ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատւութիւն են պահանջել հայութեան նկատմամբ իրագործւած ցեղասպանութիւնների համար

Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացւել է Հայոց Ցեղասպանութեան ամենամեայ ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցութիւնները ներկայացնող պաշտօնեաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակում, տեղահանւած արցախահայերի վերադարձի իրաւունքի ապահովում, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիեւի եւ Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական յանցագործութիւնների եւ ցեղասպանական էթնիկ զտումների համար:
Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Յետադարձ հայեացք 2023 թւականի Արցախի ցեղասպանութեանը. Հայոց Ցեղասպանութեան (1915-1923 թթ.) յիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում: Այն ներառում էր ազդեցիկ վկայութիւններ եւ քաղաքական պահանջներ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, ցեղասպանական յանցագործութիւնների համար, պատասխանատւութեան ենթարկելու վերաբերեալ:
«Այս յանցագործութիւնը չաւարտւեց 1915-ին՝ այն շարունակւում է մինչ օրս»,- միջոցառման ընթացքում յայտարարել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայեանը՝ կիսւելով ցեղասպանութիւնը վերապրած իր ընտանիքի անձնական պատմութեամբ: Նա պատմել է իր մեծ մօրաքրոջ մասին, ով ականատես է եղել հօր գլխատմանը եւ վեց տարի անցկացրել է գերութեան մէջ՝ մինչեւ փրկւելը: Ապա, վերյիշելով իր 2020 թ. այցը Արցախ՝ պատերազմի աւարտից օրեր անց՝ նկարագրելով, թէ ինչպէս էր վախն ու կոտրւածութիւնն արտացոլւած տեղահանւած երեխաների հայեացքներում՝ նոյն զգացողութիւնը, որը տարիներ առաջ ունեցել էր իր տատիկը: «Սրանք առանձին իրադարձութիւններ չեն, դրանք շաղկապւած են իրար»,- ընդգծել է նա՝ յաւելելով. «Հայերն ընդամէնը ցանկացել են ապրել խաղաղութեան մէջ, բայց այդ խաղաղութիւնը պէտք է լինի արդար եւ կայուն: Որպէս ամերիկահայեր՝ մենք պահանջում ենք գործողութիւններ»:
Միջոցառումը կազմակերպւել էր Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախումբը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցութեամբ: Այն, ըստ էութեան, հանդիսացաւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Արեւելեան եւ Արեւմտեան շրջանների կողմից կազմակերպւած երկօրեայ ակտիւ քարոզչական աշխատանքների աւարտը, երբ ապրիլի 1-ին եւ 2-ին հարիւրաւոր ակտիւիստներ հանդիպեցին իրենց սենատորների եւ կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրէնսդրական նախագծերը:
Միջոցառման ժամանակ ելոյթ են ունեցել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի տասներկու անդամներ, այդ թւում՝ սենատորներ Քորի Բուքերը (Նիւ Ջերսի), Էնդի Քիմը (Նիւ Ջերսի), Էդ Մարքին (Մասաչուսեթս) եւ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), ինչպէս նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նիւ Ջերսի) եւ փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆորնիա): Նրանց կողքին ելոյթ ունեցան նաեւ ներկայացուցիչներ Գէյբ Ամոն (Ռոդ Այլենդ), Հերբ Քոնավէյնը (Նիւ Ջերսի), Ջիմ Կոստան (Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆորնիա), Ջորջ Լաթիմերը (Նիւ Եօրք) եւ Ջիմ Մակգաւերնը (Մասաչուսեթս):
Կապիտոլիումի բլուրում անցկացւող այս ամենամեայ միջոցառումը յիշեցում է՝ արդարութիւնը պահանջում է ոչ միայն յիշատակում, այլեւ գործողութիւններ: Ըստ այդմ՝ Հայ Դատի յանձնախմբի ներկայ առաջնահերթութիւններն են.
- Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին,
- Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական յանցագործների նկատմամբ,
- Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը,
- Միջազգային պաշտպանութեան ներքոյ ապահովել Արցախի տեղահանւած հայերի վերադարձի իրաւունքը
- Պաշտպանել արդար եւ կայուն խաղաղութիւնը, որը մերժում է ուժի սպառնալիքները եւ երաշխաւորում է Հայաստանի ինքնիշխանութիւնը:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատւութիւն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացւած ցեղասպանական քաղաքականութիւնների համար եւ ԱՄՆ իշխանութիւններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործութիւններին:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ