Տեղեկութիւնները եւ յիշողութիւնները յիշելու ուղեղային նոր շղթայ է յայտնաբերւել
Ամէն օր մենք հանդիպում ենք նոր մարդկանց եւ իրավիճակների, որոնք պահանջում են մեր ուշադրութիւնը:
Բարեբախտաբար, ուղեղում մի հատւած կայ, որը պատասխանատու է գիտակցութեան եւ իրազեկութեան համար: Այս տարածքը կոչւում է «կլաուստրումի համալիր» եւ գտնւում է ուղեղի խորքում՝ իւրաքանչիւր կիսագնդում:
Այսօր մենք գիտենք, որ շատ հիւանդութիւններ, որոնք կապւած են աւելի բարձր ճանաչողական գործառոյթների հետ, ինչպիսիք են Ալցհէյմերի հիւանդութիւնը, շիզոֆրենիան եւ ուշադրութեան դեֆիցիտի եւ հիպերակտիւութեան համախտանիշը (ADHD), սերտօրէն կապւած են ուղեղի այս որոշակի հատւածի գործառոյթի խանգարման հետ: Սակայն մենք դեռ լիովին չենք հասկանում, թէ ինչպէս են աշխատում կլաուստրումի համալիրի տարբեր մասերը կամ ինչպէս են կազմակերպւած դրա սխեմաները եւ կապի համակարգը:
Օրհուսի համալսարանի հետազօտողները հիմա պարզել են դա, եւ նրանց արդիւնքները թոյլ են տալիս ընդհուպ բջջային մակարդակով որոշել, թէ կլաուստրումի համալիրի որ մասն է վերահսկում ծանօթ իրերը նորից տարբերելու մեր կարողութիւնը:
«Մեր հետազօտութիւնը կենտրոնանում է կլաուստրումի մի շրջանի վրայ, որը կոչւում է «էնդոպիրիֆորմ», որը համեմատաբար ուղեղի անյայտ կառուցւածք է, չնայած իր իւրայատուկ ուղեղային ցանցին եւ բջջային յատկութիւններին,- պարզաբանել է առաջատար հետազօտող, դոցենտ Ասամի Տանիմուրան:- Առաջին անգամ մենք վերլուծեցինք էնդոպիրիֆորմի շղթան, որը կապում է հիպոկամպը եւ ցոյց տւեցինք, թէ այս ուղին ինչ կարեւոր նշանակութիւն ունի յիշողութեան ճանաչման համար»:
Օգտագործելով մկների վրայ կատարւող փորձերը՝ գիտնականները կարողացել են դիտարկել, թէ ինչպէս է մկների վարքագիծը փոխւել, երբ նրանք «միացրել» եւ «անջատել են» բջիջների այս խմբի ակտիւութիւնը:
«Մենք նկատեցինք, որ մկների էնդոպիրիֆորմ բջիջները ակտիւ էին, երբ մկները շփւում էին նոր ցեղակիցների կամ առարկաների հետ, եւ երբ մենք ճնշեցինք բջիջների այս խումբը, դա նւազեցրեց նոր մկներին կամ առարկաները ծանօթներից տարբերելու մկների կարողութիւնը»,- ասել է գիտնականը:
Այս դիտարկման հիման վրայ գիտնականները եզրակացրել են, որ կլաուստրումի բջիջների այս յատուկ խումբը, ըստ երեւոյթին, առանցքային դեր է խաղում յիշողութեան վրայ հիմնւած ուշադրութեան ազդանշանները հիպոկամպին փոխանցելու գործում:
«Սա բոլորովին նոր գիտելիք է ուղեղի այս փոքր, բայց կարեւոր մասի մասին, եւ այն մեզ հազւագիւտ պատկերացում է տալիս յիշողութեան ճանաչմանը մասնակցող յատուկ շղթայի մասին»,- պարզաբանել է Ասամին: