D վիտամինի յաւելումներ ընդունելը չի ազդում սրտի եւ անօթային հիւանդութիւնների մարկերների վրայ
Բոստոնի Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի (BIDMC) գիտնականները պարզել են, որ երկու տարւայ ընթացքում D վիտամինի յաւելումներ ընդունելը՝ անկախ չափաբաժնից, չի նւազեցնում սիրտ-անօթային հիւանդութիւնների զարգացման վտանգը։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են American Journal of Preventive Cardiology բժշկագիտական հանդէսում:
D վիտամինի յաւելումների ազդեցութիւնը սրտի վրայ գնահատելու համար հետազօտողներն ուսումնասիրել են՝ արդեօք նիւթի աւելի մեծ չափաբաժինները նւազեցնո՞ւմ են արեան մէջ երկու յատուկ սպիտակուցների մակարդակը, որոնք վկայում են սրտի վնասւածքի եւ ծանրաբեռնւածութեան մասին: Գիտնականները միաժամանակ վերլուծել են հետազօտութեան տւեալները, որն ուսումնասիրել է D3 վիտամինի յաւելումների ազդեցութիւնը 70 տարեկան մեծահասակների շրջանում վայր ընկնելու ռիսկի վրայ:
Մասնակիցները պատահականութեան սկզբունքով բաժանւել են չորս խմբերից մէկին: Առաջինը ստացել է օրական 200, երկրորդը՝ 1000, երրորդը՝ 2000, իսկ չորրորդը՝ 4000 միջազգային միաւոր (IU) D3 վիտամին։ Սրտանօթային հիւանդութիւնների կենսամարկերների արեան մակարդակը չափւել է սկզբնական փուլում եւ յաւելումներն սկսելուց երեք ամիս, մէկ տարի եւ 24 ամիս յետոյ:
Մեծահասակների շրջանում D վիտամինի յաւելումների արդիւնաւէտութիւնը սրտանօթային հիւանդութիւնների ռիսկի նւազեցման հարցում վերլուծութիւնը չի հաստատել: Հետազօտողները նշել են, որ D վիտամինի ցածր մակարդակն առնչւում է սրտի հիւանդութեան վաղ մարկերի աճին: Սակայն երկամեայ ուսումնասիրութեան ընթացքում յաւելումի նպատակային ընդունումն անկախ չափաբաժնից սրտանօթային առողջութեան որեւէ չափման վրայ որեւէ ազդեցութիւն չի ունեցել:
News.am