ԳաղափարականԴաշնակցական Բեմ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ուղերձը Մայիսի 28-ի առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թւականի Մայիսի 28-ը հայոց պատմութեան բեկումնային կէտն է։ Հէնց Մայիսի 28-ին ցեղասպանութիւնից մազապուրծ եղած ժողովուրդը մահւան դատավճիռը փոխարինեց պետականութեան ստեղծմամբ։

Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկայ այնպիսի զէնք, որն ի զօրու լինի յաղթել սեփական հողում ապրելու կամքին։

Հաւատարիմ իր առաքելութեանը՝ ծանրագոյն պայմաններում պետականաշինութեան գերմարդկային առաքելութիւնը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մէջ գտնւող երկրում Հանրապետութեան հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկեանը, Յովհաննէս Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրօն, Ռուբէն Տէր-Մինասեանը եւ միւս նւիրեալները, արեցին անհնարին թւացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը։

Այսօր կրկին ճակատագրական հանգրւանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականութեան ընթացքը, հարւածի թիրախում է մեր ինքնութիւնը, հալածւում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսւած է հայկական Արցախը։

Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մէջ դեռ կենդանի է Մայիսեան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հէնց Սարդարապատից:

Ուստի՛, ժամն է սթափւելու, համախմբւելու եւ համազգային դիմադրութեամբ տէր կանգնելու մեր արժէքներին: Սա պայքար է յանուն ինքնութեան եւ պետականութեան, սա մի նոր Սարդարապատ է:

Մենք տէր ենք կանգնելու հայոց անկախ պետականութեանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատւութիւնը եւ թոյլ չենք տալու, որ հայութեան ճակատագիրը գրւի օտարի թելադրանքով:

Մենք կա՛նք, մենք կը պայքարե՛նք եւ մենք կը յաղթե՛նք:

Շնորհաւոր Մայիսի 28։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

28 մայիսի, 2026 թ.

Related Articles

Back to top button