութեանը եւ փորձելով մոլորեցնել նաեւ միջազգային հանրութեանը։

Երէկ ես նաեւ երկու հարց բարձրացրի. առաջինը՝ բաց դատավարութեան կազմակերպման եւ օնլայն հեռարձակման վերաբերեալ։ Նոյն առաջարկը ես արել էի առաջին ատեանի դատարանում, բայց այն մերժւել էր, եւ երէկ էլ կրկին մերժւեց։

Երկրորդ առաջարկս այն էր, որ լրատւամիջոցների ներկայացուցիչները, AZtv-ի ովքեր ներկայ են դատական նիստերին, որոշ դէպքերում արգելւեն մասնակցելու՝ իրենց ապատեղեկատւութեան եւ մանիպուլիատիւ գործողութիւնների պատճառով։ Սա եւս մերժւեց։

Ինչեւէ, այս հարցը թողնենք մի կողմ։ Կարծում եմ՝ այստեղ ոչ անյայտ կարեւոր պաշտպաններից մէկը իր խօսքի ընթացքում բարձրաձայնեց եւ պարզապէս ասաց, որ մենք մեր սերունդների առաջ ամաչելու ենք այսպիսի դատավարութիւն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։

Ընդհանուր առմամբ պիտի ասեմ՝ դա տրագիկոմեդիա է, եւ Ֆրանց Կաֆկան կը ցանկանար ներկայ գտնւել այս դատավարութեանը, որպէսզի գրեր իր «Դատավարութեան» երկրորդ մասը։

Յաջորդը, ինչի մասին ուզում էի խօսել, մարդու իրաւունքների պաշտպանին ուղղւած իմ բանաւոր դիմումն է։ 2025 թւականի մայիսի 6-ին ես բանաւոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, որպէսզի նա որեւէ ձեւով ստանայ եւ իմ ընտանիքին փոխանցի դատավճռի ամբողջական՝ հայերէն եւ ադրբեջաներէն տարբերակները։

Նոյն խնդրանքը փոխանցել եմ նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին, ով մայիսի 5-ին մեր հետ հանդիպման էր։ Ես դեռ մարտի 12-ին նամակ էի պատրաստել, բայց երկու ամիս չէի կարողանում փոխանցել. վերջապէս փոխանցեցի։

Խոստացել էի, որ որեւէ քայլ կարւի, որպէսզի ադրբեջաներէն տարբերակը հասնի իմ ընտանիքին եւ հարազատներին, բայց մինչ այժմ ոչ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանից, ոչ Ադրբեջանի կողմից որեւէ նորութիւն չկայ։ Ես սպասում եմ, ինչպէս նաեւ իմ ընտանիքը։

Դատավարութեան հետ կապւած պիտի ասեմ՝ սա ձգձգւող եւ քաղաքական գործընթացներին համապատասխանեցւող դատավարութիւն է։ Եւ զարմանալի չէ, որ պիտի անդրադառնամ նաեւ այն նիւթին, որը կարծում եմ հանրութեան համար էլ հասկանալի կը լինի։

Երկու-երեք ամիս առաջ, երբ դեռ 2024 թւականի յունւար-փետրւար ամիսներին այստեղ էինք, պաշտօնական անձինք, ովքեր մեզ հետ շփւում էին, անուղղակիօրէն հասկացնում էին, որ «դուք այստեղ էք այնքան, որքան ցանկանան Հայաստանի իշխանութիւնները»։

Մենք սկզբում ուշադրութիւն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպէս կարող է այդպէս լինել, ինչպէս կարող են մեր հայրենի իշխանութիւնները չցանկանալ, որ մենք վերադառնանք։ Բայց այսօրւայ տեսանկիւնից արդէն ամէն ինչ պարզ է։

Ցաւօք, զարգացումները եւ այս դատավարութեան գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թւում՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համապատասխանեցնելու առումով մեզ այլ կարծիք չեն թողնում։ Այդ կարծիքը դառնում է համոզմունք։

Յատկապէս վերջին զարգացումների ֆոնին, երբ ղարաբաղցիների հասցէին իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններ են արւում։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբեւէ առիթ կը լինի դրա մասին խօսելու։

Բոլորի համար էլ պարզ է, թէ ով է մեղաւորը, ում գործունէութեան հետեւանքով է այս ամէնը տեղի ունեցել։

Ինչեւէ, արդէն մօտ երեք տարի է մենք այստեղ ենք։ Պիտի ասեմ՝ ոչ սկզբունքայնութիւնը, ոչ ողջախոհութիւնը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դաւաճանել։ Այսուհետ էլ այդպէս է լինելու։

Ցաւալի է, ինչ որ կայ, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։

Օգտւելով առիթից՝ շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, կառոյցներին եւ կազմակերպութիւններին, որոնք իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ են կայացրել եւ յայտարարութիւններ արել, որպէսզի մեզ անյապաղ ազատեն։ Այդ բոլոր կառոյցներն ու անհատները համոզւած են, որ մենք անմեղ ենք եւ պէտք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը։

Օգտւում եմ նաեւ առիթից՝ իմ ժողովրդին շնորհաւորելու մայիսի 28-ի կապակցութեամբ՝ Հայոց պետականութեան վերականգնման օրւայ առիթով։

Մաղթում եմ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ։ Պինդ եղէք: Առայժմ:

Related Articles

Back to top button