Փաշինեանի մամուլի ասուլիսն ապացուցեց, թէ ինչու նա ընդունակ չէ ղեկավարելու Հայաստանը
2024 թւականի օգոստոսի 31-ին կայացած իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւս մէկ անգամ ցոյց տւեց, թէ ինչու պէտք է հնարաւորինս շուտ հրաժարական տայ։
Քանի որ ո՛չ Փաշինեանը, ո՛չ նրա խորհրդականներն ու նրա նշանակած պաշտօնեաները չգիտեն, թէ ինչ են անում, ես պարտաւոր եմ կամաւոր մի քանի խորհուրդներ ու առաջարկութիւններ անել, մի բան, որ արել եմ 30 տարւայ ընթացքում Հայաստանի բոլոր նախկին եւ ներկայիս ղեկավարներին:
Թէեւ ողջունելի է, որ Փաշինեանը ցանկանում է հանդիպել լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց հարցերին, սակայն նրա մամուլի ասուլիսները չպէտք է տեւեն մէկ ժամից աւելի, որպէսզի նւազեցնեն նրա հակասական յայտարարութիւնների քանակը եւ քողարկեն նրա անկարողութիւնը։ Նախորդ ասուլիսների ժամանակ նա խօսել է չորս կամ հինգ ժամ՝ այդպիսով կրկնօրինակելով նախկին խորհրդային եւ ներկայիս ռուս ղեկավարների գործելակերպը, որոնց հանդիպումները լրատւամիջոցների հետ տեւել են յաւերժ։ Բարեբախտաբար, այս անգամ Փաշինեանի մամուլի ասուլիսը տեւեց ընդամէնը 2 ժամ 17 րոպէ։ Պատասխանելով այդքան հարցերի՝ Փաշինեանն աւելի շատ առիթ տւեց իր ընդդիմախօսներին՝ իր պատասխանները քննադատելու համար։
Առաջին հարցը, որին կը ցանկանայի անդրադառնալ, Փաշինեանի պատասխանն է այն հարցին, թէ արդեօք Հայաստանը պէտք է մասնակցի նոյեմբերին Բաքւում կայանալիք ՄԱԿ-ի բնապահպանական միջազգային համաժողովին։ Յուլիսին այն հարցին, թէ արդեօք Հայաստանը կը մասնակցի ՄԱԿ-ի համաժողովին (COP29), կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը խոստացաւ, որ Փաշինեանը կը պատասխանի Ադրբեջանի հրաւէրին օգոստոսին կայանալիք իր մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն օգոստոսի 31-ին իր որոշման մասին հարցին նա անփութօրէն պատասխանեց, որ որոշում չի կայացրել, եւ որ հետագայում կը տեղեկացնի բոլորին։ Եթէ նա հիմա հիմնաւոր պատճառ ունի չկողմնորոշւելու համար, ապա ինչո՞ւ էր կառավարութիւնը յուլիսին խոստացել, որ օգոստոսին նա կը յայտարարի որոշման մասին։
Հարցին, թէ արդեօք Հայաստանի կառավարութիւնը որեւէ ջանք գործադրում է հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների ազատ արձակման համար, Փաշինեանը, ինչպէս միշտ, մեղադրեց բոլորին, բացի իրենից։ Նա մոռացել է, որ 2020 թւականի պատերազմից անմիջապէս յետոյ նա էր, ով անմտօրէն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին՝ հայ գերիներից մի քանիսի դիմաց։ Նա պէտք է ազատ արձակէր ԲՈԼՈՐ ադրբեջանցի գերիներին միայն ԲՈԼՈՐ հայ գերիներին ազատելու դիմաց։ Փաշինեանը եւս մեկ կոպիտ սխալ թոյլ տւեց, երբ համաձայնեց վերացնել Հայաստանի վետօն՝ թոյլ տալով Բաքւին, որ կարողանայ հիւրընկալել նոյեմբերին կայանալիք միջազգային հեղինակաւոր համաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիեւն այնքան մոլեռանդութեամբ էր համակւած այս համաժողովի անցկացմամբ, որ կը համաձայնէր ազատ արձակել ոչ միայն որոշ, այլ բոլոր հայ բանտարկեալներին եւ նոյնիսկ ազատել Հայաստանի Հանրապետութեան՝ 2021 եւ 2022 թւականներին գրաււած շրջանները:
Այնուհետեւ Փաշինեանը բացայայտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնութեան են եկել խաղաղութեան համաձայնագրի նախագծի 17 յօդւածներից 13-ի շուրջ։ Ուստի Փաշինեանը երկու երկրներին առաջարկեց ստորագրել փաստաթուղթը՝ համաձայնեցւած 13 կէտերի հիման վրայ՝ մնացած չորս կէտերը թողնելով ապագայի համար։ Սակայն Փաշինեանը կարծես թէ չի հասկանում, որ Ալիեւը զրոյական շահագրգռւածութիւն ունի Հայաստանի հետ խաղաղութիւն հաստատելու հարցում։ Նրա ուզածը Հայաստանի մի կտորն է, իրականում ամբողջ Հայաստանը, ինչպէս բազմիցս նա սպառնացել է։
Նախեւառաջ, Փաշինեանի մշտական խաղաղութեան խնդրանքը չի յանգեցնի խաղաղութեան այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը շահագրգռւած չէ խաղաղութեամբ։ «Տանգոն երկուսով են պարում»: Միակակողմանի խաղաղութիւն գոյութիւն չունի:
Երկրորդ, յուսահատօրէն խաղաղութիւն մուրալով, Փաշինեանը պարզապէս խրախուսում է Ալիեւին աւելի ու աւելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:
Երրորդ, «խաղաղութեան պայմանագրի» ստորագրումը չի խանգարի Ալիեւին պատերազմ հռչակել Հայաստանի դէմ։ «Խաղաղութեան պայմանագիրը» չի երաշխաւորի խաղաղութիւն։ Ալիեւի համար «խաղաղութեան պայմանագիրը» ընդամէնը թղթի մի կտոր է։
Փաշինեանը պարծեցաւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցած ուրբաթ սահմանների սահմանազատման վերաբերեալ ստորագրւած համաձայնագիրը առաջին իրաւական փաստաթուղթն է, որը ստորագրւել է երկու երկրների միջեւ, չնայած այն պէտք է դեռ վաւերացւի: Նա, երեւի, մոռացել է, որ դեռեւս 1994 թւականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնները հրադադարի պայմանագիր են ստորագրել։ Նա նաեւ մոռացել է, որ ինքը Պուտինի եւ Ալիեւի հետ նմանատիպ պայմանագիր է ստորագրել 2020 թւականի պատերազմի աւարտին։
Թերեւս Փաշինեանի մամուլի ասուլիսի ամենագռեհիկ հատւածն այն էր, երբ նա որոշեց անհարկի կասկածներ առաջացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի նկատմամբ, որը 2023 թւականի սեպտեմբերից որպէս պատանդ պահւում է Բաքւի բանտում։ Փաշինեանը, հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման համար իր գոյութիւն չունեցող ջանքերի վրայ կենտրոնանալու փոխարէն, նւաստացրեց Վարդանեանին՝ ասելով. «Իսկ ինչ տեղի ունեցաւ, ինչպէ՞ս ստացւեց, որ Ռուբէն Վարդանեանը հրաժարւեց Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութիւնից, ո՞վ նրան խորհուրդ տւեց կամ յանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստանի Հանրապետութիւն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ինչ երաշխիքներով, ի՞նչ հաւաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եւ ո՞վ վերջում ասաց՝ դէ, գիտէ՞ք ինչ, մենք այնքան էլ լաւ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է»: Այնուհետեւ Փաշինեանը հարցն ուղղած լրագրողին ասաց. «Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թէ՞ չենք ուզում Դուք ինքներդ նշեցիք, եւ ես արձագանգում եմ դրան։ Եւ ես ուզում եմ ասել եւ խոստովանել, որ դա իրօք խնդիր է, դա լուրջ խնդիր է, որով մենք պէտք է զբաղւենք եւ որով մենք զբաղւում ենք։ Ես հիմա չեմ ուզում այլ՝ լրացուցիչ բարդութիւնների մասին խօսել եւ մանրամասներ յայտնել, բայց ուզում եմ ասել նաեւ, որ խաղաղութեան օրակարգի յաջող իրականացումը նաեւ այդ հարցի համար է կարեւոր: Ընդորում՝ պարտադիր չէ յաջող վերջնակէտը․․․․»: Փոխարէնը օգնելու ազատել Վարդանեանին՝ Փաշինեանն աւելի բարդացրեց նրա ազատ արձակումը։
Փաշինեանն իր մամուլի ասուլիսի ժամանակ բազմաթիւ այլ սխալներ թոյլ տւեց, բայց դրանց անդրադառնալու համար պէտք է մի ամբողջ գիրք գրել։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ