Ճարպակալման նոր չափանիշներ. ինչպէս են փոխւել ցուցանիշներն ամբողջ աշխարհում

PLOS Global Public Health ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ առողջական լրացուցիչ գործօնները, ինչպիսիք են շաքարախտը, հիպերտոնիան կամ խոլեստերինի բարձր մակարդակը, հաշւի առնելու դէպքում, աշխարհի 56 երկրներում 142 250 մեծահասակների շրջանում ճարպակալման տարածւածութիւնը զգալիօրէն նւազել է՝ որոշ երկրներում աւելի քան 50%-ով։
Ի տարբերութիւն աւանդական մօտեցման, որը ճարպակալումը գնահատում է միայն մարմնի զանգւածի ինդեքսով (ՄԶԻ), նոր չափանիշները հաշւի են առնում ուղեկցող հիւանդութիւնների առկայութիւնը, ինչպիսիք են շաքարախտը, բարձր զարկերակային ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը։
Այս համալիր մօտեցումը թոյլ է տալիս աւելի ճշգրիտ որոշել, թէ որ հիւանդների մօտ է ճարպակալումն իսկապէս առողջութեան համար լուրջ վտանգ ներկայացնում եւ միջամտութիւն պահանջում։
Մասնաւորապէս, Մալաւիում նոր սահմանմամբ ճարպակալման տարածւածութեան ամենանշանակալի նւազումներից մէկն է գրանցւել. տղամարդկանց մօտ ցուցանիշը նւազել է 68%-ով, կանանց մօտ՝ 53%-ով։
Հետազօտութեան հեղինակները, այդ թւում՝ Էմորիի եւ Ջոնս Հոփքինսի համալսարանների գիտնականները, ընդգծում են, որ նոր չափանիշները կարող են ազդել կլինիկական ախտորոշման, առողջապահական ծախսերի եւ բնակչութեան՝ առողջական ռիսկերի վերաբերեալ իրազեկւածութեան վրայ։
Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ նոր չափանիշների օգտագործումը կարող է յանգեցնել ճարպակալման տարածւածութեան թերագնահատման, յատկապէս առողջապահական սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում։
News.am