Բագրատ Սրբազան. «Պայքարի արդիւնքը պիտի լինի յաղթանակը՝ ճշմարտութեան յաղթանակը»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամների ու աջակիցների հետ ամփոփեց մայիսի 14-ի օրը:
Բագրատ Սրբազանը հաւաքւածներին յայտնեց, որ մայիսի 15-ին ժամը 16:00 պէտք է ներկայ լինեն Ազատութեան հրապարակում, այնտեղ ժամը 17:00-ին տեղի կունենայ միջազգային տնտեսական համաժողով, որին կը մասնակցի նաեւ Նիկոլ Փաշինեանը։
«Ժամը 16:00 պէտք է ներկայ լինենք Ազատութեան հրապարակում եւ մեր խաղաղ, բայց յուժկու ընդվզումը յայտնենք Նիկոլ Փաշինեանին:
Հոծ թւով մարդիկ պէտք է այնտեղ լինեն եւ ընդվզում յայտնեն, որ անընդունելի է մեզ համար այս ապօրինի սահմանազատումը»,- յայտնեց Սրբազանը։
«Այս պայքարը նիւթական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտօն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկայ այս պայքարից։ Հայրենիք եւ պատիւ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան։
Ինչպէս միշտ ասել եմ. «Հոգեւոր Հայաստանը պէտք է յաղթի Նոր Հայաստանին»,- ասաց նա։
Նա նաեւ յայտարարեց, որ մայիսի 15-ի որոշակի ջրբաժան կայ, եւ կը յայտարարի հետագայ անելիքների մասին. «Ամսի 15-ին կը հասկանանք ինչ է տեղի ունենում եւ անմիջապէս կասեմ, թէ ամսի 16-ին ինչ ենք անելու: Ամէն դէպքում մենք աւելի մեծ մասնակցութեամբ անելիքներ ունենք»:
Սրբազանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ հանդիպել է երկու տարբեր կազմակերպութիւնների, կուսակցութիւնների հետ, մայիսի 14 հանդիպել է նախկին երեք վարչապետերի՝ Վազգէն Մանուկեանի, Հրանտ Բագրատեանի եւ Խոսրով Յարութիւնեանի հետ․ «Մեր պատկերացումներն ենք ներկայացրել, առաջարկներ լսել»,- ասաց նա։ Սրբազանը նաեւ նշեց, որ հանդիպել է ԱԺ «Պատիւ ունեմ» դաշինքի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
«Բոլորն էլ ներքին ոգեւորութիւն ունեն, որովհետեւ տեսնում են՝ փողոցում ինչ է կատարւում, տներում ինչ է կատարւում, ամէն տեղ։ Եւ մենք պարզապէս կոչւած ենք այս ամբողջ էներգիան կամ այսօր ամբողջ հոսանքը հասցնել արդիւնքի։ Թէ այդ արդիւնքն ինչ տեսքով կը լինի, ճանապարհային քարտէզի մի կարեւոր մասն է կազմում։
Եւ այդ արդիւնքը պիտի լինի յաղթանակը՝ ճշմարտութեան յաղթանակը։ Մենք ուրիշ տարբերակ չունենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
«Վաղը կը հանդիպենք մեր հասարակական կազմակերպութիւնների եւ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ։ Հաւանաբար մէկ-երկու օրից լրիւ ամփոփումը կունենանք, եզրակացութիւնները, գործողութիւնները յստակ կերպով կը լինեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ այսօր՝ առաւօտեան ժամը 08:00-ին կը մեկնարկեն խաղաղ անհնազանդութեան գործողութիւններ ՀՀ ողջ տարածքում: